Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերգեյ Բագրատյանը պետական գնումների գործընթացում էական վերանայումների կարիք է տեսնում

Սերգեյ Բագրատյանը պետական գնումների գործընթացում էական վերանայումների 
կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պետական գնումների համակարգում նախկինից մնացած էական խութեր է նկատում, կարծում է, որ էական վերանայումների կարիք կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բագրատյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Տնտեսական հարաբերությունների զարգացման կարևոր բաղկացուցիչը գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելն է: Արդյո՞ք եղած օրենսդրությունը բավարարում է այն պահանջներին, որ նոր Հայաստանը դրել է իր առջև՝ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքի համար: Վստահեցնում եմ, որ չի բավարարում: Միգուցե որոշ դրույթներ, որոնք նաև միջազգայնորեն ընդունված են,  բավարարում են, բայց բուն բովանդակությունը, գնումների փիլիսոփայությունը ընդհանրապես ապահովված չէ: Նախկին համակարգն իրեն համապատասխան գնումների գործընթաց է կազմակերպել»,-ասաց Բագրատյանը:

Պատգամավորի կարծիքով՝ նախկինում, երբ որոշվել է, որ գնումների շրջանակում ինչ-որ մեկը պետք է բերի բաժակը, այդ մեկին ասել են, որ գնա, օրինակ, Ռուսաստանում կամ Բելառուսում պայմանավորվի այդ բաժակ արտադրողի հետ: «Նա պայմանավորվում էր, և մրցույթի չափորոշիչների մեջ դնում էին, որ բաժակը պետք է ունենա, օրինակ, 10 սմ բարձրություն և այլն: Հետո ասում էին, որ հայտարարեն մրցույթ հենց այդպիսին: Նրանք շատ հեշտությամբ հաղթող էին ճանաչում այն կազմակերպությունը, որին նախատեսել էին»,-ասաց նա ու հավելեց՝ այդ ընթացակարգով մրցույթները մեր տնտեսությունը բերել են այս վիճակին՝ գերմոնոպոլիզացնելով ապրանքային շուկաները:

Նա նկատեց՝ օրենքում ևս խութեր կան: Պատգամավորը շեշտեց՝ պետք է կոտրեն այդ համակարգը: «Տեղական արտադրողի մասնակցության որևէ կարգի խրախուսում որևէ մրցույթում չեմ տեսել: Բայց կարելի է  այդպիսին մշակել: Տեղական արտադրողը ապրանքի իրացման խնդիր ունի: Մենք փոքր շուկա ունենք, եթե թույլ տանք ազատ մրցակցության պայմաններում տեղական արտադրողին չպաշտպանել, միանգամից կկորցնենք արտադրողին, որովհետև նրա համար մեկ խթանն այն է, որ իր արտադրանքը գնվի մրցույթի պայմաններում»,-ասաց Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ գնումների համակարգում մրցույթում ցածր գինը չի կարելի համարել կարևոր, և հաղթող ճանաչել ցածր գին դնողին: «Եթե մրցույթի արդյունքում մի ընկերություն դրել է 1 դոլար, մյուսը՝ 10 դոլար, միջին գինը 5-ն է, 5-ին մոտ առաջարկողը պետք է հաղթի»,-ասաց նա:

Պատգամավորը կարևորեց, որ խրախուսեն նաև ստարտափերի մասնակցությունը փոքր գնումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]