Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ապօրինի որոշում է. Արսեն Ջուլֆալակյանը`մարզիչների վճռի մասին  

Ապօրինի որոշում է. Արսեն Ջուլֆալակյանը`մարզիչների վճռի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային կարգի ուղեգրի հատկացման հետ կապված տարաձայնություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուքի» իր էջում ըմբիշը, մասնավորապես, գրել է. «Մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն...)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ, և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով:
Ստացվում է` ձևավորվել է մարզչական մի խումբ, որը, զուտ անձնական շահերով և մոտիվներով առաջնորդվելով (սրա մասին՝ ասուլիսին), ասում և անում է այն, ինչ ուզում է, և ոչ մեկը չի խառնվում այդ որոշումներին՝ չցանկանալով վատամարդ լինել ոչ մի կողմի համար։ Արդյունքում տուժում է արդարությունը և կոպտորեն ոտնահարվում մարզիկի իրավունքները։
Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը։ Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են, որ պետք չէ ստուգել, թե ով է ուժեղագույնը, այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով, կրկնում եմ՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները: Հարց է առաջանում. եթե անշահախնդիր են, օբյեկտիվ և վստահ, որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչո՞ւ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչո՞ւ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան, և հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։ Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի: Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է և անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն և այլն...), ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը։ Կարո՞ղ են ասել, ո՞ւր են շտապում՝ կիսատ թիմի կազմ հայտնելով։ Ինչի՞ց են վախենում։ Հարցերն իրականում այսքանը չեն...
Կրկնում եմ, սա կոպտագույն խախտում է և ուղղակի այլանդակ պահվածքի դրսևորում նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ։ Եվ կասկած անգամ չունեմ, որ սա հատուկ արվում է իմ դեմ, քանի որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել տարբեր բնագավառներում ունեցածս հաջողությունների հետ։ Երբ էլ ուրիշ ճար չունեն հաղթարշավդ կանգնեցնելու, դիմում են հնարավոր բոլոր անարդար մեթոդներին։ Այսինքն, ում ասես պատրաստ են տանել Օլիմպիական խաղեր, միայն թե ես չլինեմ։ Ամոթ է։ Գոնե սպորտում ամեն ինչ հստակ է. ուժեղ է նա, ով հաղթում է։ Բայց հաղթելու համար պետք է մրցելու հնարավորություն տրվի։

Հույս ունեմ, որ գոնե մամուլը չի լռի, ինչպես նաև հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար, և ով հաղթի, նա էլ իրավունք կվաստակի ներկայացնել մեր երկիրը Տոկիո-2020-ին»:

Նախօրեին հավաքականի թիմի մարզիչները «Արմենպրես»-ի մամուլի սրահում անդրադարձել էին այս հարցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]