Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեզուն պահպանելն ազգային արժանապատվության հարց է. փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

Լեզուն պահպանելն ազգային արժանապատվության հարց է. փետրվարի 21-ը Մայրենի 
լեզվի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը»,-գրել է Վահան Տերյանը:

Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները`1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման:

Լեզվի կարևորության և պահպանության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ:

«Երբ որևէ ազգ կորցնում է իր լեզուն, հետագայում վերանում է պատմության թատերաբեմից: Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնության մայրենի լեզուն հայերենն է, ուստի Հայաստանում Մայրենի լեզվի միջազգային օրը նշում ենք որպես Հայոց լեզվի՝ ՀՀ պետական լեզվի օր, ինչպես նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների իրավունքների պահպանության օր: Մեր երկրում ապրում են եզդիներ, ռուսներ, հույներ, ասորիներ և այլ ազգեր, որոնց լեզուները ևս պահպանության կարիք ունեն»,-շեշտեց Գյուրջինյանը:

Նրա խոսքով՝ ժամանակակից հայերենը երկու դրական դրսևորում ունի՝ արևելահայերեն և արևմտահայերեն, և մեր պատմության դաժան ընթացքի հետևանքն է, որ արևմտահայերեն խոսողները զրկվեցին իրենց բնօրրանում ապրելու իրավունքից. մեծ մասը բնաջնջվեց, մի մասն էլ սփռվեց աշխարհով մեկ: «Արևմտահայերենն այսօր վտանգված լեզու է համարվում: Եթե անգամ չընդունենք դա, լավ գիտենք, որ շատ համայնքներում արևմտահայերենը երկրորդ լեզու է և գործածության նեղ շրջանակ ունի»,-նշեց կոմիտեի նախագահը:

Ըստ Գյուրջինյանի՝ արևելահայերենի վիճակն անհամեմատ ավելի լավ է, քանի որ այն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական լեզուն է և վայելում է պետական հոգածություն: Այն պարտադիր է հանրային կյանքի բոլոր ոլորտներում:  «Արևելահայերենի խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում և նախկին խորհրդային հանրապետություններում կա արևելահայերեն խոսողների մեծ թիվ, որը հայերեն կրթություն չի ստանում, և մի քանի սերունդ հետո լուրջ խնդիր ենք ունենալու հայերենը պահպանելու առումով:

Մեր լեզվի ամենաապահով վիճակը հայրենի հողի վրա է՝՝ ՀՀ-ում, Արցախում: Բարեբախտաբար, այդպիսի կղզյակ կա Ջավախքում, որտեղ միատարր հայ բնակչություն է, թեպետ այդտեղ էլ են լինում խնդիրներ»,-հավաստիացրեց Գյուրջինյանը:

Նրա համոզմամբ՝ լեզուն պահպանելը միայն պետության խնդիրը չէ, դա նաև ժողովրդի, հանրության խնդիրն է: Եթե ամեն մեկը որոշի սոցիալական կայքերում գրություն թողնել հայերեն, պետք է հասկանա, որ հայերեն խոսքը անհրաժեշտ է գրել մեսրոպյան տառերով: «Ազգային խայտառակություն է, երբ հայերեն գրությունները լատինատառ կամ ռուսատառ ենք գրում: Պետությունը չի կարող գնալ յուրաքանչյուրի տուն, բռնել մարդու ձեռքն ու ասել, որ այդպես չի կարելի: Լեզուն պահպանելն ազգային արժանապատվության և կրթվածության հարց է: Եթե մարդը հեռուստատեսությամբ, ամբիոնից խոսում է հանրության հետ, պետք է ընտրի գրական հայերենը որպես հաղորդակցության միջոց: Պետությունը հռչակում է հայերենը որպես պետական լեզու, բայց յուրաքանչյուրս անելիք ունի այդ ոլորտում: Ամեն մեկն իր տեղում պետք է պաշտպան կանգնի հայոց լեզվին, այլապես մենք չենք կարողանա ապահովել հայերենի լիարժեք գործածությունն ամենուրեք»,-եզրափակեց Դավիթ Գյուրջինյանը:

Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952 թվականին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:

 Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսայգում կանգնեցվել է «Պահպանի՛ր մայր լեզուդ» հուշարձանը

Հայոց այբուբենին նվիրված հուշարձաններ կան ՀՀ Արագածոտնի մարզում՝ Բյուրականի ճանապարհին և Օշական գյուղում։

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]