Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հունիս

Բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ. Խոսրով Խլղաթյանը հրատարակել է «Հոգու Հայրենիքը» գիրքը

Բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ. Խոսրով Խլղաթյանը հրատարակել է 
«Հոգու Հայրենիքը» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը ընթերցողների դատին է հանձնել  «Հոգու հայրենիքը» գիրքը, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների բանաստեղծությունները, պոեմները և պատմվածքները` նվիրված հայրենի եզերքի բնաշխարհին ու մարդուն, կյանքի երկու գլխավոր տարերքներին` օդին և ջրին, Հայոց ազատամարտին, գյուղական կյանքին, հայրենիքին և պատմաքաղաքական իրադարձություններին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Խլղաթյանը պատմեց, որ ստեղծագործում է 17 տարեկանից: Նա հիշում է` ինչպես է վաղ տարիքում մեծ հետաքրքրությամբ լսել մեծահասակների զրույցները և արագ յուրացրել դրանք: «Դեռ դպրոց չէի գնում, բայց ինձ կատակով և ծիծաղով բանաստեղծ էին անվանում, քանի որ կարողանում էի վերարտադրել լսածս գրեթե նույնությամբ: Դպրոցական տարիներին սիրով էի ընթերցում գրականություն, պատմություն»,-ասաց Խլղաթյանը:

Նրա խոսքով` «Հոգու հայրենիքը» գրքում ամփոփված են այն գործերը, որոնք գրել է 1981 թվականից մինչ օրս: Դրանք տպագրվել են հանրապետական և տեղական մամուլում: «Կարծեցի`արդեն ժամանակն է ստեղծագործական ժառանգությունը ներկայացնել գրքով, քանի որ տեսնում եմ, որ դրանք ինչ-որ արժեք ունեն. հայրենասիրական մոտիվներով են, սիրո մասին են, խոհափիլիսոփայական և քնարական ստեղծագործություններ են»,-նշեց հեղինակը:

Ըստ Խլղաթյանի` գիրքը կարող է հետաքրքրել տարբեր սերունդների ընթերցողների: «Ինչպես ասացի, իմ գործերը պարբերական մամուլի միջոցով հասել են մարդկանց:  Դրանք ներկայացնում եմ նաև համացանցում, և տեսնում եմ, որ արձագանքները դրական են: Ինձ թվում է, որ գիրքը շատերին դուր կգա: Երբ այն լույս տեսավ, տարբեր դպրոցներից շնորհանդես կազմակերպելու հրավերներ ստացա: Իմ նպատակը գիրքը սերունդներին փոխանցելն է, հուսամ` կարժևորեն այն»,-ընդգծեց նա:

«Հոգու հայրենիքը» բաղկացած է մի քանի բաժնից: «Կյանքիս երգը»  և «Երգ երգոց» բաժիններում ամբողջացվել են հայրենասիրական ու սիրային բանաստեղծությունները, գյուղական կյանքին նվիրված շարքերը: «Մենք ասես աստիճանաբար հեռանում ենք գյուղական կյանքից: Գրել եմ մեր տատերի ու պապերի մասին, գյուղական աշխատանքների, զրույցների, ընտանեկան հավաքների մասին»,-ներկայացրեց Խլղաթյանը:

«Ջրի երգը» բաժնում հեղինակը զետեղել է «Հավերժը», «Պարը», «Ծովը», «Ձյունը», «Անձրևը», «Աղբյուրը», «Եղյամը», «Գոլորշին», «Ամպը» և այլ ստեղծագործություններ:

«Օդի երգը» բաժնում` «Օդի պատգամը», «Հավատափոխ աշունը», «Սելիմի բուքը», «Օդի կիրքը»… Հետաքրքիր են նաև «Պոեմներ», «Պատմվածքներ», «Հայրենասիրական ակնարկ» բաժինները:

Խոսրով Խլղաթյանը հեռանկարում նոր ժողովածուներ է հրապարակելու: «Ֆիդայական շարժման արձագանքները» բաղկացած կլինի մի քանի գրքից:  Նախատեսում եմ հրատարակել նաև  տարբեր տարիներին գրած զվարճապատումներս, հոդվածներս, ակնարկներս: Շեշտեմ` չեմ դադարում ստեղծագործել»,- եզրափակեց Խլղաթյանը:

Խոսրով Խլղաթյանը ծնվել է 1964 թվականի հունվարի մեկին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Սովորել և ավարտել է Մարտունու թիվ մեկ միջնակարգ դպրոցը, Երևանի թիվ մեկ պրոֆտեխուսումնարանը, Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հայոց լեզու և գրականություն է դասավանդել դպրոցներում, համատեղության կարգով աշխատել է Մարտունու շրջանային թերթում: Ղեկավարել է Մարտունու շրջխորհրդի  գործկոմի ընդհանուր բաժինը, զբաղեցրել Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնը, եղել Գեղարքունիքի  մարզպետի օգնական: 2008 թվականից մինչ օրս խմբագրում է «Գեղամա աշխարհ» մարզային թերթը: 2015-ից մինչ օրս պայմանագրային կարգով աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության բաժնում, համատեղությամբ`«Արմենպրես»-ում:

Տարբեր տարիների համագործակցել է Հանրային հեռուստաընկերության, «Հայաստանի Հանրապետություն» թերթի հետ: Հրատարակել է ճանաչողական գրքույկներ, պատմվածքներ, քննադատական կամ հրապարակախոսական հոդվածներ, լուրեր:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ