Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ինչպես են Ադրբեջանում «հայթայթում» «միջազգային դիտորդների». արձագանքում են գերմանացի դիտորդները

Ինչպես են Ադրբեջանում «հայթայթում» «միջազգային դիտորդների». արձագանքում են 
գերմանացի դիտորդները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020թ. փետրվարի 9-ին Ադրբեջանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչպես սպասելի էր, ընտրություններում հաղթեց նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ բազմաթիվ ընտրակեղծիքների ու խախտումների շնորհիվ ստանալով ձայների մեծամասնությունը (72 մանդատ): Այս փաստն արձանագրեցին ընդդիմադիր լրատվամիջոցներն ու գործիչները, ինչպես նաև միջազգային դիտորդները:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԽԽՎ-ն և ԵԱՀԿ ԽՎ-ն մամուլի ասուլիսի ժամանակ ու ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացության մեջ արձանագրեցին, որ ընտրությունները չեն համապատասխանում եվրոպական ժողովրդավարական չափորոշիչներին և անցկացվել են ընտրախախտումներով:

Նշվածին զուգահեռ՝ ադրբեջանական իշխանամետ ու պետական լրատվամիջոցները «չնկատեցին» ընտրակեղծիքների փաստն արձանագրող բազմաթիվ հայտարարությունները ու տեսանյութերը՝ դրա փոխարեն հրապարակելով միայն «միջազգային դիտորդների» իշխանահաճո կարծիքներ ու մեկնաբանություններ:

Իշխանահաճո մեկնաբանություններով հանդես եկած «միջազգային դիտորդների» շարքում էին գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AFD) կուսակցության, Բավարիայի Լանդթագի անդամներ Ուլի Հենքելն (Uli Henkel) ու Ուլրիխ Զինգերը (Ulrich Singer): Ադրբեջանական լրատվամիջոցներ հրապարակեցին նշված գործիչների՝ ընտրությունների «իդեալական, թափանցիկ ու ժողովրդավար» լինելու վերաբերյալ արձագանքները՝ շեշտադրելով նրանց գերմանացի պատգամավոր լինելու հանգամանքը՝ դրանով իսկ փորձելով առավել ծանրակշիռ դարձնել նրանց խոսքը:

Ուշագրավ է, որ վերոնշյալ անձինք պաշտոնապես դիտորդական առաքելություն իրականացնելու համար որպես ԵԱՀԿ կամ ԵԽԽՎ դիտորդ հավատարմագրված չեն եղել: Ու. Հենքելը գերմանական Bayerischer Rundfunk (BR) ազգային հեռուստառադիոընկերությանն ասել է, որ իր գործընկեր Ուլրիխ Զինգերի հետ միասին դիտորդական առաքելություն են իրականացրել Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով և ֆինանսավորմամբ՝ իբրև անհատներ: Նրանք չեն ներկայացրել AfD կուսակցությունը կամ խմբակցությունը:

Ընտրությունների վերաբերյալ «անհատ դիտորդների» դրական մեկնաբանություններն առաջացրել են ԵԱՀԿ ԽՎ գերմանական պատվիրակության կազմում AfD կուսակցությունից ներկայացված Բունդեսթագի պատգամավորներ Պաուլ Վիկտոր Պոդոլայի (Paul Viktor Podola) ու Քրիստոֆ Նոյմանի (Christoph Neumann), ինչպես նաև  AfD այլ անդամների քննադատություններն ու դժգոհությունները:

Փետրվարի 11-ին Վ. Պոդոլայը հայտարարել է, որ «Ադրբեջանում օլիգարխիան, կոռուպցիան ու ընդդիմության նկատմամբ ճնշումները շարունակում են մնալ գերիշխող»: «Այս ամենը կիրակի օրը մենք մեր սեփական աչքերով տեսանք»,- ասել է նա:

Վ. Պոդոլայը նշել է դիտորդական առաքելություն իրականացնելիս իր արձանագրած մի շարք ընտրախախտումների մասին: Նրա խոսքերով՝ ամենաշատ ընտրակեղծիքներն արձանագրել են Բաքվի ընտրատեղամասում, որի փակվելուց հետո ոչ ոք ձայները չէր հաշվում: Ընտրական հանձնաժողովի ղեկավարը դա պարզաբանել է «ինքը կարող է հաշվել, երբ ցանկանա» հիմնավորմամբ: Վ. Պոդոլայի խոսքերով՝ «այս անգործության մասին իրենք հաղորդել են ԵԱՀԿ-ին»:

«Ընտրությունները ֆարս էին. դրանց նմանը ես երբեք չէի տեսել տարբեր երկրներում շուրջ երկու տարի դիտորդական առաքելություն իրականացնելիս: Ինչպես և սպասվում էր, նախագահ Ալիևի կուսակցության թեկնածուները ընտրությունների արդյունքում հաղթեցին: Ընտրություններն Ադրբեջանում ոչ մի դեպքում ճիշտ, թափանցիկ ու արդար չէին»,- հայտարարել է Վ. Պոդոլայը:

Ու. Հենքելի հայտարարությունների վերաբերյալ դժգոհություն է արտահայտել նաև  Բավարիայի Լանդթագի AfD խմբակցության ղեկավար Կատրին Էբներ-Շթայները (Katrin Ebner-Steiner): Նրա խոսքերով՝ «իբրև թե ազատ ընտրությունների վերաբերյալ հայտարարություններն անակնկալ էին խմբակցության համար» և «համաձայնեցված չէին խմբակցության հետ»:

Հատկանշական է, որ Ու. Հենքելը, պարզաբանելով գործընկերների քննադատությունները, BR-ին ասել է, որ «յուրաքանչյուր դիտարկում միայն մասնակի է» և ինչքը չի բացառում մանիպուլյացիաներ լինելու հանգամանքը, որոնք չի կարողացել նկատել»:

AfD «անհատ դիտորդների» գործողությունները «ողորմելի, ցավալի ու վտանգավոր» է համարել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD) պատգամավոր, նույնպես Բաքվում դիտորդական առաքելություն իրականացրած Ֆրանկ Շվաբեն (Frank Schwabe):

Գերմանական Tagesschau  հեղինակավոր լրատվամիջոցը, ինչպես նաև վերոնշյալ BR-ն,  Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների ու դրանց վերաբերյալ միջազգային դիտորդների արձանագրություններին զուգահեռ՝ գերմանացի «անհատ դիտորդների» դրական մեկնաբանությունների վերաբերյալ ընդգծում են, որ Ադրբեջանը տխրահռչակ է իր լոբբիստական աշխատանքով՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում քաղաքական գործիչների համար թանկարժեք նվերներ կամ ճանապարհորդություններ ապահովելով: Որպես օրինակ հիշատակվում են Բունդեսթագի պատգամավոր, իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) անդամ Կարին Շթրենցն ու Քրիստոնեա-սոցիալական  միությունից (CSU) նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները:

Նշված հայտարարությունները ի ցույց են դնում, որ Ադրբեջանի իշխանությունը նախապես փորձել է ապահովել նաև միջազգային դիտորդների դրական արձագանքը՝ հրավիրելով տարբեր երկրներից ներկայացուցիչների: Ու. Հենքելի և Ու. Զինգերի օրինակով երևում է, որ ընտրությունների վերաբերյալ դրական արձագանքած միջազգային դիտորդների թվում եղել են որպես «անհատ դիտորդներ» ներկայացած անձինք՝ հավատարմագրված չլինելով միջազգային կառույցների կողմից:

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներում ընտրությունների վերաբերյալ դրական ու իշխանահաճո մեկնաբանություններով հանդես եկած դիտորդների թվում էին նաև վաղուց ադրբեջանամետ դիրքորոշումներով հայտնի, ինչպես նաև այլ երկրներում Ադրբեջանի ֆինանսավորմամբ աշխատող անձինք (օրինակ, բաքվեցի հրեա, Իսրայելում Բաքվի «բազմամշակութայնության միջազգային կենտրոնի» ղեկավար Արյե Գուտը և այլոք):

 

Գոհար Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]