1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Արմենպրես»-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս, թե ինչ գրքեր ընթերցել

«Արմենպրես»-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս, թե ինչ գրքեր ընթերցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության աշխատակիցները ներկայացնում են այն հեղինակներին և գրքերը, որոնք իրենց  տպավորել են:

«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն օրերս է  ընթերցել ժամանակակից գրող Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» ստեղծագործությունը: «Այն շատ հետաքրքիր է: Վահրամին հաջողվել է ստեղծել ժամանակի յուրատեսակ մեքենա: Ըստ իս` անպայման արժե կարդալ այդ վեպը»,-նշում է Անանյանը:

Գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը վերջերս է ընթերցել Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: Նազարյանն առաջարկում է կարդալ այդ գիրքը, որից մի հատված խիստ համահունչ է օրվա խորհրդին. «Ես արագ դարձա կինոյի և ընթերցանության մոլի սիրահար, քանի որ շատ երիտասարդ հասակում արդեն սկսել էի գրել և հասկացել էի, որ երգերս հանգավորելու համար պետք է հարստացնեմ բառապաշարս։ Այդ ժամանակներից սովորություն ունեմ գնել այնպիսի գրքեր, որոնք կարող են լցնել աղքատիկ ուղեղս։ Այսուհանդերձ, իմ գրապահարանում որոշ գրքեր պատահականորեն էին հայտնվել։ Ինչպե՞ս էին այդ գործերն իմ ձեռքն ընկել։ Մինչև հիմա մութ է ինձ համար։ Մի բան հստակ է. չեմ հիշում, որ դրանք գնած լինեմ։ Եվ ահա իմ գրադարանում հանկարծ հանդիպում եմ գրողների, որոնց մինչև այդ չգիտեի, և որոնց բացահայտելը հաճելի անակնկալ է։ Նրանց գրական վաստակը գնահատելուց հետո եմ միայն փորձում պարզել, թե ում հետ գործ ունեմ. ի՞նչ կյանք են ապրել, ի՞նչ են ասում նրանց մասին։ Մենք անընդհատ լսում ենք գրքերի մասին պատմող ռադիոհաղորդումներ, հեռուստացույց ենք միացնում, կարդում թերթերի գրական էջերը, լսում բերնեբերան անցած խոսքը, ընկերներին, գրավաճառներին ու կարծում ենք, թե ամեն ինչ գիտենք գրողների մասին։ Ամենևին ոչ։ Քանի դեռ չենք կարդացել նրանց գրքերը»:

Խմբագիր Արման Գասպարյանն առաջարկում է ընթերցել Ռոջեր Ժելյազնիի «Լույսի տիրակալը» ստեղծագործությունը: Շանթ Խլղաթյանն էլ`Ջորջ Օրուելի «1984»-ը:

«Ինչպես ասում են Ժան-Կլոդ Կարիերը և Ումբերտո Էկոն. «Գիրքը ելման և ավարտի կետն է, աշխարհի և նույնիսկ դրա վերջի տեսիլը...»: Կարդում եմ ամեն ինչ, սիրում եմ դասական գրականությունից անցնել կենսագրականների և փաստավավերագրական գրքերի: Այժմ հրատարակչությունները մեզ հնարավորություն են տալիս մայրենիով կարդալ համաշխարհային բեսթսելերները: Վերջին շրջանի իմ կարդացած գրքերից խորհուրդ կտայի հայերենով ընթերցել Թոմ Հենքսի «Այն, ինչ զգում է իմ սիրտը», Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը», Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան» և Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը», «Եվ արձագանքեցին լեռները» ստեղծագործությունները»,-նշում է սպորտային լրագրող Վարվառա Հայրապետյանը:

Գործակալության մամուլի սրահի և հատուկ նախագծերի մասով պատասխանատու  Աննա Գզիրյանը նույնպես խորհուրդ է տալիս գրադարանում ունենալ Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը», «Եվ արձագանքեցին լեռները» ստեղծագործությունները: «Երկու գործերն էլ պետք է միանշանակ կարդալ: Շատ տպավորված եմ: Ընթերցելիս կա պահ, որ զայրանում ես, կա պահ՝ հուզմունքը խեղդում է: Եղել են պահեր, որ նույնիսկ դադար եմ տվել, փոքր-ինչ մտքերս հավաքելու, հետո շարունակելու համար: Գրքերը շատ մտածելու տեղիք են տալիս: Եվ կարող եմ ասել, որ այս երկու գրքերը, կարծես՝ ինձ համար կլանված ընթերցանության բարձր նշաձող լինեն: Դրանցից հետո դժվար է հաջորդ գրքին անցնելը»,-շեշտում է Գզիրյանը:

Իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Կարեն Խաչատրյանը չի նշում որևէ գրողի անուն: Նա խրախուսում է ընթերցանությունը և նշում, որ գրքի շնորհիվ  հարստացնում ես բառապաշարդ և ընդլայնում աշխարհայացքդ, փոխում ես  մոտեցումներդ, ձեռք ես բերում փորձ ու իրերին այլ տեսանկյունից ես սկսում նայել: «Ժամանակակից աշխարհում հասանելի են գրեթե բոլոր գրքերը: Ես ընթերցողին խորհուրդ կտամ, հաշվի առնելով իր հետաքրքրությունները և նախասիրությունները, փնտրել և գտնել իր համար նախընտրելի գիրքը: Այդպիսի հարթակներից են goodreads.com-ը և litres.ru-ն: Հաճախակի գնացեք գրախանութներ ու հետաքրքրվեք ոլորտի անցուդարձով: Վստահ եմ` հետագայում դուք կլինեք ուրիշներին խորհուրդ տվողը: Ամենակարևորը կարդացեք գրքերը ոչ թե «գալոչկա» դնելու համար, այլ կարդացեք և վերլուծեք, մտորեք, քննադատաբար վերաբերվեք յուրաքանչյուր գրողի մտքերին, դրա արդյունքում կբացահայտեք ճշմարտությունը»,-հավաստիացնում է Խաչատրյանը:

Մշակութային ոլորտը լուսաբանող լրագրող Անժելա Համբարձումյանը կարծում է, որ գիրքը կարող է մարդու լավագույն ընկերը դառնալ: «Գրքի  հերոսների հետ ապրում ես, սիրում նրանց, երջանկանում, երբ նրանք հասնում են իրենց նպատակներին, հուզվում, երբ անհաջողությունների են մատնվում: Վերջերս կարդացի Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» ստեղծագործությունը, որն անմիջապես գրավեց իրադարձությունների արագ զարգացմամբ, թարգմանչական արվեստի գաղտնիքների, հմտությունների նկարագրություններով և կերպարների բազմազանությամբ: Սիրեցի Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը»  գիրքը, որում հեղինակը երեխայի աչքերով լուրջ խնդիրներ է բարձրացնում, սովորեցնում է արդարամիտ լինել, սիրել  և հարգել մարդուն: Այս գրքերը կարող են արժանանալ անգամ քմահաճ ընթերցողի ուշադրությանը»,-նշում է Համբարձումյանը:

«Բարդ է առանձնացնել երեք գիրք, բայց կփորձեմ հիշատակել այն գործերը, որոնք մեծ ազդեցություն են թողել ինձ վրա: Կառաջարկեմ կարդալ Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում` անդունդի եզրին» գիրքը, որը պատանի Հոլդեն Քոլֆիլդի կյանքի պատմությունն է, որը  հեռացվել է նախապատրաստական ակադեմիայից ու փորձում է անկախ և ազատ կյանք վարել: Երկրորդը` անգլուհի Նելլ Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպն է: Այն շատ հետաքրքիր մի ստեղծագործություն է, որի հայերեն գեղեցիկ թարգմանությունն արդեն առկա է գրախանութներում: Ընթերցասերներին առաջարկում եմ կարդալ նաև ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանի «Միրի» վեպը: Այն ուսանողների սիրո պատմություն է, որտեղ 3 ընկերները գրքի երեք գլուխներում իրենց հետ կատարված նույն պատմությունը ներկայացնում են յուրաքանչյուրն իր տեսածի ու զգացածի հիման վրա»,- ասում է քաղաքական ոլորտը լուսաբանող լրագրող Նորայր Շողիկյանը:

Գործակալության հեղինակային «Երևանյան բեսթսելեր» նախագիծը ներկայացնող թղթակից  Ռոզա Գրիգորյանն ընթերցողներին խորհուրդ է տալիս կարդալ Ֆիլ Նայթի «Կոշկավաճառ»-ը: «Այս գիրքը մեծ ազդեցություն է թողել ամերիկացի ամենահարուստ երկու մարդկանց՝ Ուորեն Բաֆետի և Բիլ Գեյթսի վրա: Նրանց երկուսի ամենասիրելի գիրքն է: 2016 թվականին աշխարհում ամենաշատն է վաճառվել և Նյու Յորք Թայմսի բեսթսելեր է: Ինչո՞ւ պետք է կարդալ այն: Սա պարզապես սովորական ինքնակենսագրություն չէ, ոգեշնչող պատմություն է մի մարդու մասին, որը չունենալով գումար և հորից պարտքով վերցնելով 50 դոլար՝ ստեղծում է «Նայք» կայսրությունը, որն այսօր 30 միլիարդ դոլար շրջանառություն ունի: Ֆիլ Նայթի ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Տեղ-տեղ հուզվում ես, տեղ-տեղ՝ ուրախություն զգում, իսկ ամբողջ պատումը լի է ոգեշնչող ու ինքնատիպ մտքերով: Խորհուրդ եմ տալիս անպայման ընթերցել այն»,-պատմում է Գրիգորյանը:

Քաղաքական և տնտեսական ոլորտները լուսաբանող լրագրող Աննա Գրիգորյանի խոսքով` ընթերցողին չճանաչելով խորհուրդ տալը բավականին դժվար  է: « «Եվ ծագում է արևը» կամ «Ֆիեստա». Հեմինգուեյի երկու անունով հայտնի այս վեպն իմ սիրելիներից է: Վեպը ներկայացնում է հետպատերազմյան հասարակությունը կամ այլ կերպ ասած կորուսյալ սերնդին, փակագծերը չեմ բացում: Իսկ հզոր կանանց մասին խորհրդավոր պատմություններ սիրողներին խորհուրդ եմ տալիս ընթերցել Կոելիոյի «Լրտեսը» »,-շեշտում է նա:

Գործակալության վիդեոբաժնի ղեկավար Վահագն Գալստյանն էլ խորհուրդ է տալիս անպայման ընթերցել Վիլյամ Սարոյանի «Հայրիկ դու խենթ ես» հանրահայտ ստեղծագործությունը:

Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ 

Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: 

Գիրք նվիրելու օրվա շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

 ԱնԺելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]