Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի 
գողանում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները և արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ: Հիմնական նպատակն է՝ ձևավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը: Նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականության բարելավման, հարկային վարչարարության պարզեցման և հարկերի վճարման մշակույթի ամրապնդման ուղղությամբ անելիքներին:

Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով թեմայի կարևորությունը, նշել է. «Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով: Այդ համարձակ որոշումների տրամաբանությունն ու նպատակը հետևյալն է, որ պետական եկամուտները պետք է ավելանան՝ այնպես և այն տրամաբանությամբ, որ տնտեսությանը զարգանալու հնարավորություն տան, որպեսզի հետագայում ավելի շատ ավելանան: Եվ մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ է պետք անել՝ այս ասելիքը ՀՀ քաղաքացիներին ճշգրիտ տեղ հասցնելու համար: Առաջին հերթին անկյունաքարը հակակոռուպցիոն պայքարն է, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը չի գողանում իրենից և ընդհանրապես որևէ տեղից չի գողանում, և ոչ միայն կառավարությունը, այլև ընդհանրապես ողջ պետական համակարգը՝ վերևից ներքև: Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում, և եթե գողանալու դեպքեր կան, այդ մարդիկ կհայտնաբերվեն և կպատժվեն:

Երկրորդը պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումն է, այսինքն՝ մենք պետք է ամեն տարի համոզենք մեր քաղաքացիներին, որ իրենց վճարած գումարները ծախսում ենք նպատակային, արդյունավետ և ճիշտ՝ ներառյալ, թե ինչպես են վճարվում պետական կառավարման համակարգի աշխատողները՝ սկսած պարգևատրումներից, վերջացրած սոցիալական այլ երաշխիքներով: Կարծում եմ՝ այսօր դրա համար անհրաժեշտ բոլոր քաղաքական պայմաններն ստեղծվել են 2019 թ. արդյունքներով, որ մենք պետք է ապահովենք նաև պետական կառավարման համակարգի աշխատողների բարձր վարձատրությունը՝ միևնույն ժամանակ երաշխավորելով նրանց բարձր որակավորումը»:

Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են հարկերն անխուսափելիորեն վճարելու մշակույթի ամրապնդմանն ու տարածմանը, ըստ ոլորտների հարկային արտոնությունների տրամադրմանը, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը, հարկերի հավաքմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայացված հայեցակարգը պետք է դառնա հարկային բարեփոխումների ռազմավարության հենքը, և այն քննարկելիս, լրամշակելիս պետք է խնդիրները դիտարկել երկարաժամկետ լուծումների, ինչպես նաև մյուս հայեցակարգային փաստաթղթերի հետ փոխգործելիության ապահովման կտրվածքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am