1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր մշակույթ գյուղացիական տնտեսությունների համար.ապահովագրության պայմանագիր է կնքել 200 տնտեսավարող

Նոր մշակույթ գյուղացիական տնտեսությունների համար.ապահովագրության 
պայմանագիր է կնքել 200 տնտեսավարող

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը փորձում է նոր մշակույթ արմատավորել գյուղացիական տնտեսությունների շրջանում. կառավարության աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության ծրագրով պայմանագիր է կնքել արդեն 200 տնտեսավարող: Ոմանք դեռ տատանվում են՝ դիմել, թե ոչ, սակայն պետությունը ակտիվ իրազեկման աշխատանքներ է տանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի մասին խոսեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

«Ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարության կողմից տեղի է ունենում սուբսիդավորում՝ շուրջ 50 տոկոսի շրջանակում։ Գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրվելու դեպքում պետությունը սուբսիդավորում է 60 տոկոսը, կարկտի և հրդեհի ռիսկերից ապահովագրվելու դեպքում՝ 10 տոկոսը, իսկ երկու ռիսկերից ապահովագրվելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10 տոկոս զեղչ: Այսինքն՝ կառավարությունը մի մասը սուբսիդավորում է, որ գյուղացիական տնտեսությունները կարողանան առավել էժան գնով ձեռք բերել ապահովագրություն»,-ասաց Իռա Փանոսյանը:

Նա նկատեց՝ նախկինում, երբ տարերային աղետների հետևանքով գյուղացիները վնասներ էին գրում, բողոքում էին, և պետությունը փոքր գումարի չափով փոխհատուցում էր տրամադրում գյուղացիական տնտեսություններին: Սակայն դա հնարավորություն չէր տալիս, որ տնտեսավարողը հաջորդ տարի սկսեր իր գյուղատնտեսական գործունեությունը: Այս ծրագիրը կլուծի այդ հարցը: Փանոսյանը տեղեկացրեց, որ բոլոր մարզերում իրականացնում են պետական աջակցության ծրագրերի իրազեկման արշավ: «Գյուղացիական տնտեսությունների կողմից բավականին մեծ է գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը: Այդ ծրագիրն առաջին անգամ ենք իրականացնում, պետք է կարողանանք գյուղացիների մոտ վստահության մակարդակը բարձրացնել: Սա նոր մշակույթ է, այն պետք է արմատավորվի մեր գյուղացիական տնտեսությունների մոտ: Քանի որ առաջին տարին է, նրանք փորձում են հասկանալ, թե արդյոք այդ պրոդուկտն այն է, ինչ իրենց ներկայացվում է: Ամենամեծ գովազդը կլինի այն, երբ մենք տանք առաջին փոխհատուցումը»,- ասաց նա:

Ծրագիրը կյանքի է կոչվել հայ-գերմանական աջակցության շրջանակում: 5 մլն եվրո տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից, 5 մլն եվրո՝ գերմանական KFW բանկի կողմից՝ գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի սուբսիդավորման համար: Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանն անկեղծացավ՝ նույնիսկ իր ծանոթները զանգում ու իրեն հարցնում են՝ ապահովագրե՞ն, թե ոչ: Նա նկատեց՝ մարդիկ հասկանում են, որ ծրագիրը լավն է, սակայն պայմանագիր կնքել չեն շտապում:

Ծրագրի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 30-ին. «Կարկուտ և հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվում են երկու մշակաբույս՝ ծիրանը և խաղողը:  Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ՝ Արարատը, Արմավիրը, Արագածոտնը, Կոտայքը, Վայոց ձորը, Տավուշը, գարնանային ցրտահարման դեպքում՝ երկու մարզ՝ Արարատը, Արմավիրը: 2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանացան գարի/ցորենը: Նոր երեք մշակաբույսերը «կարկուտ և հրդեհ» ռիսկի համար հասանելի են ՀՀ բոլոր մարզերում: Հրդեհ ռիսկը հաշվարկվել է անվճար, այսինքն՝ բացառությամբ հացահատիկի, կարկուտի ռիսկը գնելու դեպքում հավելյալ արժեք չի ստեղծի սակագնի վրա: Գարնանային ցրտահարության ռիսկի ապահովագրության պայմանագրի կնքման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 25-ը:

«Փետրվարի 14-ի դրությամբ արդեն վաճառվել են ավելի քան 200 ապահովագրական պայմանագրեր: Մեծամասնությունը Արարատի և Արմավիրի մարզերում են: Ցրտահարությունն այս փուլում հասանելի է հենց այդ մարզերում, այդ ռիսկից ապահովագրության վերջնաժամկետը փետրվարի 21-ն է, մարդիկ թողել են վերջնաժամկետին: Այն, որ շարժ կա, շատ լավ է, բայց մենք ակնկալում ենք, որ ապահովագրական պայմանագրերը լինելու են ավելի շատ»,-ասաց Հովակիմյանն ու հորդորեց վերջին պահին չթողնել պայմանագրի կնքումը:

Ռիսկային գոտիականությունից կախված՝ ծիրանի համար մեկ հեկտարի կտրվածքով սուբսիդավորման մասը հանած տնտեսավարողը պետք է վճարի միջինը 45-65 հազար դրամ: Երկրորդ ռիսկային գոտում 1 հեկտարի ապահովագրության համար տնտեսավարողը կարող է վճարել օրինակ 8200 դրամ: Կապանը գտնվում է 4-րդ ռիսկային գոտում: Եթե այդտեղ խնձորի համար ապահովագրական ծածկույթ ընտրվի 2 մլն դրամը, ապա տնտեսավարողի համար ապահովագրական գումարը կկազմի 158 հազար դրամ, որի 50 տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը: Ստացվում է, որ 1 հա-ի համար 47 հազար դրամ վճարող տնտեսավարողը ցրտահարության արդյունքում այգու 80 տոկոս վնասի համար կստանա 1 մլն 400 հազար դրամ փոխհատուցում: 10 տոկոս վնասը չի փոխհատուցվում:

Գործակալությունն իրականացնելու է գյուղատնտեսական ապահովագրության ընթացիկ կառավարումը: Գործակալությունն է վնաս գնահատողներին տալու լիցենզավորում: Վնասի գնահատման դասընթացները սկսել են դեռևս նախորդ տարվա փետրվար ամսից: Վնաս գնահատողները չեն հանդիսանում ապահովագրական ընկերությունների աշխատակիցներ, նրանք անկախ վնաս գնահատողներ են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]