Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հունիս

Բուխարեստի Առաջնորդանիստ Մայր Տաճարում նշել են Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոները

Բուխարեստի Առաջնորդանիստ Մայր Տաճարում   նշել են  Տեառնընդառաջի և Սուրբ 
Սարգսի տոները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեառնընդառաջի խորհրդով և Տիրոջն ընդառաջ ելնելու կանչով Բուխարեստի հայությունը փետրվարի 16-ին հավաքվել էր Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում, ուր մեծ շուքով նշվեցին Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոները: Հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի պատարագ մատուցեց ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը, սպասավորությամբ Հայկ սարկավագ Ազարյանի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից:

Սրբազան Պատարագին ներկա էին Ռումինիայի Հայոց Միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ և ռումին հավատացյալներ, տեղական մամուլի և հեռուստաընկերության ներկայացուցիչներ:

Թեև Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի համաձայն Ս. Սարգսի տոնն այս տարի փետրվարի 8-ին էր, սակայն Ռումանիոյ հայոց թեմն առաջնորդվում է շուրջ 100 տարի առաջ կայացված որոշման համաձայն, ըստ որի Սուրբ Հարության տոնը թեմը նշում է Ռումին Ուղղափառ Եկեղեցու օրացույցի համեմատ: Թեմակալ բոլոր առաջնորդները պահել են այդ որոշումը և մինչ այսօր Սուրբ Հարության հետ կապված բոլոր տոները Ռումանիոյ թեմում նշվում են մեկ շաբաթ ավելի ուշ, քան Հայ Առաքելական մյուս եկեղեցիներում:

Այս տարի Տեառնընդառաջի և Ս. Սարգսի տոները պատահել էին մեկ օրվա տարբերությամբ և միասնաբար նշվեցին փետրվարի 16-ին Բուխարեստում և հայաշատ բոլոր քաղաքներում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր, որպեսզի նորաստեղծ ընտանիքները Տիրոջն ընդառաջ գնալով կյանքի լույսն ընդունեն ու չսայթաքեն, իսկ Սուրբ Սարգսի տոնը՝ երիտասարդների օրհնության օր: Այս առիթով հավարտ Սրբոյ Պատարագի, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդի, կատարվեց նորապսակների և երիտասարդների օրհնության կարգ, երիտասարդներին բաժանվեցին նախապես պատրաստված բրոշուրներ և խորհրդանշական նվերներ, այնուհետև, Թեմակալ առաջնորդի օրհնությամբ, Բուխարեստի ծխական խորհրդի և Տիկնանց Միության ջանքերով տոնական միջոցառում և հյուրասիրություն կազմակերպվեց եկեղեցու բակում: Սրբազան Հոր ձեռամբ նախ վառվեց Տեառնընդառաջի ավանդական խարույկը, հնչեց հայկական ժողովրդական երգն ու պարը, այնուհետև տեղի ունեցավ հյուրասիրություն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ