Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թեհրանում բացվել է «Իրանահայեր» ցուցահանդեսը

Թեհրանում բացվել է «Իրանահայեր» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում բացվել է «Իրանահայեր» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են լուսանկարչական, քանդակագործական և արվեստի այլ տեսակների նմուշներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Payvand լրատվականը, ցուցահանդեսն անցկացվում է «Մեհրսուն» պատկերասրահում:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են Իրանի հայկական համայնքի արվեստագետների՝ էստամպի, լուսանկարչության և քանդակագործության աշխատանքներ, ինչպես նաև հայ համայնքի ականավոր երաժիշտների և կատարողական արվեստի ներկայացուցիչների կյանքը, ստեղծագործություններն ու նրանց դերակատարումն Իրանի արվեստի զարգացման գործում:

Ուրբաթ օրը ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը, Իրանի երաժշտական թանգարանի տնօրեն Ալի Մորադխանին և Իրանի նկարիչների միության նախագահ Մաջիդ Ռաջաբի-Մեմարը:

Արարողության ժամանակ Արտաշես Թումանյանը նշել է, որ ցուցահանդեսն արտացոլում է Հայաստանի և Իրանի երկու ժողովուրդների միջև հարաբերությունների խորությունը: Իր ելույթում Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսը ցույց է տալիս Իրանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը և հավելել, որ ցուցահանդեսը երկու ժողովուրդների երկխոսությունն է արվեստի միջոցով:

Ցուցահանդեսում ներկայացված են Էդման Այվազյանի, Զավեն Այվազյանի, Սիմոն Այվազյանի, Ռազմիկ Օհանյանի, Ադիկ Բաղոսյանի, Ալբերտ Բիգջանիի, Լիլիթ Տերյանի, Լորիս Ճգնավորյանի, Գառնիկ Տեր-Հակոբյանի, Սմբատ Տեր Կյուրեղյանի, Էդնա Զինալյանի, Վարհամ Սահակյանի, Սիրակ Մելքոնյանի, Ադենա Միրզախանյանի, Լևոն Հաֆթվանի, Երվանդ Նահապետյանի, Սեդրակ Նազարյանի և այլոց աշխատանքները:

«Իրանահայեր» ցուցահանդեսը կազմակերպվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան, Իրանի հայկական համայնքի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի և «Մանուկյան» թանգարանի համագործակցության արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]