Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում. Կարեն Աբրահամյանը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին

Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում. Կարեն Աբրահամյանը՝ զինծառայողների 
մահվան դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի շտաբում փետրվարի 15-ին բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության ենթարկեց կատարված դեպքերը, խոսեց դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին:

«Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում»,- ասել է Կարեն Աբրահամյանը:

Խորհրդակցության ընթացքում իրենց նկատառումներն են ներկայացրել նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները: Վերջիններս ըստ ուղղությունների, ներկայացրել են բանակում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ այս օրերին շտաբի համապատասխան բաժինների և ծառայությունների սպաների կողմից իրականացված աշխատանքները զորամասերի մշտական տեղակայման և մարտական հերթապահության կրման վայրերում, որոնց ընթացքում հատուկ կարևորություն է տրվել անվտանգության կանոնների պահպանմանն ու զինծառայողների միջև առողջ փոխհարաբերություններ ձևավորելու գործընթացներին:

Բանակի հրամանատարը, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ չնայած զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ոլորտի բարելավման ուղղությամբ շարունակական բնույթ կրող քայլերին, այնուամենայնիվ ակնհայտ են նաև թերացումներ, ինչի կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց, իսկ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներին կոչ է արել, ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում, լինել առավել հետևողական ու սկզբունքային՝ դեպքերի ծնող պատճառներն ու հանգամանքները ի հայտ բերելու գործընթացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]