Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Գրականության և արվեստի թանգարանում բացվեց Ղազարոս Աղայանին նվիրված ցուցահանդես

Գրականության և արվեստի թանգարանում բացվեց Ղազարոս Աղայանին նվիրված 
ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի 180-ամյակի կապակցությամբ փետրվարի 14-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գրողին նվիրված ցուցահանդես բացվեց: Ցուցահանդեսում ներկայացված են Աղայանի լուսանկարները, գրքերի տարբեր տարիների հրատարակություններ, անձնական իրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ շատ են դժվարացել այս փոքրիկ, բայց բացառիկ ցուցադրությունը կազմակերպելիս, որովհետև Աղայանի արխիվը բավականին մեծ է: «Նա բուռն ստեղծագործական կյանքով ապրեց, որպես բանաստեղծ, հեքիաթագիր, մանկագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ և մանկավարժ: Անվիճելի հեղինակություն էր, որով հիացած էին բոլորը` սկսած մեծահանճար Հովհաննես Թումանյանից»,-նշեց տնօրենը:

Վարդանյանը շեշտեց, որ ներկայացված ցուցանմուշներն այցելուներին հնարավորություն կտան տեսնել Ղազարոս Աղայանին իր ժամանակակիցների`Թումանյանի, Պռոշյանի, Մկրտիչ Խրիմյանի և այլ մեծերի շրջապատում:

Նա տեղեկացրեց, որ մեկ կամ երկու ամսից լույս են ընծայելու հատոր` նվիրված Աղայանին: «Հիմնականում ընդգրկելու ենք նրա բանաստեղծությունները և հեքիաթները նաև լուսանկարների հագեցած հավելված, որտեղ տեղ կգտնեն այստեղ ցուցադրված նյութերը, և այլ բացառիկ նմուշներ»,-ասաց Վարդանյանը:

Ցուցադրությանը ներկայացված էր նաև Աղայանի բազկաթոռը: Վարդանյանի խոսքով` ցուցադրել են այն, որ հանրությունը տեսնի` Աղայանի աթոռը երբեք թափուր չի մնացել, և նրան հաջորդած սերունդները նաև ներկա սերունդը  հրաշալի գրականություն են ստեղծել և ստեղծում:

Կարո Վարդանյանն ընդգծեց, որ տարվա ընթացքում նշելու են նաև այլ երախտավորների հոբելյաններ և Մկրտիչ Խրիմյանի 200-ամյակը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ