Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը պարզաբանում է ներկայացրել Jewish Press-ի հոդվածի մասին

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը պարզաբանում է ներկայացրել 
Jewish Press-ի հոդվածի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը պարզաբանում է ներկայացրել հրեական Jewish Press-ում հրապարակված «Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը» վերնագրով հոդվածին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հոդվածում տեղ գտած որոշ դիտարկումների:

«Փետրվարի 13-ին Jewish Press-ում լույս է տեսել Բարուխ Հեդիդի “Turkey Working to Take Over Armenian Quarter in Jerusalem’s Old City” հոդվածը, որտեղ հեղինակը նախ անդրադառնում է Էլիա Գահուէճեանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանը փակելու թուրքական փորձին: Նշենք, որ Էլիա Գահուէճեանն ունի լուսանկարչական ստուդիա, որտեղ նա զբաղվում է իր պապի և հոր կողմից արված նկարների վաճառքով և այն Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան չէ: Ստուդիան Երուսաղեմի Հին քաղաքի Քրիստոնեական թաղամասում է և այն պատկանում է Երուսաղեմի Հունաց պատրիարքությանը»,- գրել է դիվանապետը:

Անդրադառնալով հոդվածում այն դիտարկմանը, որ թուրքերը լռության դիմաց հայերին 3000 դոլարանոց դրամաշնորհներ են առաջարկում, Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշել է, որ Երուսաղեմի հայերին հնարավոր չէ գայթակղել 3000 դոլարով:

«Երուսաղեմի գրեթե բոլոր հայերը սոցիալապես ապահով են, իսկ նրանք, որոնք սոցիալապես անապահով վիճակում են, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նրանց ապահովել է բնակարանով, աշխատանքով և կերակուրով, հետևաբար, սաղիմահայերին հնարավոր չէ գայթակղեցնել 3000 դոլարով»,- նշել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Jewish Press-ում հրապարակված հոդվածում նշվել է, որ ամիսներ առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցված են եղել՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մուսուլմանի, իսկ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետն իր պարզաբանման մեջ հայտնել է, որ վերջերս Երուսաղեմի Հայկական թաղամասում բնակարան չի վաճառվել:

«Թե՛ Սրբոց Հակոբյանց վանքի և թե՛ Հայկական թաղամասի բոլոր կալվածքների սեփականատերը Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն է: Թաղամասի բնակարաններն ու խանութները տրված են կամ պաշտպանյալ (protected tenancy) կամ ոչ պաշտպանյալ (unprotected tenancy) վարձակալության սկզբունքով: Պաշտպանյալ վարձակալության դեպքում վարձակալի իրավունքը կալվածքի վրա տարածվում է երեք սերունդ. համաձայնագիրը ստորագրած վարձակալը համարվում է առաջին սերունդ, որի մահից հետո իրավունքը անցնում է նրա կնոջը, որը համարվում է երկրորդ սերունդ: Կնոջ մահից հետո իրավունքն անցնում է ավագ զավակին, որը համարվում է երրորդ սերունդ: Նրա մահից հետո կալվածքը վերադառնում է սեփականատիրոջը»,- գրել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ոչ պաշտպանյալ վարձակալությանը, դիվանապետը նշել է, որ այդ դեպքում վարձակալն ամեն ամիս պատրիարքությանը վճարում է կողմերի միջև ստորագրված պայմանագրով որոշված վարձը, վարձակալության պայմանագիրը կարող է դադարեցվել, երբ վարձակալը չի պահպանում պայմանագրի որևէ կետ:

«Կալվածքների վարձակալները հիմնականում հայեր են: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կալվածք չի վաճառում»,- նշել է նա:

Հրեական լրատվամիջոցի հոդվածագիրը նշել է, թե մի քրիստոնյա վաճառական, որը ցանկացել է անհայտ մնալ, ասել է, որ թուրքերը վերջերս Հորդանանի Վաքֆին հանձնել են սեփականության մասին շատ հին վկայություններ, որոնցից մի քանիսը բողոքարկվել են, այդ թվում ՝ Օսմանյան դարաշրջանի փաստաթղթերը և հայկական ու քրիստոնեական թաղամասերում սեփականության մասին փաստաթղթերը:

«Թուրքերի կողմից Վաքֆ ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ նշենք, որ Հայկական թաղամասի վանքապատկան բոլոր կալվածքների սեփականատիրության իրավունքը հնարավոր չէ բողոքարկել, քանի որ դրանք գրանցված են Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունով և պատրիարքարանում պահվում են բոլոր կալվածքների սեփականատիրության փաստաթղթերը»,- գրել է դիվանապետը:

Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հավելել է, որ հոդվածագիրը ճիշտ է նկատել, որ վերջերս Երուսաղեմում նկատվել է թուրք զբոսաշրջիկների թվի աճ, որոնք մի անգամ պատռել են Հայկական թաղամասի պատին փակցված Հայոց ցեղասպանության պաստառները:

«Այս դեպքի մասին անմիջապես բողոք է ներկայացվել ոստիկանություն, որից հետո նման դեպք չի արձանագրվել: Ցավոք սակայն, պետք է նշել, որ այդ պաստառները փակցվել են տասնամյակներ շարունակ և դրանք միշտ պատռվել են հրեաների կողմից: Ավելին, թուրքերը երբեք գրառումներ չեն արել Հայկական թաղամասի պատերի վրա, իսկ «Թագ Մեխիր» անունով հայտնի խումբը նման գրառումներ հաճախ է արել թե՛ հայկական և թե՛ քրիստոնեական վանքերի պատերի վրա»,- նշել է Բաղդասարյանը:

Jewish Press-ում հրապարակված «Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը» վերնագրով հոդվածում նշված է նաև, որ Երուսաղեմում Թուրքիայի աճող ակտիվությունն ու «Մահմեդական եղբայրների» աջակցությունը Իսրայելի մտահոգությունն են առաջացնում, իսկ Իսրայելի զինված ուժերի հետախուզական բաժինն իր վերջին ամենամյա հետախուզական գնահատման մեջ առաջին անգամ Թուրքիային՝ որպես սպառնալիք է ճանաչել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]