Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները ստացան սպասված մրցանակները

ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները ստացան սպասված մրցանակները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունը փետրվարի 14-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում  մրցանակներ հանձնեց ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին:

«Մենք տարբեր մրցանակաբաշխություններ ունենք, բայց ամենահարգիներից է  մեծանուն գրողների անվան անվանակարգերով մրցանակաբաշխությունը: Անվանակարգերն են` «Պոեզիա», «Արձակ», «Հրապարակախոսություն», «Գրականագիտություն», «Մանկական գրականություն»  և այլն: Մրցանակակիրներին ընտրել է միության նախագահությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց, որ մրցանակաբաշխությունները կարող են ուղղորդիչ բնույթ ունենալ ընթերցողների համար:

«Պոեզիա» անվանակարգում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ ստացավ Գագիկ  Սարոյանը՝ «Բացիկներ» գրքի համար, «Դրամատուրգիա» անվանակարգում Լևոն Շանթի  անվան մրցանակին արժանացավ Էլֆիք Զոհրաբյանը՝ «Թեթև տարեք» գրքի համար, «Հրապարակագրություն» անվանակարգում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը «Վերջին երանին» գրքի համար հանձնվեց Նանեին:

«Գրականագիտություն, գրաքննադատություն» անվանակարգում Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը տրվեց Ֆելիքս Բախչինյանին՝ «Խավարին չհավատալու, խավարին չտրվելու պոեզիան» գրքի համար, իսկ «Մանկական գրականություն» անվանակարգում Վախթանգ Անանյանի  անվան մրցանակակիր ճանաչվեց Հակոբ Մուշը՝«Հեքիաթներ թղթե ինքնաթիռից» գրքի համար:

Գրական վաստակի համար Հովհաննես Թումանյանի  անվան մրցանակին արժանացան Ավիկ Իսահակյանը և Սուսաննա Հովհաննիսյանը՝ համապատասխանաբար «Վերնատան» զավակները» և «Հովհաննես Թումանյան» գրքերի համար: «Թարգմանական գրականություն» անվանակարգում Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը հանձնվեց Շանթ Մկրտչյանին՝ Ֆեռնանդո Պեսսոայի «Քնարերգություն» գրքի թարգմանության համար:

Շանթ Մկրտչյանն ասաց, որ գրողի, թարգմանչի համար հաճելի է, երբ իր աշխատանքն արժևորվում է. մրցանակը ոգևորում է: Անդրադառնալով Ֆեռնանդո Պեսսոայի «Քնարերգություն» գրքի թարգմանությանը՝ նա շեշտեց, որ այն կատարել է Սյուզի Խաչիկյանի հետ:

 «Պեսսոայի անունն անծանոթ է մեր ընթերցողին: Նա կարծես պորտուգալացիների Չարենցը լինի: Ստեղծագործել է մի քանի լեզվով` անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն: Նրա առաջին գրքերը լույս են տեսել անգլերեն ու ֆրանսերեն: Վաղուց եմ ուսումնասիրել նրա ստեղծագործությունները, բայց թարգմանությունը կատարել եմ անցյալ տարի մի քանի ամսվա ընթացքում, ասես մի համազարկով: Շատ հետաքրքիր բանաստեղծ է, և գրողները, ընթերցողները, որոնք ծանոթացել են գրքին, հավանել են նրա գործերը»,-պատմեց Մկրտչյանը:

Ավիկ Իսահակյանն էլ նշեց, որ գրական վաստակի համար մրցանակ ստանալը ուրախալի է, բայց կրկնակի ուրախալի է, որ մրցանակը կրում է հայ հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը: «Նա մանկուց սրբություն էր ինձ համար: Արժանի՞ եմ, արդյոք, այս մրցանակին: Մտածում եմ` եթե մի բան արել եմ, ապա այժմ եռապատիկը պետք է անեմ, որովհետև Թումանյանի ստեղծագործությունը մեր թռիչքի ամենաբարձր կատարն է: Բախտավորություն եմ ունեցել առնչվել Հովհաննես Թումանյանի ընտանիքի գրեթե բոլոր անդամների հետ, որոնք Թիֆլիսից էին եկել Երևան, և այդ ընթացքում կառուցվում էր Թումանյանի թանգարանը»,-պատմեց նա:

Վախթանգ Անանյանի  անվան մրցանակակիր Հակոբ Մուշը խոստովանեց, որ մրցանակն իր համար շատ պարտավորեցնող է: «Իմ գրքերը երկու աշխարհ են ներառում` իրական և երազային: Հեքիաթի նյութը բավական շատ է, և իմ գրած հեքիաթները դասական  գործերին ամենևին նման չեն: Ներկայացնում են մեր օրերը, հայկական միջավայրը»,-ասաց Մուշը:

Հեղինակը շեշտեց, որ գրում է շքանշանակիր շների մասին, որոնք շքանշան ունենալու շնորհիվ կարող են հեշտությամբ հաչել մյուս շների վրա, կենդանիների մասին, որոնք մի տորթի համար կարող են իրենց երկիրն  ուտել, անտառը ոչնչացնել, վերացնել ամեն բան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]