Մարուքյանը ողջունեց Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ողջունեց Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանը նշեց փետրվարի 14-ին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում. «Ողջունում եմ Սիրիայի խորհրդարանի մեր գործընկերներին, ովքեր երեկ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված կարևոր որոշում են ընդունել: Ես հիշում եմ, երբ Քեսաբի գրավման ժամանակ մենք պատգամավորական խմբով գնացել էինք Լաթաքիա: Այն ժամանակ նույնպես խոսել ենք այս թեմայից: Ես կարծում եմ, որ չպետք է Հայոց ցեղասպանության հարցը դառնա Թուրքիայի հետ լարումների ընթացքում հիշելու հարց, դա պետք է ավելի վաղ արվեր: Ես հիշում եմ նախագահ Ասադի հետ մեր հանդիպումը, երբ նա ասում էր. «Ինձ ասում էին Հայաստանում, որ պետք չէ Էրդողանին այդքան հավատալ, ես չլսեցի ձեզ»:
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում