1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արվեստագետները գրական ընթերցումներով նշեցին Վահան Տերյանի հոբելյանը

Արվեստագետները գրական ընթերցումներով նշեցին Վահան Տերյանի հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահան Տերյանի թողած հարուստ մշակութային ժառանգությունը վերարժևորելու, նրա ստեղծագործությունները ևս մեկ անգամ հիշելու նպատակով փետրվարի 12-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Տերյանի հետ» խորագրով միջոցառումը: Այն նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան 135-ամյակին և մահվան 100-ամյա տարելիցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տերյանի ստեղծագործությունները ներկայացրին ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհիներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ասմունքեց Նարեկ Մարգարյանը:

«Որոշ ընթերցողներ Տերյանին ընկալում են որպես քնարական, նուրբ, թախծի բանաստեղծի... Նա շատ հզոր բանաստեղծ է: Մեր պոեզիայում «Երկիր Նաիրի»-ից ավելի հզոր շարք չգիտեմ: Տերյանի գործերը շատ բազմաժանր են»,-նշեց Սիլվա Յուզբաշյանը:

Նրա խոսքով` այսօր մեզ օդի և ջրի պես պետք է ընթերցել և վերընթերցել Տերյանի «Հոգևոր Հայաստան»-ը, որն արդիական է մինչ օրս: «Կարծում եմ` մարդկային վերածնունդ պետք է լինի, որովհետև սպառողական հոգեբանությունը մեզ խեղդում է: Ինչպես Տերյանն է ասում, նյութական արժեքները կարելի է վերականգնել, բայց հոգևոր արժեքների կորուստը վերջն է»,-շեշտեց Յուզբաշյանը:

Անդրադառնալով օրվա ելույթին` ասմունքողն ասաց, որ Տերյանի  նամակագրական ժառանգությունը հսկայածավալ է և կարևոր է, որպես գեղարվեստական և փաստագրական արժեք: «Երբ կարդում ենք նրա նամակները, հասու ենք լինում շատ անցքերի, ծալքերի, որ մինչ օրս մեզ անհասանելի են եղել, հասկանում ենք Տերյանի խոհերը: Նամակները մեծ դեր կարող են խաղալ տերյանագիտության մեջ, որովհետև Տերյանին դեռ լիարժեք չենք ուսումնասիրել, և գրականագետները նրա առաջ պարտք ունեն: Ասում են` կան անտիպ բանաստեղծություններ, նամակներ: Ներկայացնելու եմ որոշ նամակներ` ընդմիջելով բանաստեղծություններով»,-եզրափակեց նա:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանի ազգային գրադարանի և «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ համատեղ ջանքերով:

 Արդեն իսկ ավանդական դարձած «Տերյանի հետ» խորագրով տոնական միջոցառումների շարքը մեկնարկել է փետրվարի 9-ին, երբ Տերյանի ժառանգները, գրողներ ու գրականագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Վ. Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի աշակերտները և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեծ բանաստեղծի հիշատակին՝ խոնարհվելով ու ծաղիկներ դնելով նրա շիրիմին:

Այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել է հոբելյանական ցերեկույթ՝ նվիրված  պոետի կյանքին և գրական վաստակին: Գրական ցերեկույթը վարել է հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը:
Հոբելյանի առթիվ ելույթներ են  ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհիներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ասմունքել է Նարեկ Սարգսյանը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]