Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հերթական կեղծված ընտրություններն Ադրբեջանում

Հերթական կեղծված ընտրություններն Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք երկրի 28-ամյա պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին և աչքի ընկան ռեկորդային թվով (1314) թեկնածուների մասնակցությամբ: Ինչպես և կանխատեսվում էր, ընտրություններում հաղթանակ տարավ նախագահ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ ստանալով խորհրդարանում մանդատների կեսից ավելին (նախնական տվյալներով՝ 71 մանդատ): Խորհրդարան են անցել նաև իշխող կուսակցության հետ սերտ կապեր ունեցող անկախ պատգամավորներ և միայն 2 ընդդիմադիր գործիչ:

Ավանդաբար Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները մեծ ուշադրության չեն արժանացել թե՛ միջազգային, թե՛ անգամ Ադրբեջանի հանրության կողմից: Որպես ավտորիտար և նախագահի մեծ լիազորություններով օժտված երկիր՝ Ադրբեջանում խորհրդարանն էական ազդեցություն չունի երկրի ներքին և արտաքին քաղաքականության իրականացման վրա: Դրանով կարելի է պայմանավորել նաև խորհրդարանական և նախագահական ընտրություններին քաղաքացիների մասնակցության զգալի տարբերությունները: Այս արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն, հետաքրքրություն են ներկայացնում Ալիևի վարած կադրային փոփոխությունների համատեքստում: Դեռևս 2018թ.-ից Ալիևի կողմից սկսվել էր մի շարք առանցքային պաշտոններում նոր մարդկանց նշանակման, հին կադրերից «ազատվելու» գործընթացը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը ևս ադրբեջանական քարոզչական շրջանակները մատուցեցին որպես «սերնդափոխություն, առավել կոմպետենտ խորհրդարանի ձևավորմանն ուղղված քայլ, քանզի Մեջլիսի ներկայիս կազմը չի համապատասխանում Ալիևի կողմից իրականացվող քաղաքականությանն ու բարեփոխումներին»:

Ընտրությունների արդյունքները, սակայն, ցույց տվեցին, որ հռչակված սերնդափոխություն իրականացնելու խնդիրը տապալվել է: Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած պատգամավորների մեջ մեծ թիվ են կազմում վերընտրվածները (125-ից 95-ը): Բացի այդ, նոր խորհրդարանն իր բազմակարծությամբ (ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ) հազիվ թե տարբերվի խորհրդարանի նախորդ կազմից: Պատգամավորական մանդատ ստացած 2 ընդդիմադիր գործիչներն (Էրքին Գադիրլին և Վուգար Բայրամովը) էլ հասկանալի է, որ էական ազդեցություն չեն կարող ունենալ նորընտիր Միլի Մեջլիսում:

Անդրադառնալով բուն ընտրական գործընթացներին՝ պետք է նշել, որ թե՛ նախընտրական քարոզարշավը, թե՛ քվեարկությունն անցել են ժողովրդավարական նորմերի կոպիտ խախտումներով: Այդ մասին է վկայում Միջազգային ընտրական դիտորդական առաքելության (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ) նախնական զեկույցը, որն իր շեշտադրումներով բավական կոշտ է: Զեկույցում արձանագրված են Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումներն, ինչի պատճառով ընդդիմության մի շարք ուժեր բոյկոտել են ընտրությունները: Եվրոպական դիտորդները խախտումներ են արձանագրել ազատ կամարտահայտման, հավաքների, տեղաշարժման, տեղեկատվության հասանելիության ազատության և քաղաքական մասնակցության իրավունքների իրացման հետ կապված: Իսկ բուն քվեարկության օրն արձանագրված կրկնաքվեարկությունների, լցոնումների, ընտրակեղծարարությունների մեծաթիվ դեպքերը, քվեների հաշվարկի գործընթացում թույլատրված խախտումները մտահոգություն են առաջացրել ընտրությունների արդյունքների հավաստիության առնչությամբ:

Միջազգային ընտրական դիտորդական առաքելության գնահատմամբ՝ չնայած թեկնածուների մեծ թվին՝ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ սահմանափակող օրենսդրությունը և քաղաքական միջավայրը չեն ապահովել իրական մրցակցություն:

Ամփոփելով կարող ենք նշել, որ Ադրբեջանի առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները դարձան այդ երկրի ավտորիտար համակարգում առկա խորքային խնդիրների դրսևորման հերթական առիթը: Դրանք մի կողմից հօդս ցնդեցրին ադրբեջանական հասարակության շրջանում առկա փոփոխությունների սպասումները, մյուս կողմից՝ առավել ամրապնդեցին Ալիևների ընտանիքի իշխանության վերարտադրման համար անհրաժեշտ պայմանները: Ավելին, այս ընտրություններն առավել խորացրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա քաղաքակրթական և արժեքային անհաղթահարելի տարբերությունը:

Աննա Չիչյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]