Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իշլի քյուֆթա, խորոված, մանթի. ինչպես սիրիահայերի երևանյան ռեստորանն ընդունեց Հորդանանի թագավորին

Իշլի քյուֆթա, խորոված, մանթի. ինչպես սիրիահայերի երևանյան ռեստորանն ընդունեց 
Հորդանանի թագավորին
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի սրտում գտնվող «Տերյան» ռեստորանը փետրվարի 10-ին բարձրաստիճան հյուր ուներ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ուղեկցությամբ ռեստորանում ընթրում էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ռեստորանի սեփականատեր, Սիրայից Հայաստան ժամանած Հակոբ Ազելյանը պատմեց, թե ինչ են համտեսել բարձրաստիճան հյուրերն ու որքանով է Հորդանանի թագավորը հավանել հայկական խոհանոցը։
«Մեզ տեղեկացրել էին, որ նախագահը մեզ մոտ հյուր պետք է ընդունի, բայց, ճիշտն ասած, մինչև վերջին օրը չգիտեինք, թե ով է այդ հյուրը։ Անվտանգության նկատառումներով գաղտնի էր պահվում նրա անունը»,- ասաց Ազելյանը։
Ռեստորանը Հակոբ Ազելյանի և նրա կնոջ եղբոր ընտանիքի ընտանեկան բիզնենսն է։ Հակոբի կինը՝ Միրեյ Համալյանը, պատմեց, որ թագավորին ու նախագահին երեկոյի ընթացքում սպասարկել են ընտանիքի բոլոր անդամներով։
«Բարձրաստիճան պաշտոնյաների հետ աշխատելը մի քիչ դժվար է, բայց մյուս կողմից էլ մեզ համար մեծ ուրախություն է, քանի որ մեր ռեստորանի արժեքն է բարձրացնում։ Պարզ է, որ, եթե պաշտոնյան հյուր է հրավիրում այստեղ, ապա ծանոթ է այս ռեստորանի խոհանոցին և սեփականատերերին, այսինքն՝ վստահություն ունի ռեստորանի նկատմամբ։ Նախագահի ու թագավորի այցի առաջին րոպեներին լարված էինք, բայց Աբդալլահ Երկրորդը շատ հանգիստ ընդունեց մեզ։ Նախագահ Արմեն Սարգսյանը մեզ ներկայացրեց թագավորին, ասաց, որ Սիրիայից ենք եկել Հայաստան, թագավորի ձեռքը սեղմեցինք, և, երբ այդպիսի ջերմ մթնոլորտ ստեղծվեց, մեր լարվածությունն էլ մարեց»,- նշեց Միրեյ Համալյանը։
Ռեստորանի սեփականատեր Հակոբ Ազելյանի խոսքով՝ բարձրաստիճան հյուրերին որևէ արտասովոր ուտեստ չի մատուցվել։ Ընթրիքը բաղկացած է եղել հայկական և արաբական խոհանոցի կերակրատեսակներից։
«Մատուցել ենք ամբողջությամբ մեր ճաշացանկի ուտեսնտերը։ Ոչ մի արտասովոր բան չի եղել։ Սեղանին եղել է հորթի և հավի խորոված, ղավուրմա, իշլի քյուֆթա, մանթի, հայկական պանրի տեսականի, քամած մածուն, զեյթուն, թաբուլե, պասուց տոլմա, հումուս, մութաբալ։ Ընթրիքի վերջում հյուրերին մատուցել ենք կարամելով տորթ, մրգի տեսականի և ընկույզով արաբական քյունեֆե»,- ասաց Ազելյանը։
Միրեյ Համալյանը նշեց, որ Հորդանանի թագավորը շատ է հավանել իրենց պատրաստած կերակրատեսակները և շնորհակալություն է հայտնել համեղ ուտեստների ու հյուրընկալության համար։
«Թագավորը շատ հավանեց մեր ուտեստները, դուրս գալիս շնորհակալություն հայտնեց։ Մենք էլ տեսնում էինք, որ, եթե փորձում է այն, ինչ ափսեի մեջ իրեն մատուցում են, ապա հավանում է»,- նշեց Համալյանը։
«Տերյան» ռեստորանի սեփականատերերը հպարտանում են, որ իրենց մոտ ճաշել և ընթրել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, երգիչ Էլթոն Ջոնը, դերասան Մայքլ Քեյնը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն իրենք իրենց հյուրերին սպասարկելիս նրանց միջև տարբերություն չեն դնում։
Նորայր Շողիկյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]