Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-հորդանանյան հարաբերություններում նոր էջ է բացվում

Հայ-հորդանանյան հարաբերություններում նոր էջ է բացվում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պաշտոնական այցով Երևանում է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը: Սա նրա առաջին այցն է Հայաստան, որի շրջանակներում հանդիպումներ կայացան ՀՀ վարչապետի և նախագահի հետ: Այցն իսկապես պատմական էր՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա ավանդական ջերմ հարաբերությունները: Հորդանանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում հարաբերությունների խորացումն այսօր, առավել քան երբևէ, օրակարգային խնդիր է:

Մերձավորարևելյան տարածաշրջանում խորացող հակամարտությունների և անկայունության համատեքստում Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Համատարած ճգնաժամերի պայմաններում համեմատաբար կայուն և ազդեցիկ Հորդանանի հետ համագործակցության խորացումն առաջնային կարևորություն ունի ինչպես տարածաշրջանում ՀՀ և հայ համայնքի շահերի պաշտպանության, այնպես էլ ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության առաջմղման տեսանկյունից: Ընդ որում, ուշադրության կենտրոնում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և ռազմական հարաբերությունները:

Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը դիտարկում է Մերձավոր Արևելքը որպես ռազմավարական գործընկերության ուղղություն: Կողմերը երկկողմ շահագրգռվածություն հայտնեցին զարգացնելու առևտրատնտեսական կապերը և խորացնելու համագործակցությունը զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: ՀՀ կառավարության ղեկավարը հավելեց, որ Հայաստանը կարող է լավ հարթակ դառնալ հորդանանցի գործարարների համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու համար: Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարևորեցին նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը:

Փաստենք, որ Հորդանանի հետ բազմակողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվանից: 2019 թվականի դեկտեմբերին Հորդանանի արտգործնախարարի՝ Երևան կատարած այցի շրջանակներում հստակ ամրագրվեց հայ-հորդանանյան հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելու երկկողմ պատրաստակամությունը:

Պետք է նշել, որ տնտեսական հարաբերությունները մինչ այժմ էականորեն զիջել են ջերմ քաղաքական հարաբերություններին: Եվ այս ոլորտում առկա բացը լրացնելու անհրաժեշտություն է նկատվում: Տնտեսական ոլորտում հարաբերությունների աշխուժացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցավ փետրվարի 10-ին Երևանում կայացած Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը և կնքված փոխըմբռնման հուշագիրը, ինչը համապատասխան հարթակներ է ստեղծում հետագա համագործակցության համար:

Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում քննարկվել էր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը` հիմնված երկկողմ հետաքրքրությունների վրա: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարումների և ՀՀ էկոնոմիկայի  նախարարություններում ձևավորելու աշխատանքային խմբեր, որոնք հետամուտ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։

Հատկանշական է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաև ռազմական ոլորտում Հորդանանի հետ հարաբերությունները խորացնելու համար:  2019 թվականի հոկտեմբերին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Հորդանան կատարած այցի շրջանակներում իր հորդանանցի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Բացի այդ, բավական արդյունավետ կարող է լինել նաև Հայաստան-Հորդանան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչը կարող է նպաստել տարբեր հարթակներում միմյանց շահերի պաշտպանությանն ու առավել սերտ համագործակցության հաստատմանը: Երկու երկրների խորհրդարաններն ունեն բարեկամական խմբեր, և 2019 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահը Հորդանանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հրավերը հորդանանցի պատգամավորներին՝ այցելելու Հայաստան:

Վստահաբար կարելի է պնդել, որ հայ-հորդանանյան հարաբերություններում նոր էջ է բացվում: Երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացումն իրապես մեծ ներուժ ունի, և հետևողական աշխատանքի պարագայում հաջողելու հնարավորությունն իսկապես մեծ է:

 

Արփինե Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am