Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը և Աբդալլահ Երկրորդը քննարկել են տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Աբդալլահ Երկրորդը քննարկել են տնտեսական կապերի 
զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել  է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Հորդանանի թագավորին՝ վարչապետը նշել է. «Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ մեր երկրում: Սա պատմական այց է, Ձեր առաջին այցն է Հայաստան: Եվ ինչպես մենք հասցրեցինք քննարկել՝ ոչ վերջինը: Մենք հույս ունենք շատ անգամներ տեսնել Ձեզ մեր երկրում:

Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են, քանի որ ընդհանուր առմամբ՝ Միջին Արևելքը և Ձեր երկիրը մենք տեսնում ենք որպես ռազմավարական գործընկերության ուղղություն: Ես շատ ուրախ եմ, որ նախորդ մեր երկրների միջև հարաբերություններն ակտիվանում են: Մենք արդեն կոնկրետացրել ենք արդյունքները, ունենք մի քանի առանձնահատուկ ուղղություններ, որոնք երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում: Ես նաև ուրախ եմ, որ Ձեզ հետ գործարարների պատվիրակություն է եկել, և մենք պատրաստվում ենք ստորագրել կոնկրետ փաստաթուղթ մեր հարաբերություններն առավել լավացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար:

Ես շատ ուրախ եմ Ձեզ ևս մեկ անգամ տեսնելու հնարավորության համար: Ցանկանում եմ շեշտել, որ մեր ժողովուրդը շատ դրական պատմական հիշողություն ունի Ձեր երկրի հետ կապված, քանի որ Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածների նկատմամբ, և այս փաստն ավելի է ջերմացնում մեր վերաբերմունքը Հորդանանի և նրա ժողովրդի նկատմամբ: Սա շատ հզոր հիմք է մեր հարաբերությունների համար և հույս ունեմ, որ այս հիմքի վրա մենք կկարողանանք կառուցել իրոք տպավորիչ հարաբերություններ: Շատ շնորհակալ եմ»:

Աբդալլահ Երկրորդը նշել է. «Ձերդ գերազանցություն, շատ շնորհակալություն: Ինչպես Դուք ասացիք, մենք շատ հպարտ ենք այն պատմությամբ, որ մեր ժողովուրդները կիսել են: Ինձ այնքան ջերմորեն հյուրընկալեցին երեկ Հայաստան ժամանելու հենց առաջին պահից, և ինչպես Դուք ասացիք, ես հույս ունեմ, որ սա իմ բազմաթիվ այցերից մեկն է:

Մեր առանձնահատուկ բարեկամությունը երկար տարիներ շարունակվում է և հուսով եմ, որ այն կշարունակվի ավելի պայծառ և ջերմությամբ: Մնք հպարտ ենք, որ միմյանց հետ կիսել ենք պատմությունը: Մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք  և ինձ թվում է դա Դուք էլ կհաստատեք:

Ես շատ լավատես եմ և ու հիացած Ձեր ընդունելությամբ»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական և հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ներկայումս տնտեսությունն ունի զարգացման լավ միտումներ և երկրում ստեղծված է բարենպաստ տնտեսական միջավայր: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի և կապիտալի ներգրավմամբ ու փոխգործակցության լավ հեռանկարներ են առկա տնտեսության տարբեր ճյուղերում: ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարող է լավ հարթական դառնալ հորդանանցի գործարարների համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու համար:

Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ իր երկրի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ ու իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությամբ:

Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարևորել են նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: 

ՀՀ վարչապետը և Հորդանանի թագավորը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և ընդգծել հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով լուծման կարևորությունը:       

Աբդալլահ Երկրորդը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]