1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփի «դարի գործարքը». ի՞նչ  խոչընդոտների է բախվում հաջողված գործարար- նախագահի ամենալուրջ նախագիծը

Թրամփի «դարի գործարքը». ի՞նչ  խոչընդոտների է բախվում հաջողված գործարար-
նախագահի ամենալուրջ նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթվա վերջին կրկին սրվել էր իսրայելապաղեստինյան հակամարտությունը, ռազմական թեժացումներ՝ ահաբեկչական հարձակումներ, փոխադարձ հրթիռակոծություններ են արձանագրվել միաժամանակ և՛ Գազայի հատվածում, և՛ Իսրայելի տարածքում ու Արևմտյան ափում. արաբական մի շարք երկրներում շարունակվել են զանգվածային բողոքի գործողությունները: Պատճառը՝ հունվարի 28-ին Դոնալդ Թրամփի կողմից իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի մշակած խաղաղության ծրագրի հրապարակումն էր՝ «Խաղաղություն հանուն բարգավաճման. պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների կյանքի բարելավման տեսլական» անվանումով, որը համաշխարհային տեղեկատվական և քաղաքական հարթակներում առավել հայտնի է «դարի գործարք» անվանումով:

Ծրագրի առաջին՝ տնտեսական հատվածը հանրայնացվել էր 2019թ. հունիսի 25-26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի երկօրյա միջազգային համաժողովում՝ ծրագրի «կնքահայր» ԱՄՆ նախագահի փեսա և ավագ խորհրդական, ազգությամբ հրեա Ջարեդ Քուշների համակարգման ներքո։

Ինչպես ծրագրի տնտեսական, այնպես էլ քաղաքական հատվածները կտրականապես մերժել են պաղեստինցիները, տարբեր ձևաչափերում դրանց դեմ են հանդես եկել հիմնական իրավասու միջազգային կազմակերպությունները՝ Արաբական պետությունների լիգան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Արաբական երկրների միջխորհրդարանական ասամբլեան, Եվրամիությունը. առաջիկայում այն կքննարկվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ ևս, մեծ հավանականությամբ, չի արժանանա ԱԽ անդամների հավանությանը: Կողմ են հանդես եկել Իսրայելը, Մեծ Բրիտանիան, մասնավոր ձևաչափերում՝ նաև Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Օմանը և այլն:

«Դարի գործարքի» հանդեպ միջազգային հանրության նման հակասական վերաբերմունքը պայմանավորված է երկու փոխկապակցված հանգամանքներով՝ նախ Վաշինգտոնի՝ որպես ոչ հավասարակշռված և չեզոք միջնորդի, ինչպես նաև՝ ծրագրի ակնհայտ իսրայելամետ բնույթով: Առաջին իրողության հետ կապված՝ հարկ է փաստել, որ Դ.Թրամփի պաշտոնավարման ընթացքում ամերիկա-իսրայելական հարաբերությունները բոլոր հարթություններում հասել են աննախադեպ բարձր մակարդակի. հիրավի, Թրամփը համարվում է ԱՄՆ-ի ամենաիսրայելամետ նախագահը: Նրա վարչակազմի կողմից ընդունված մի շարք որոշումներ, որպես օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրից միակողմանիորեն դուրս գալու, միասնական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանությունն այնտեղ տեղափոխելու, Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ և այլն՝ միանշանակորեն վնասել են ԱՄՆ-ի՝ որպես անկողմնակալ միջնորդի հեղինակությունը տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների հետ կապված: Ասել է թե, դեռևս ծրագրի նախապատրաստման փուլում ակնհայտ էր դրա առնչությամբ անմիջական շահառուների և միջազգային հանրության հիմնավորված բացասական վերաբերմունքը: Երկրորդ հանգամանքը պայմանավորված է հենց ծրագրի միակողմանի բնույթով, որը միտված է բացարձակապես Իսրայել պետության անվտանգային, տնտեսական, քաղաքական շահերի առարկայացմանը: «Դարի գործարքը» բովանդակային առումով տարբերվում է  Պաղեստինի բաժանման ՄԱԿ ԳԱ 181 բանաձևի առաջարկած լուծումներից, և մինչև 1967 թ. արաբ-իսրայելական «վեցօրյա» պատերազմը եղած սահմաններում «երկու պետություն երկու ժողովրդի համար» բանաձևով հիմնախնդրի կարգավորման բազմաթիվ տարբերակներից:

Ընդհանուր առմամբ, 181 էջանոց ծրագիրը բավականաչափ մանրակրկիտ կերպով մշակված, հաշվարկված, քարտեզագրված հետաքրքիր լուծումներ առաջարկող նախագիծ է, որի բովանդակային տրամաբանությունը կարելի է բանաձևել «փող տարածքի դիմաց» գործարարարական սկզբունքով:

Ընդհանուր 50 մլրդ դոլարի ֆինանսական ներդրումների խոստումների դիմաց, որից 28 միլիարդը ներդրվելու է ձևավորվելիք պաղեստինյան պետության, իսկ 22 միլիարդը՝ պաղեստինցի փախստականներ ունեցող երկրների տնտեսություններում՝ ԱՄՆ-ը վարչակարգը պաղեստինցիներին առաջարկում է՝

  1. Հրաժարվել արևելյան Երուսաղեմից՝ որպես ստեղծվելիք պետության մայրաքաղաք, ինչպես նախատեսվել է հիմնախնդրի կարգավորմանը նվիրված գրեթե բոլոր ծրագրերում և միջազգային կազմակերպությունների բանաձևերում, և բավարարվել արևելյան Երուսաղեմի որոշ արվարձաններով, որտեղ էլ «հպարտորեն» կբացվի ԱՄՆ-ի դեսպանատունը:
  2. Ճանաչել Հորդանան գետի Արևմտյան ափի առավել կարևոր հատվածներում Իսրայելի ներկայությունը, դրա փոխարեն ստանալով «արաբական եռանկյունին» և անապատային որոշ, ըստ էության, «անպետք տարածքներ»:
  3. Պաղեստինցի փախստականներին՝ հրաժարվել հայրենիք վերադառնալու իրավունքից և ստանալ իրենց ընդունած երկրների քաղաքացիություն:
  4. Հրաժարվել ձևավորվելիք պետության ռազմականացումից և այլն:

Չնայած ծրագրի իրականացման համար սահմանվում է ընդհանուր 4 տարի ժամկետ, այդուհանդերձ վերոնշյալ հոգեբանական և միջազգային իրավական նրբությունները միանշանակորեն հիմք են տալիս կանխատեսելու դրա հետ կապված հիմնական շահառուների հնարավոր արձագանքները:

Ըստ այդմ՝

  1. Պաղեստինյան կողմը և այն ներկայացնող հիմնական կազմակերպությունները որևէ կերպ չեն կարող ընդունել մի ծրագիր, որքան էլ այն շահեկան թվա, որը նրանց կզրկի ՄԱԿ-ի ԱԽ-ի թեմատիկ բոլոր բանաձևերով, Օսլոյի, Քեմփ Դևիդի ձևաչափերով իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված այլ բազմաթիվ փաստաթղթերով իրենց խոստացված «հայրենի տարածքներից»:
  2. Արաբական և մուսուլմանական որևէ դերակատար գոնե առերևույթ չի կարող աջակցել ամբողջ արաբամուսուլմանական աշխարհին առնվազն հոգեբանորեն միավորող ամենաառանցքային խնդրի՝ «պաղեստինյան դատի» անարդար լուծման որևէ տարբերակի, «Սուրբ քաղաքի»՝ Երուսաղեմի ճակատագրի հակապաղեստինյան բովանդակությամբ լուծման:
  3. Միջազգային առանցքային, նաև վերոնշյալ դերակատարները որևէ կերպ չեն կարող աջակցել այս հիմնախնդրի հանգուցալուծման մի ծրագրի, որն իր էությամբ գրեթե ամբողջությամբ հակասում է դրա կարգավորմանը նվիրված գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերին:

 

Վերոնշյալի համատեքստում, գործարքի հեղինակները և նրանց կողմնակիցները ստեղծված իրավիճակում և կարճաժամկետ հեռանկարում մեծ հավանականությամբ կարող են գործել հետևյալ հիմնական հարթություններում՝

  1. Իսրայելական կողմը, Վաշինգտոնի հետ համագործակցությամբ, կարող է ձեռնամուխ լինել ծրագրի միակողմանի իրականացման աշխատանքներին, որպես օրինակ՝ Արևմտյան ափի հրեական բնակավայրերի և այլ շրջանների բռնակցման գործընթացին և այլն:
  2. Ստվերային և մեկուսի քայլերով ԱՄՆ-ը կարող է փորձել ընդլայնել համախոհների շրջանակը՝ հատկապես ձգտելով գործընկերներ գտնել նաև պաղեստինյան ու մուսուլմանական դերակատարների շրջանում և այլն:

 

Հայաստանի տեսանկյունից, հաշվի առնելով հիմնախնդրի նրբությունը, խնդրո առարկա տարածքներում հայ համայնքի, հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության առկայությունը, բավականաչափ կարևոր է հիմնախնդրի կարգավորման բացառապես խաղաղ տարբերակը և թվարկված ներկայության ամբողջականությունը դերակատարներից որևէ մեկի կազմում. ասել է թե՝ դրանց բաժանման բացառումը: Բացի այդ, խնդրի կարգավորման որևէ ծրագրի ուսումնասիրությունը բովանդակային և իրացման ընթացակարգային տեսանկյունից հետաքրքիր է նաև այն առումով, որ հաջողելու դեպքում դրա առանձին դրույթներ կարող են միջազգային իրավական սովորույթի տեսքով կիրառելի լինել այլ՝ այդ թվում նաև մեր տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման գործընթացներում:

 

Արմեն Պետրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]