Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քեզ հետ ենք, Չինաստան. Հայաստանում վստահ են՝ բարեկամ ժողովուրդը հաղթելու է վարակի դեմ պայքարում

Քեզ հետ ենք, Չինաստան. Հայաստանում վստահ են՝ բարեկամ ժողովուրդը հաղթելու է վարակի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեկամ Չինաստանում կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակն անտարբեր չի թողնում հայ ժողովրդին: Հայաստանում հասարակության տարբեր հատվածներ բարեկամ պետությանն ու ժողովրդին սատարող խոսքեր են հղում: «Քեզ հետ ենք, Չինաստան» խորագրով շարքի միջոցով «Արմենպրես»-ը կներկայացնի իրականացվող աջակցության ակցիաներն ու գոտեպնդող խոսքերը: 

Նկարիչ Սևադա Գրիգորյանը, որը չորս տարի ապրել և ստեղծագործել է Չինաստանում, նշում է, որ ոչ միայն ինքը, այլև իր ընտանիքի բոլոր անդամները հոգով և սրտով  չինացիների կողքին են, ցավում են նրանց համար և աջակցում: «Երբ ապրում ես Չինաստանում, տեսնում նրանց մարդկային վերաբերմունքը, ընկերանում ես չինացիների հետ: Ցանկանում ենք, որ հնարավորինս շուտ ձերբազատվեն այդ խնդրից, ամուր լինեն: Նրանք հնագույն մշակույթի կրող են, չափազանց աշխատասեր են, հյուրընկալ և արժանի են լավագույնին»,- ասաց Գրիգորյանը:

Հայ-չինական բարեկամության դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանը նշեց, որ դպրոցի ողջ անձնակազմը պատրաստ է աջակցելու Չինաստանին և իրենց զորակցությունն են հայտնում չինացիներին: «Հայ-չինական բարեկամության դպրոց-հիմնադրամի ամբողջ աշխատանքային կոլեկտիվն իր զորակցությունն է հայտնում մեր չինացի ուսուցիչներին և չինացի բարեկամներին, և հնարավորության սահմաններում, պատրաստ ենք աջակցելու: Առաջին հերթին նրանց աջակցում ենք բարոյապես՝ անընդհատ հարցնելով որպիսության, տրամադրության մասին: Փորձում ենք ցուցաբերել մեր ջերմ վերաբերմունքը, մեր անընդհատ հետաքրքրվածությունը նրանց նկատմամբ»,- ասաց Վարդանյանը: Դպրոցը նաև իր պատրաստակամությունն է հայտնել Չինաստան ուղարկելու պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ, սակայն Հայաստանում Չինաստանի դեսպանատնից ասել են, որ առավել կարևորում են մարդկային, բարոյական աջակցությունը: Արդյունքում դպրոցը միջոցառմամբ իր աջակցությունն է հայտնել չինացի ուսուցիչներին, ցուցաբերել հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը, հղել բարեմաղթանքի, աջակցության խոսքեր: Աշակերտները, ողջ անձնակազմը նկարվել է չինացի ուսուցիչների հետ, նկարն ուղարկել են դեսպանատուն: Այն, ամենայն հավանականությամբ, կուղարկեն Վուհան քաղաք՝ հաջակցություն բարեկամ ժողովրդի:

Չինաստանում կորոնավիրուսից զոհվածների մասին շատ ցավով է տեղեկացել կենսաբանական գիտությունների թեկնածու, էսպերանտիստ Սոնա Բաղդասարյանը և իր աջակցությունն է հայտնում չինացիներին: Նա իր պարտքն է համարել գնալ Չինաստանի դեսպանատան մոտ և վառել Սուրբ Երկրից բերված մոմը: «Ես եղել եմ Չինաստանի հինգ քաղաքում, ինձ շատ լավ ընդունել են` բավականին հյուրասեր և առատաձեռն ժողովուրդ է: Այնտեղ ունեմ բազմաթիվ ընկերներ: Ես չէի կարող հարգանքի տուրք չմատուցել կորոնավիրուսից զոհվածների հիշատակին: Շատ ցավալի է»,-նշեց նա:

Հայ հասարակական և մշակութային գործիչները հնարավորության սահմաններում պատրաստ են օգնել Չինաստանին: Կոնֆուցիուսի ինստիտուտն արդեն Չինաստան է ուղարկել 12 հազար բժշկական դիմակ՝ միանալով աշխարհում սկիզբ առած հումանիտար ակցիաներին: Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանն անգամ արդեն շնորհակալական նամակ է ստացել Տալիանի օտար լեզուների համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենից. «Ձեր բարեմաղթանքներն ու ջերմ խոսքերը հնարավորություն են տալիս մեզ հավատալու, որ չինացի ժողովուրդը հաղթող դուրս կգա վիրուսի դեմ պայքարում՝ ունենալով ձեր պես միջազգային գործընկերների հոգատարությունը»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 1-ին Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերել բարեկամ Չինաստանին: Հայաստանը շատ բարձր է գնահատում Չինաստանի կողմից իրականացված արդյունավետ քայլերը ու կարծիք հայտնել, որ իրավիճակը շուտով դեպի կարգավորում կգնա: Փոխվարչապետը նաև կարևորել է այս հարցում չինական կողմի օպերատիվությունը, թափանցիկությունը և միջազգային հանրության հետ համագործակցությամբ դրսևորած ջանքերը:

Չինաստանում նախորդ տարվա դեկտեմբերի վերջից սկիզբ առած վարակն արդեն խլել է 908 մարդու կյանք: 40 171 մարդ վարակված է, իսկ 187 հազար 518-ը՝ հիվանդության առկայության կասկածով բժշկական հսկողության տակ: Չինաստանում 3 հազար 281 հիվանդ ապաքինվել է: Մեկ օրում մահացության ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է փետրվարի 9-ին. 97 մարդ է մահացել, թեև խոսվում է նաև նոր վարակվողների ցուցանիշի կայունացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]