Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Նոյեմբեր

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահը բարձր է գնահատում Հայաստանում առկա ներդրումային միջավայրը

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահը բարձր է գնահատում 
Հայաստանում առկա ներդրումային միջավայրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը Հայաստանում ստեղծված մակրոտնտեսական կայուն վիճակը, ներքաղաքական կյանքում իրականացվող քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարը համարում է  ներդրողների համար նպաստավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պանկինը նման տեսակետ հայտնեց Երևանում Կենտրոնական բանկում լրագրողների հետ զրույցում:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում ներդրումային միջավայրը: Մակրոտնտեսական իրավիճակը Հայաստանում շատ բարենպաստ է: Եթե համեմատենք բանկի մյուս անդամ երկրների հետ, Հայաստանում տնտեսական աճի ամենաբարձր տեմպն է: Այնպիսի կայուն մակրոտնտեսական իրավիճակ է, որ ներդրողների համար միշտ հաճելի է»,-ասաց նա:

Պանկինը նշեց նաև այն դրական քայլերը, որոնք արվում են ներքաղաքական կյանքում, տնտեսությունում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, խաղի նորմալ, ներդրողների համար խաղի հասկանալի կանոնների ստեղծումը նույնքան հաճելի և հարմարավետ են օտարերկրյա ներդրողների, ներդրումների համար:

Սևծովյան առևտրի եւ զարգացման բանկը փետրվարի 10-ին Հայաստանում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հետ ստորագրեց 10 մլն դոլարին համարժեք վարկային համաձայնագիր: Դրա միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: Ինչպես նշեց Պանկինը՝ դա արդեն նման երրորդ համաձայնագիրն է «Հայէկոնոմբանկ»-ի հետ:

Պանկինի խոսքով՝ բանկի ռազմավարությունը ենթադրում է աշխատանքի ընդլայնում ավելի մեծ ենթակառուցվածքային ծրագրերի ուղղությամբ, այդ թվում համագործակցելով նաև ՀՀ կառավարության հետ:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը հիմնադրվել է 1997-ին 11 երկրի՝ Հայաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից: Իր գործունեությունը սկսել է 1999-ից: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 1 տոկոս: Բանկը ՀՀ-ում գործող կազմակերպությունների վարկավորումը սկսել է 2004-ից: 2004-2020 թթ. ընթացքում ՀՀ-ում բանկի կողմից փաստացի կնքվել է վարկավորման 36 ծրագիր՝ 241 մլն եվրո ընդհանուր գումարով: Ֆինանսական կառույցներին տրամադրված վարկերն ուղղվել են ՓՄՁ վարկավորմանը, հիփոթեքային վարկերին և առևտրի ֆինանսավորմանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ