Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Հորդանանի բիզնես ներկայացուցիչները սերտացնում են կապերը

Հայաստանի և Հորդանանի բիզնես ներկայացուցիչները սերտացնում են կապերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստաննն ու Հորդանանը ձգտում են տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնել՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների մակարդակին: Հորդանանի մասնավոր սեկտորի ներկայացուցիչները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության հեռանկարներ են տեսնում զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 10-ին Երևանում կայացավ Հայաստան-Հորդանան գործարար համաժողով՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։ 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Հորդանանի գործընկերների հետ քննարկման արդյունքում եկանք այն համաձայնության, որ առկա քաղաքական ջերմ բարեկամական հարաբերությունները թույլ են տալիս անել էապես ավելին, քան ցույց են տալիս այն տնտեսական ցուցանիշները, որոնք առկա են հիմա: Տնտեսական ցուցանիշները ներկայում մեծ չեն. թե ներմուծումը, թե արտահանումն արտահայտվում են բավականին համեստ թվերով: Այս բիզնես ֆորումը կազմակերպել ենք այն նպատակով, որ բիզնեսի ներկայացուցիչները ճանաչեն միմյանց, ճանաչեն այն տնտեսական հնարավորությունները, որոնք կան թե Հայաստանում, թե Հորդանանում, ստեղծեն ավելի սերտ համագործակցություն և արդյունքում արձանագրեն ավելի մեծ ծավալով առևտրատնտեսական և համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնություններ»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի կարծիքով՝ Հորդանանի գործարարներին կարող է հետաքրքիր լինել հատկապես գյուղատնտեսության ոլորտի թե մշակված, թե չմաշկված արտադրանքը, նա համագործակցության հեռանկարներ է տեսնում զբոսաշրջության ոլորտում, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություն թեթև արդյունաբերության՝ հատկապես հագուստի արտադրությունում:

Հորդանանի արդյունաբերության, առևտրի և  մատակարարման նախարար Տարիք Համուրին նշեց՝  հստակ հրահանգ ունեն Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի կողմից. Հայաստանի և Հորդանանի միջև գոյություն ունեցող սերտ քաղաքական հարաբերությունները պետք է իրենց անդրադարձն ունենան տնտեսական հարաբերությունների վրա։

«Հանդիպումներ կլինեն մասնավոր սեկտորի ներկայացուցիչների միջև: Այդ հանդիպումներն իրենց անդրադարձը պետք է ունենան առևտրային ու տնտեսական փոխանակումների միջև, այդ հանդիպումները մենք կոչում ենք հանդիպումներ բիզնեսը բիզնեսի հետ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ կան բազում ոլորտներ, որոնցում Հայաստանն ու Հորդանանը կարող են համագործակցել՝ մասնավորապես նշելով ՏՏ ոլորտը: «Հայաստանը բավականին առաջադեմ է այդ ոլորտում: Հորդանանը նույնպես լուրջ հեռանկարներ ունի այդ ոլորտում»,-նշեց նա:

Տարիք Համուրին Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև տուրիզմի ոլորտում։

Հորդանանի առևտրի պալատի ղեկավար Իլ Քաբարիթին նշեց, որ որպես մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ՝ իրենց առաքելությունն է տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնել՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Հայաստանն ունի մրցակցային բավականին լավ դաշտ, խոսքը, մասնավորապես, վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, հստակ հեռանկար ենք տեսնում տուրիզմի ոլորտում ներդրում կատարելու համար: Համագործակցության հեռանկարներ ենք տեսնում նաև էներգետիկայի ոլորտի զարգացման մեջ»,-ասաց նա ու նշեց, որ ակնկալում են  հետագա այցի ժամանակ արդեն առևտրի հաշվեկշռի մեջ տեսնել հստակ բարձրացում:

Հորդանանցի գործարարներն իրենց հետ բերել էին Մեռյալ ծովի տարածաշրջանից ստացված մարմնի խնամքի միջոցներ: Քաբարիթին նշեց՝ դրանք շատ առողջարար են մաշկի, մաշկային տարբեր հիվանդությունների համար, կարծում են, որ այս ոլորտում ևս կարող են Հայաստանի հետ լավ համագործակցություն սկսել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]