1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Բեռլինում

Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Բեռլինում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։

Փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը Վարոս Սիմոնյանին փոխանցել է գերմանական կողմի պաշտոնական առաջարկությունը ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն ընթացիկ տարվա հուլիսի 21-ից 22-ը Բեռլինում անցկացնելու վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ նիստի անցկացմանն առնչվող հարցերը մանրամասն քննարկելու նպատակով առաջիկայում նախատեսվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պաշտոնյայի այցը Հայաստան։

Կլաուս Վենդելբերգերը նշել է Գերմանիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի կառավարությանը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում, հատկապես տնտեսական ոլորտում, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով «կանաչ տնտեսության» զարգացմանը և կարևորելով ՓՄՁ ոլորտը և զբոսաշրջությունը։

Վարոս Սիմոնյանը, որպես հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ընդունել է գերմանական կողմի առաջարկը նիստի անցկացման ժամկետի վերաբերյալ, նաև վստահեցրել, որ հայկական կողմը կնախապատրաստի նիստի քննարկման համար առաջարկվող հարցերի փաթեթը՝ գերմանացի գործընկերոջ այցի ընթացքում դրանք հանգամանալից քննարկելու համար: Էկոնոմիկայի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերվող գործուն  աջակցության համար, շեշտելով դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար: Նա նաև հույս է հայտնել, որ հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կխթանի երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը: 

 Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը համառոտ ներկայացրել է բանկի գործունեությունը Հայաստանում, ընդգծելով բանկի մասնակցությունը գյուղոլորտի զարգացման ծրագրերում, մասնավորապես գյուղատնտեսության ապահովագրության բնագավառում: Նշվել է նաև բանկի աջակցությունը Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման գործում:   

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, ներկայացնելով ընկերության առաքելությունը Հայաստանում, առանձնացրել է ՓՄՁ ոլորտում և զբոսաշրջության բնագավառում կատարած և ընթացիկ աշխատանքը: 

Հանդիպման ավարտին Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ աշնանը նախատեսվում է ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացումը և գերմանական կողմին հրավիրել մասնակցելու այդ միջոցառմանը ինչպես շահագրգիռ պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների մակարդակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]