Հրապարակվել է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում ապագա հայկական վանական համալիրի էսքիզը
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը հրապարակել է Կրոպիվնիցկի քաղաքում Ինգուլ գետի ափին ապագա վանական համալիրի էսքիզը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը: Էսքիզ-առաջարկը սոցցանցում հրապարակել է տարածաշրջանային միության ղեկավար Տիգրան Խաչատրյանը:
«Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ Ձեզ աջակցել որոշմանը: Շնորհակալություն բոլորին, ովքեր կապ ունեն այս պատմական պահի հետ»,- գրել է Տիգրան Խաչատրյանը: Նախագծում ներկայացվել է ճակատային հատվածում մեծ մուտքով մոնոլիտային շենք:
Միխայիլովսկայա փողոցում 1100 քմ մակերեսով հողատարածքը կարող են փոխանցել Հայ առաքելական եկեղեցու կրոնական համայնքին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիեւում հայկական տաճարի կառուցումը մոտենում է ավարտին:
Հայտնի է, որ եկեղեցիների կառուցումն Ուկրաինայի հայերի միության հիմնական նպատակներից մեկն է: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցիների կառուցումը թույլ կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը, որն է՝ բացահայտել հայկական մշակույթը Ուկրաինայի ժողովրդի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում