Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը կարևորել է նորագույն տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք մասից կազմված այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններ՝ զբաղվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտների զարգացմամբ և կրթական ծրագրերի իրականացմամբ։ Նախագահը տեղեկացրել է, որ շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների հետ արդեն իսկ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն:

Նախագահն անդրադարձել է նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը, մասնավորապես, նվիրված է լինելու արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքականությանը, ինչպես նաև Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները կարևորել են նախագահի հետ հանդիպումը, նրա աջակցությունը Հայաստանում նոր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում, նշել, որ պատրաստ են համագործակցել և հանդես գալ առաջարկներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]