Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը չի ուղարկվելու Սահմանադրական դատարան. Մակունց

Հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը չի ուղարկվելու Սահմանադրական դատարան. 
Մակունց

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը չի ուղարկվի Սահմանադրական դատարան, այն կուղարկվի հանրապետության նախագահին` ստորագրման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում որոշումն ընդունելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նախագիծը սահմանադրական դատարան չի ուղարկվելու: Ուղարկվելու է նախագահի հաստատմանը, հաստատման դեպքում սկսվելու է հանրաքվեի կազմակերպման գործընթացը: Ժամկետները կախված են այն հանգամանքից, թե վարչապետը որ օրը կստորագրի»,-ասաց Մակունցը:

Հարցին, թե արդյոք կա վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցը պատասխանեց` այո կա:  

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հայտարարություն են տարածել, որով կոչ են անում ՀՀ իշխանություններին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացել Վենետիկի հանձնաժողով` կարծիք ստանալու համար` Մակունցն ասաց, որ  համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ ԱԺ նիստերի դահլիճում նիստ էր ընթանում: «Բնականաբար, «Իմ քայլը» խմբակցությունը դե չի հասցրել քննարկել և այդ կապակցությամբ որոշում կայացնել: Մենք կքննարկենք և հանրությանն անպայման տեղյակ կպահենք: Իրավական առումով չգիտեմ, թե ինչպիսի ընթացակարգեր է նախատեսվում նման դեպքերում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին: Որոշումը պետք է լինի նախագահի հետ, և հաստատելուց հետո արդեն կազմակերպչական աշխատանքները կլինեն»,-ասաց նա:

ԱԺ-ն փետրվարի 6-ի արտահերթ նիստում 88 կողմ և 15 դեմ ձայներով ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ չընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին, որպեսզի ՍԴ նախագահի ու դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը որոշվի հանրաքվեի միջոցով: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց 87 ձեռնպահ և 36 դեմ ձայներով: «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրավունք ունենա արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները: Ասվածը վերաբերում է նաև հանրաքվեի միջոցով իր ձայնը լսելի դարձնելուն: Առաջնային մանդատ ունեցող իշխանության մարմինների լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի առարկա դարձնելը կարող է էապես նվազեցնել անհարկի լարվածությունը, և երկրի հետ պահել անցանկալի ցնցումներից»,- նշել էր Մակունցը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]