Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վերջ դնել անպատժելիությանը. ԵԽ-ում տեղի է ունեցել Բաքվի հայերի ջարդերի տարելիցին նվիրված միջոցառում

Վերջ դնել անպատժելիությանը. ԵԽ-ում տեղի է ունեցել Բաքվի հայերի ջարդերի 
տարելիցին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանում պատգամավոր Կոստաս Մավրիդեսը փետրվարի 5-ին հյուրընկալել է «Մոռացված փախստականները. ի՞նչ պատահեց Բաքվի հայերի հետ» խորհրդաժողովը: Միջոցառումը համակազմակերպել էին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և ԵՄ-ում ՀՀ առաքելությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, խորհրդաժողովի բանախոսներն էին Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, իր մարդասիրական գործունեությամբ հայտնի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ամերիկահայ գրող, իրավաբան և իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թերքոթը և Բրյուսելի բաց համալսարանի դասախոս, թարգմանիչ Դավիթ Բաբաևը: Վերջին երկու բանախոսները վերապրել են Բաքվի հայերի ջարդերը:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, պատգամավորների խորհրդականներ, ուսանողներ, քաղաքացիական հասարակության և ԵՄ-ում մի շարք երկրների առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բաքվի հայերի ջարդերը վերապրած Բելգիայի քաղաքացիներ:

Խորհրդաժողովի բացման իր խոսքում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է ներկաներին՝ մեծապես կարևորելով Բաքվի հայերի ջարդերին նվիրված միջոցառման կազմակերպումը եվրոպական ժողովրդավարության կենտրոնում:

«Եվրոպական խորհրդարանը 1990 թվականի իր բանաձևերում միանշանակորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայերի ջարդերը»,- հիշեցրել է Կարապետյանը:

Եվրոպական խորհրդարանի անդամ Կոստաս Մավրիդեսը հայտարարել է, որ որոշել է հյուրընկալել միջոցառումը նաև այն պատճառով, որ ինքն էլ կիսում է փախստականների ճակատագիրը. մանուկ հասակում իր ընտանիքն էլ ստիպված է եղել փախուստի դիմել՝ 1974 թվականի Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավման ժամանակ: Պատգամավորը շեշտել է՝ հիշատակելը վրեժխնդրություն չի նշանակում, բայց միևնույն ժամանակ մոռացության մատնելն էլ աններելի է, քանի որ այն նոր հանցագործությունների է բերում:

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Ն.Գ. դեսպան Թաթուլ Մարգարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում հայերի կոտորածները հետսառըպատերազմյան Եվրոպայում առաջին զանգվածային սպանություններն ու էթնիկ զտումներն էին:

Իրենց վկայություններում Աստվածատուրյանն ու Բաբաևը ներկայացրել են ողբերգական օրերի իրենց հիշողությունները: «Մենք ամիսներով թաքնվել էինք մեր բնակարանում՝ հուսալով, որ հայերի դեմ բռնությունը կդադարի: Բայց այն չդադարեց: Մենք ամեն ինչ թողեցինք ու փախուստի դիմեցինք: Մի կերպ փրկվեցինք ու կենդանի մնացինք: Մեր հարևաններից ու բարեկամներից շատերը մեզ նման բախտավոր չգտնվեցին»,-նշել է Աստվածատուրյանը: Բաբաևն էլ շեշտել է, որ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի համար պարարտ հող էր նախապատրաստված: «Այդ վայրագությունները՝ բռնությունը, ահաբեկումը, բռնաբարությունները, սպանությունները, մարդկանց կենդանի այրելը, չպիտի անպատիժ մնան»,-ընդգծել է նա:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվել է Բաքվում, Սումգայիթում և Արցախում, և այն պետք է ճանաչվի՝ անպատժելիությանը վերջ դնելու համար:

Բանախոսները նաև նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները երկրում որպես պետական քաղաքականություն շարունակում են համակարգված կերպով հայատյացություն սերմանել և տարածել, որի ականատեսն են եղել նաև Բաքվի ջարդերի զոհերը: Եզրափակելով՝ բանախոսները շեշտել են Եվրոպական միության կարևոր դերը որպես երկխոսությունը, խաղաղությունը և մարդու իրավունքները խթանող կարևոր «փափուկ ուժ»:

Բանախոսություններին հաջորդել է հարց ու պատասխան, և խորհրդաժողովի մասնակիցները, այդ թվում ադրբեջանցիները, հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել բանախոսներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]