Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը կդրվի հանրաքվեի. «Իմ քայլը»

ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը կդրվի հանրաքվեի. «Իմ քայլը»

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու` իր կողմից ներկայացված նախագիծը` առաջարկելով այն դնել հանրաքվեի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը: Սա ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքը, հավատամքն է: Մենք հավատում ենք մեր ժողովրդին, և մենք ասելիք ու լսելիք ունենք մեր ժողովրդից»,-ասաց Հովակիմյանը:

Նա շեշտեց` այս ընթացքում օրենսդիր մարմինը, կառավարությունն ամեն ինչ արել են ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար: Հովակիմյանի խոսքով` ՀՀ քաղաքական իշխանությունն ամեն ինչ արել է այս ճգնաժամը հանգուցալուծելու այնպես, որպեսզի ՍԴ անդամներն այդ հանգուցալուծման գործում ունենան իրենց մասնակցությունը:

Նա հիշեցրեց Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու խորհրդարանի` ՍԴ ուղարկած առաջարկը, որը սակայն ՍԴ-ի կողմից վարույթ չընդունվեց: Նա նկատեց` հաջորդ քայլով արդեն կառավարությունը ձեռք մեկնեց ՍԴ անդամներին, ընդառաջ գնաց` բերելով վաղ կենսաթոշակի գնալու մասին օրենքը, որը Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական եզրակացության էր ստացել: Սակայն նա նկատեց, որ որոշ անդամներ արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում իրենց մեկնված ձեռքը բռնել: «Ավելին, նրանք, ՍԴ-ի այն անդամներին, որոնք միգուցե որոշեն այդ մեկնված ձեռքը բռնել, որակել են որպես դավաճաններ, այսինքն՝ հոգեբանական ճնշում են գործադրել»,-ասաց պատգամավորը:

Հովակիմյանը նշեց` այսօրվա ստեղծված իրավիճակը փաստում է, որ վաղ կենսաթոշակի օրենքով խնդիրը վերջնական չի լուծվել: «Սա է պատճառը, որ մենք խորհրդարանի քննարկմանն ենք ներկայացրել 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որով առաջարկում ենք փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը»,-ասաց նա:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]