Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

Ի՞նչ հնարավորություններ կտան ԵՄ երկրներ կարճաժամկետ վիզայի նոր կանոնները

Ի՞նչ հնարավորություններ կտան ԵՄ երկրներ կարճաժամկետ վիզայի նոր կանոնները

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020թ. փետրվարի 2-ից ուժի մեջ են դրվել Եվրամիության երկրներ կարճաժամկետ մուտքի նոր կանոնները, որոնք ավելի մեծ լծակներ կտան Եվրոպային՝ անկանոն միգրացիոն ռիսկերի և ներքին անվտանգության սպառնալիքներին հակազդելու համար: Փոփոխված կանոնակարգը վերաբերում է միայն բոլոր այն 105 ԵՄ ոչ անդամ երկրների քաղաքացիներին (այդ թվում՝ Հայաստանին), ում անհրաժեշտ է վիզա Շենգեն գոտու՝ ԵՄ 22 պետություններ (ինչպես նաև Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա) մուտք գործելու համար, իսկ ԵՄ հետ վիզային ազատ ռեժիմ ունեցող երկրների վրա այս կանոնները չեն տարածվում։

Ուշագրավ է, որ Մեծ Բրիտանիայի համար նոր կանոնակարգը չի գործի՝ պայմանավորված 2019թ. Վիզայի կանոնակարգում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն՝  ՄԲ Եվրամիությունից դուրս գալուց հետո պահպանում է ազատ վիզային ռեժիմը։

 

Որո՞նք են կարճաժամկետ վիզայի կանոնների փոփոխման պատճառները։

Նշենք, որ Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհուրդն այս փոփոխություններն իրականացնելու որոշումը կայացրել էին դեռ նախորդ տարվա հունիսին։ Վերջին տարիներին ԵՄ երկրներում նկատվում է վիզայի դիմումների քանակի աննախադեպ աճ, որն ուղեկցվում է անօրինական միգրացիայի բարձր տեմպերով ու ներքին անվտանգության սպառնալիքներով։ Միևնույն ժամանակ ԵՄ տնտեսության զարգացման գործում առանցքային տեղ ունի տուրիզմը, որի ցուցանիշները վերջին ինը տարիների ընթացքում դինամիկ կերպով աճել են։ Հատկանշական է, որ 2009թ.-ից ի վեր ԵՄ մուտքի արտոնագրերի համար դիմումների քանակը աճել է 57%-ով՝ 2018թ.-ին 10.2 միլիոնից հասնելով ավելի քան 16 միլիոնի։

Չնայած այս փոփոխություններին՝ 2010 թվականից ի վեր մուտքի արտոնագրերի համար դիմելու ընթացակարգերը չէին փոխվել, ինչը խոցելի էր դարձրել ԵՄ անվտանգային և միգրացիոն քաղաքականությունը։  Թերևս հենց այս պատճառով էլ ԵՄ համար անհրաժեշտություն էր առաջացել վիզաների դիմումների ընթացակարգը դարձնել համեմատաբար քիչ ծանրաբեռնված՝ միաժամանակ նույն մակարդակի վրա պահելով անվտանգությունն ու վերահսկողությունը:

Վերոնշյալի համատեքստում կարևոր  է նշել, որ 2006թ.-ից ի վեր վիզայի արժեքը ևս փոփոխության չէր ենթարկվել, որի արդյունքում ԵՄ երկրները բախվում էին մի շարք խնդիրների։ Դրանցից մեկը գնաճն էր, ուստի նոր կանոնակարգով վիզայի գնի բարձրացումը 60 եվրոյից 80 եվրո պատահական չէ, քանի որ նախկին գինն այլևս չէր բավարարում բոլոր վարչական գործընթացների, այդ թվում՝ անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմների պատշաճ իրականացմանը։

 

Որո՞նք են փոփոխված կանոնները, և ինչպես կազդեն Հայաստանի՝ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի վրա։

Եվրահանձնաժողովի կողմից ընդունված ԵՄ կարճաժամկետ մուտքի նոր կանոնները տարածվում են նաև Հայաստանի քաղաքացիների վրա։ Սակայն կան նաև որոշ նրբություններ, օրինակ՝ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շնորհիվ ՀՀ քաղաքացիների համար գինը մնացել է անփոփոխ՝ 35 եվրո։

Բացի այդ, նոր կանոնների համաձայն՝

  • Վիզայի դիմումները կարող են ներկայացվել ծրագրված ճամփորդությունից մինչև 6 ամիս շուտ, նախկին 3-ի փոխարեն, ինչը ճանապարհորդներին հնարավորություն կտա ավելի լավ պլանավորել ուղևորությունը։ Անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պարտադիր է նաև վավեր առողջական ապահովագրության ներկայացումը։
  • Երկարաժամկետ (1-5 տարի) մուլտիվիզայի (բազմակի վիզա) ստացման պայմանները դյուրացվել են, ինչը լավ միջոց է ճամփորդողների համար ժամանակն ու ֆինանսները տնտեսելու առումով. հատկապես կարևոր է, որ վիզայի խախտումների բացակայության դեպքում յուրաքանչյուր անգամ վիզայի համար դիմելիս հնարավոր է մեկական տարով երկարաձգել վավերականության ժամկետն՝ այդպես առավելագույնը մինչև 5 տարի։ Նշենք, որ բազմակի մուտքի վիզան հնարավորություն է տալիս պարբերաբար մեկնել ԵՄ՝ վիզայի վավերականության ժամանակահատվածում:
  • Դիմումը կարող է ներկայացվել անմիջապես քաղաքացու բնակության երկրից և այնտեղից, որտեղից հնարավոր է լրացնել ու ստորագրել այն էլեկտրոնային եղանակով, մինչդեռ մինչև փոփոխությունները գործարքները կատարվում էին միայն դիմումների բնօրինակներով. սա նույնպես հնարավորություն կտա խնայել ժամանակը, ֆինանսներն ու զերծ մնալ ավելորդ քաշքշուկներից։ Ընդ որում, նոր կանոնների համաձայն, դիմումատուները պետք է ներկայանան միայն մատնահետք տալու անհրաժեշտության դեպքում (յուրաքանչյուր 59 ամիսը մեկ):
  • Դիմումների վարման ժամկետը մնացել է անփոփոխ՝ 15 օր, բացառությամբ հատուկ դեպքերի, երբ դիմումների վարման ժամանակը կարող է ավելի երկար տևել՝ առավելագույնը 45 օր, օրինակ, երբ անհրաժեշտ է հայտադիմումների հետագա ուսումնասիրություն իրականացնել:

Հաշվի առնելով անօրինական միգրացիայի հետևանքով անկանոն միգրանտներին իրենց երկիր վերադարձնելու դժվարությունները՝ ԵՄ կողմից վիզայի քաղաքականության և ռեադմիսիայի (հետընդունման) համագործակցությանն առնչվող նոր մեխանիզմի ստեղծումը նպատակ ունի նոր հարթակ ստեղծել գործընկեր երկրների հետ միգրացիայի վերաբերյալ երկխոսության համար։ Մեխանիզմը նախատեսում է իրականացնել ռեադմիսիայի ոլորտում ԵՄ ոչ անդամ երկրների կատարողականի կանոնավոր գնահատում՝ հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները.

  • տվյալ ոչ ԵՄ անդամ պետության ռեադմիսիոն որոշումների քանակը,
  • փաստացի վերադարձի քանակը՝ ԵՄ ոչ անդամ երկրների կողմից դրական որոշումների հարաբերակցությամբ,
  • վերադարձի գործընթացի տարբեր փուլերում գործնական համագործակցության մակարդակը, ներառյալ ԵՄ-ում անօրինական բնակվող անձանց նույնականացնելու հարցում տրամադրվող աջակցությունը և ճանապարհորդական փաստաթղթերի ժամանակին տրամադրումը:

Ընդհանուր առմամբ անօրինական միգրանտ քաղաքացիության երկրի հետ խնդիրների դեպքում ԵՄ անդամ պետությունը կարող է բողոք ներկայացնել Եվրահանձնաժողով, որը 1 ամսվա ընթացքում պետք է գնահատական տա դրան։ Արդյունքում՝ կախված ԵՄ ոչ անդամ երկրի կողմից ռեադմիսիոն պարտավորությունների կատարողականի դրական ու բացասական ցուցանիշներից՝ Եվրահանձնաժողովը, անդամ պետությունների հետ համատեղ Վիզայի օրենսգրքի (Visa Code) որոշ դրույթներ կարող է վերանայել՝ խրախուսող կամ սահմանափակող մեխանիզմներ կիրառելով, օրինակ՝ վիզայի դիմումների քննման ժամկետների, վավերականության, վիզայի վճարի, տուրքերի հետ կապված և այլն։

Այս փոփոխությունները, փաստացի հնարավոր են դարձել ԵՄ կողմից դեռևս 2017թ. մարտին գործարկված Վիզայի ազատականացման դադարեցման վերանայված մեխանիզմի շնորհիվ, որը Եվրահանձնաժողովին ևս օժտեց զսպող մեխանիզմներ կիրառելու իրավունքով, մինչդեռ նախկինում միայն ԵՄ անդամ պետությունները դրա իրավունքն ունեին:

Ինչ վերաբերում է Հայաստանի վրա վերոնշյալ փոփոխությունների հնարավոր ազդեցությանը, ապա որպես ԵՄ հետ ռեադմիսիոն համաձայնագիր կնքած (2013թ. ապրիլի 19) երկիր պաշտոնական Երևանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ռեադմիսիոն պարտավորություններին, որոնց դրական կատարողականը կարող է դրական ազդեցություն ունենալ կարճաժամկետ հեռանկարում՝ Վիզայի օրենսգրքում խրախուսող մեխանիզմների կիրառման, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության մեկնարկի վրա։ 2018-2019թթ ՀՀ-ն արձանագրել է դրական դինամիկա (ԵՄ-ից ստացված ռեադմիսիոն հայցերի թվով և դրական պատասխանների չափով), ինչի շնորհիվ ՀՀ կատարողականը բարձր է 80%-ից, իսկ 2019թ. ինն ամիսների ընթացքում ապաստան հայցածների թիվն ունի վառ արտահայտված նվազման միտումը (10,320-ից 8,930)։ Այս դինամիկան, անշուշտ, կարող է դրական ազդակ հաղորդել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության մեկնարկի համար։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ԵՄ կողմից կարճաժամկետ վիզայի նոր կանոնները մի կողմից նոր հնարավորություններ են ստեղծում ԵՄ ոչ անդամ երկրների համար (բազմակի վիզայի դյուրացում, քաղաքացու բնակության երկրից կամ էլեկտրոնային տարբերակով դիմումների լրացում, ժամանակի ու ֆինանսների խնայում), մյուս կողմից՝ ԵՄ համար ստեղծում լծակներ սահմանափակումներ կիրառելու այն երկրների նկատմամբ, որոնք անօրինական միգրացիայի և անվտանգային սպառնալիքներ են ստեղծում ԵՄ անդամ երկրների համար։

Գոհար Հովհաննիսյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ