1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանի գործելակերպը բնորոշ է ոճրագործին. Վիկտորյա Բաղդասարյանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին

Ադրբեջանի գործելակերպը բնորոշ է ոճրագործին. Վիկտորյա Բաղդասարյանը 
պատասխանել է Ադրբեջանի դեսպանին

ՀՌՈՄ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ ի պատասխան «La Verita» պարբերականում հունվարի 17-ին հրապարակված «Il massacro degli armeni nascosto dall’Azerbaijan» խորագրով հոդվածի առնչությամբ Իտալիայում Ադրբեջանի դեսպանի կողմից հունվարի 21-ին հրապարակված նկատառումներին:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժային քաղաքականություն որդեգրելու արդյունքում, որը պատասխան էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման։ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ ցույցերին արձագանքեցին ադրբեջանական քաղաքների հայ բնակչության դեմ կազմակերպված բռնություններով, որոնք սկսվեցին 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքի հայերի ջարդերով և տեղահանությամբ: 30 տարի առաջ նման քաղաքականության զոհ դարձան նաև Բաքվի հայերը՝ բացառապես ազգային պատկանելության համար։
Բաքվի հայերը որևէ սպառնալիք չէին հանդիսանում Ադրբեջանի, նրա իշխանությունների կամ քաղաքական ուժերի համար: Նրանք միայն ցանկանում էին շարունակել ապրել իրենց և իրենց նախնիների ծննդավայրում, որտեղ հայերը բնակվել են դարեր շարունակ՝ անբաժանելի մաս կազմելով քաղաքի իրական բազմամշակութային դիմագծում: Սակայն մինչ օրս մենք ականատես չենք լինում 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաքում անզեն բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունների գնահատականի, ավելին, այն սակավաթիվ ձայները, որոնք քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին և պաշտոնապես հռչակվել դավաճան: Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ: Ցավոք, Բաքվի հայ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները անգամ 30 տարի անց Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում են հայատյացության պետական քարոզչության հերթական տարափը դուրս նետելու համար:
Պաշտոնական Բաքուն այդ իրադարձությունները ներկայացնում է որպես հայերի կողմից հրահրված սադրանքների արդյունք՝ փորձելով կոծկել հունվարի 20-ին նախորդած օրերի մասշտաբային հանցագործությունները, որոնց մասին վկայում են նաև ադրբեջանական տարբեր քաղաքական և պետական գործիչներ, այդ թվում Ադրբեջանի ժողովրդական ճակատի փոխնախագահ Էթիբար Մամեդովը, ով 1990թ. Մոսկվայում լրագրողներին հայտնել է, որ հայերի ջարդը նախապես պլանավորել էին իշխանությունները՝ ընտրությունները տապալելու համար, որի արդյունքում ԱԺՃ-ն խորհրդարանական ճանապարհով կստանար իշխանությունը:
Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովը իր հերթին 1990թ. հունվարին փաստում է հայերի ջարդերի իրականացումը՝ ասելով. «Բաքուն հաճախ անվանել և անվանում էին «ինտերնացիոնալ բարեկամության քաղաք»: Ես կավելացնեի՝ «ոտնահարված ինտերնացիոնալ բարեկամություն», քանի որ արդեն չորրորդ տարին է, ինչ հայերի խայտառակ ջարդերից հետո փողոցներում լսելի չէ հայերեն խոսքը»։
ԱԺՃ նախկին անդամ, իրավապաշտպան, քաղաքական էմիգրանտ, 1992-1993 թթ. Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Արիֆ Յունուսովը 2018թ. հունվարի 20-ին ադրբեջանական «Օբյեկտիվ» առցանց հեռուստատեսության հրապարակած հարցազրույցում պնդում է, որ 1990թ. Բաքվի հայկական ջարդերն ու «Սև հունվարը» կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրահանգով՝ հետագայում նրա իշխանության գալու համար հող նախապատրաստելու նպատակով:
Ադրբեջանի Պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վագիֆ Հուսեյնովն ասել է, որ Բաքվում անկարգությունները մանրակրկիտ նախապատրաստվել էին «Ազգային ճակատի կողմից։
Կարծում եմ՝ նշված փաստերը արդեն իսկ խոսուն են։
Ադրբեջանական քաղաքներում հայերի ջարդերը վերածվեցին պետական քաղաքականության, և Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիակատար բնաջնջումը:
Ադրբեջանը, ամբողջությամբ խեղաթյուրելով Ղարաբաղյան խնդրի էությունը և հակամարտության ծավալման պատճառները, շարունակաբար, այսօր էլ, փորձում է ներկայացնել խնդիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, մոտեցում, որը խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդների ջանքերին: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ կողմից 1993թ. ընդունած 4 բանաձևերին, որոնց մասին հիշատակում է Ադրբեջանի դեսպանը, ապա այդ բանաձևերում առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, և այդ պահանջը չի իրականացվել հենց Ադրբեջանի կողմից: Հայաստանին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է եռակողմ զինադադար Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Հիշատակեմ միայն 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմը։
Ինչ վերաբերում է դեսպանի կողմից առաջ քաշված Ադրբեջանի բազմամշակութային մոդելին, ապա հարկ եմ համարում առանձնանշել Նախիջևանում 2005 թվականին հայկական մի ամբողջ մշակութային ժառանգության` Ջուղայի խաչքարերի բարբարոսաբար ոչնչացումը։
Ցավալի է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հակահայկական քարոզչություն են իրականացնում, ռադիկալացնում են իրենց հասարակությանը՝ փորձելով այն միավորել, այսպես կոչված, թշնամու դեմ պայքարում, այնինչ հասարակություններին խաղաղության նախապատրաստելով միայն հնարավոր է հասնել խնդրի կարգավորման և տևական խաղաղության հաստատման։
Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը: Սա ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»,-գրել է դեսպան Բաղդասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]