Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայտնի են ARMONIA երիտասարդ երաժիշտների մրցույթի հաղթողները. նրանց պարգևատրել են Մոսկվայում

 Հայտնի են ARMONIA երիտասարդ երաժիշտների մրցույթի հաղթողները. նրանց 
պարգևատրել են Մոսկվայում

ՄՈՍԿՎԱ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հունվարի 30-ին Գնեսինների անվան դպրոցում տեղի է ունեցել «Սուրբ Ծննդյան հանդիպում» միջոցառումը, որի ընթացքում պարգևատրվել են ARMONIA երիտասարդ երաժիշտների մրցույթի հաղթողները:

Միջոցառմանը տեսաուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը. «Գիտեմ, որ այսօր  առանձնահատուկ միջոցառում է կազմակերպվել, որն իր շուրջն է համախմբել Ռուսաստանի բազմաթիվ հայերի, ովքեր նվիրված են իրենց պատմական հայրենիքին և միաժամանակ հանդիսանում են Ռուսաստանի օրինակելի քաղաքացիներ»:

Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր տեսաուղերձում ARMONIA մրցույթի հաղթողներին հրավիրել է Իտալիայում կայանալիք իր խաղին:

Երիտասարդ երաժիշտների նախընտրական փուլը կայացել էր առցանց ռեժիմով և հավաքագրել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Լատվիայի և Բելառուսի հայկական Սփյուռքից ավելի քան 150 երիտասարդ երաժիշտների: ARMONIA մրցույթի հաղթողներն են Եկատերինա Նայդյոնովան՝ ֆլեյտա, Ռուսաստան, 1-ին տարիքային կատեգորիա, Սերգեյ Մկրտչյանը՝ ջութակ, ֆլեյտա, Ռուսաստան, 2-րդ տարիքային կատեգորիա, Արտյոմ Իոաննիսյանը՝ թավջութակ, Հայաստան, 3-րդ տարիքային կատեգորիա, Աիդա Ավանեսյանը՝  դաշնամուր, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար, ով հանրությանը հայտնի է Ռուսաստանի Առաջին ալիքի «Բոլորից լավը» հեռուստաշոուից, Մարիա Միշել Յաումզեցը՝ Classical Young Stars Vienna -ի կողմից հատուկ մրցանակ: Մրցանակակիրներից յուրաքանչյուրն ստացել է պատվոգիր, ինչպես նաև դրամական մրցանակ և բժշկական ապահովագրություն՝ ընդհանուր 100 000 ռուբլու չափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակակիրներին ընտրել են ժյուրիի պատվավոր անդամները՝ հեղինակավոր արվեստագետներ՝ Արթուր Ահարոնյանը՝  կոմպոզիտոր, դաշնակահար, Փարիզի Դարյուս Միեի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ,  Ֆրանսիական հեղինակների և կոմպոզիտորների միության անդամ, Սուրեն Բագրատունին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար, միջազգային փառատոնների ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, Միչիգանի պետական համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր, Ջիվան Գասպարյանը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր, Հասմիկ Գրիգորյանը՝  երգչուհի, Լիտվայի ազգային օպերայի և բալետի թատրոնի մենակատար, Մարիինյան թատրոնի սոպրանո, Ստաս Նամինը՝  Մոսկվայի Ստաս Նամինի անվան երաժշտության և դրամայի թատրոնի հիմնադիր, երաժիշտ և կոմպոզիտոր, «Armenian Assembly»-ի հասարակական խորհրդի նախագահության անդամ, Կոնստանտին Օրբելյանը՝ դիրիժոր, դաշնակահար, Ա.Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Armenian Assembly»-ի հասարակական խորհրդի նախագահության անդամ, Սերգեյ Սմբատյանը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Միխայիլ Խոխլովը՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի տնօրեն:

«Այն ամենն, ինչ կապված է մարդկային կապիտալի հետ, որն առկա է մեր գլխում և հոգում, մոտ ապագայում ամենաարժեքավորը կլինի,-ասել է New Economic School-ի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը և հավելել,- ամենակարևորը՝ երիտասարդ երաժիշտները, ում մենք այսօր տեսանք բեմում, նույնքան մեծ հաճույք ստանան իրենց հետագա գործունեությունից, որքան մենք այսօր ստացանք նրանց կատարումներից»:

«Երբ «Assembly»-ն նոր էր զարգացնում իր գաղափարները, ես խորապես համոզված էի, որ այն հաջողություն կունենա, քանի որ կազմակերպությունն իր առջև դրել է ամենաբարձր նշաձողը», - ասել է Մոսկվայի պետական համալսարանի կառավարման և քաղաքականության ամբիոնի դեկան Հենրի Սարդարյանը:

«Սա չտեսնված մրցույթ է: Որպես ժյուրիի անդամ՝ ես ստիպված էի ընտրել ամենահետաքրքիր մասնակիցներին և գնահատել 1- 10 միավոր։ Լսում էի այս երեխաներին և ուղղակի ապշած էի․ բոլորին 10 նշանակեցի: Իհարկե, սխալ  մոտեցում է,  ինձնից  ի՞նչ ժյուրիի անդամ, եթե բոլորին գերազանց եմ գնահատում: Բայց ես ոչինչ չէի կարող անել,- ասում է պրոդյուսեր և հայտնի ռեժիսոր Ստաս Նամինը: - Ես  ունկնդրեցի իսկապես երաժշտասեր աղջիկների և տղաների: Որտե՞ղից են նրանք այդ տարիքում ճանաչում կյանքը ․․․Սա Հայաստանի` անցյալից եկած ինչ-որ գենետիկ ծածկագիր է, որը նրանց իմաստություն է տվել»:

«Շնորհակալ եմ, որ հենց  մեր դպրոցն է ««Armenian Assembly»-ն ընտրել երիտասարդ տաղանդներին աջակցելու իր նախագծի համար: Ես շատ հպարտ եմ, որ Գնեսինների դպրոցն առաջինն է, որտեղ երեխաները սովորում են պրոֆեսիոնալ նվագել դուդուկ»,- ասաց Գնեսինների անվան դպրոցի տնօրեն Միխայիլ Խոխլովը: - Շատ երեխաներ մասնագիտական առաջխաղացման և նոր ձեռքբերումների հարցում օգնության կարիք ունեն: Մրցույթի մասնակից բոլոր երիտասարդ երաժիշտներին, որոնց թիվն ավելի քան 150-ն է,  մաղթում եմ, որպեսզի նրանք բոլորը սլանան դեպի նոր բարձունքներ և իրենց տաղանդով նվաճեն նոր բեմեր»:

Երեկոն իր շուրջն էր համախմբել հայկական համայնքի հաջողակ գործիչներին, որպեսզի նրանք ջերմ ու բարեկամական մթնոլորտում երիտասարդ սերնդի հետ կիսվեն հաջողության հասնելու իրենց բանաձևով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]