Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թվային հասարակությունից մինչև խելացի քաղաքներ.Ճապոնացի փորձագետը Հայաստանում կիսվում է փորձառությամբ

Թվային հասարակությունից մինչև խելացի քաղաքներ.Ճապոնացի փորձագետը 
Հայաստանում կիսվում է փորձառությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարության Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով պատասխանատուի գործադիր խորհրդական, Թվային կառավարության միջազգային խորհրդի նախկին ղեկավար Տոշիյուկի Զամման Հայաստանի հետ համագործակցության լավ հեռանկարներ է տեսնում: Զամման օրերս Հայաստան կատարած այցի ընթացքում կիսվել է իր փորձով` թվային հասարակության, խելացի քաղաք ստեղծելու, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ:

«Իմ այս այցի նպատակն է կիսվել իմ փորձառությամբ և ծանոթանալ ձեր երկրի փորձին: Ես աշխատում եմ Ճապոնիայի կառավարության համար, Ճապոնիայի կառավարության Տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի գործադիր խորհրդատուն եմ, նաև Թվային կառավարության միջազգային խորհրդի նախկին ղեկավարը: Ես շատ երկրներ եմ գնացել և շատ ուրախ եմ կիսվել իմ փորձառությամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տոշիյուկի Զամման ու վստահեցրեց` թվային դիվանագետի ակտիվությունը չունի ոչ առևտրային, ոչ քաղաքական պատճառ , դա պարզապես փորձագետի կողմից օգնություն է մեկ այլ փորձագետի`  ստեղծելու ավելի լավ հասարակություն` թվային ուժով:

Զամման Հայաստան այցի ընթացքում դասախոսություն է ունեցել Հայաստանում Ամերիկյան համալսարանում, ստացել շատ հարցեր, տվել մեկնաբանություններ: Նա նկատեց` Հայաստանն ու Ճապոնիան նույն խնդիրներն ունեն և կարող են միասին լուծել: «Օրինակ` Ճապոնիան շատ է հարգում թուղթը։ Որոշ ընկերություններ ստեղծել են ավտոմատ կնիքի ռոբոտ: Բայց մենք թղթի բիզնեսում ենք, թղթի դարաշրջանում: Հայաստանը մեզ շատ նման է»,-ասաց նա ու նշեց՝ երկու երկրներն ունեն նույն խնդիրները և կարող են լուծել դրանք:

Զամման Հայաստանում հանդիպել է նաև կառավարության ներկայացուցիչների, նրանց հետ խոսել ոչ միայն թվային տնտեսության, այլ նաև թվային հասարակության մասին: «Դուք պետք է կենտրոնանաք թվային հասարակության վրա, օգտագործեք թվայնացման ուժը՝ քաղաքացիների համար ավելի լավ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Ընկերությունները պետք է մրցակցեն այլ երկրների ընկերությունների հետ: Կառավարությունը պետք է ավելի լավ միջավայր ստեղծի բիզնեսի համար»,-ասաց նա:

Նրա խոսքով` կառավարությունը չպետք է լինի ծառայության մատակարար: Զամման առաջարկում է կառավարությանը  թվային ոլորտում լինել պլատֆորմ և մասնավոր հատվածի ծառայությունները դարձնել ավելի լավը: «Եթե կառավարությունը ուզում է օրինակ սմարթֆոնների համար հավելված ստեղծել, դա օգտակար չի լինի: Նրանք պետք է մտածեն միայն կարգավորող կանոնների ստեղծման մասին: Սակայն մասնավոր ընկերությունն ուզում է ավելի շատ հաճախորդներ ստանալ: Նրանք շարունակաբար բարելավում են իրենց ծառայությունները: Դա մասնավոր հատվածի և կառավարության տարբերությունն է»,-ասաց նա ու նշեց` կառավարությունը պետք է կենտրոնանա մասնավոր սեկտորի համար պլատֆորմ ստեղծելու վրա: Եվ մասնավոր սեկտորը ծառայություններ կներդնի այդտեղ:

ՏՏ ոլորտի զարգացման համար նա Հայաստանում պոտենցիալ տեսնում է: Դրանցից մեկը համարում է մարդկային ռեսուրսը` լավ կրթված մարդիկ: «Եվ դուք պետք է կենտրոնանաք երիտասարդների վրա`թվայնացման համար: Հաջորդ քայլը կարծում եմ պետք է լինի հրավիրել որոշ միջազգային ընկերությունների՝ միավորվելու դրանց հետ և գրավելու լավ հաճախորդներ: Դա է աճի ձևը: Էստոնիան 10 տարի առաջ այս առումով ոչինչ չուներ, իսկ հիմա թոփ թվային կառավարություն ունի: Նրանք կենտրոնացան մարդկային ռեսուրսի, համագործակցության վրա»,-ասաց Զամման:

Նա նկատեց` հայերը շատ խելացի են և շատ լավ վարվելակերպ ունեն: Նա նշեց` դա նշանակում է, որ մեծ պոտենցիալ կա` աշխատելու այլ երկրների հետ միջազգայնորեն: «Ես կարծում եմ, որ մարդկային ռեսուրսը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի: Հայերը շատ արհեստավարժ կերպով անգլերեն են խոսում, լավ են մաթեմատիկայից: Երբեմն մենք կարող ենք տեսնել խնդիր` բիզնեսի ավանդական ձևի, մտածողության ավանդական ձևի, դա խոչընդոտ է՝ շարժվելու առաջ: Սակայն լսել եմ, որ ձեր կառավարությունը փոխվել է, դարձել ավելի երիտասարդ: Դուք բախտավոր եք»,-ասաց Զամման:

Նա նշեց` այնուամենայնիվ առանց ռիսկի կանխարգելման առաջ շարժվելը կձախողվի: Այլ երկրներն անում են նույն սխալները, ունեն նույն խնդիրները. մասնագետը կարող է ու պատրաստ է կիսել այդ ինֆորմացիան:

Անդրադառնալով Հայաստան-Ճապոնիա համագործակցությանը` Զամման նշեց` իրենք Ճապոնիայում շատ գաղափարներ ունեն, բայց տարբեր կարգավորումներ կան: «Քանի որ շատ գաղափարներ դժվար է իրականացնել Ճապոնիայում, եթե խնդիր չլինի դա այստեղ՝ Հայաստանում անելու համար, մենք կարող ենք համագործակցել և դա փորձարկել այստեղ, արդյունքը լավ կլինի հայերի համար: Կարծում եմ՝ մենք պետք է Հայաստանից գնենք այդ լուծումը: Բիզնես համագործակցությունն, իհարկե, հնարավոր կլինի»,-ասաց նա:

Զամման ներկայացրեց նաև խելացի քաղաքի ստեղծման իրենց հաջող փորձը: Նա շեշտեց` իրական խելացի քաղաքը տեխնոլոգիաների օգտագործումն է` մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար: «Այս կոնտեքստում մենք պետք է գտնենք, թե որն է ամենամեծ խնդիրը ձեր քաղաքում և դա լուծենք: Հաջորդ անգամ պետք է լուծել երկրորդ խնդիրը` օգտագործելով թվային տեխնոլոգիաները: Երբեմն, թյուրիմացաբար կարծում են, թե խելացի քաղաքն այն է, երբ պարզապես ապահովում են լավ ցանց, լավ հավելվածներ»,-ասաց նա:

Ճապոնիան ներկայում շատ հավելվածներ ունի: Հավելվածներից մեկը ահազանգում է, որ մի քանի վայրկյանից երկրաշարժի ալիք է սպասվում: Մեկ այլ հավելված հանցագործողությունների քարտեզ է, որում ինֆորմացիան տրամադրվում է ոստիկանության կողմից: «Լավ կազմակերպված քաղաքն է խելացի քաղաքը: Այն լավ ծրագրերը, որոնք որևէ խնդիր չեն լուծում, ոչ ոք չի օգտագործի»,-նշեց նա:

Հասարակական տրանսպորտի խնդրի կարգավորման համար Ճապոնիայում օգտագործում են սենսորներ, դրանք տեղադրվում են ավտոբուսների, գնացքների վրա: Այսպիսով` մարդը կարող է  հասկանալ, թե որտեղ է ավտոբուսը, երբ կգա հաջորդը, որքան պետք է սպասել հաջորդ ավտոբուսին: «Երբեմն ավտոբուսները միաժամանակ են գալիս, մենք կարող ենք ընտրել, թե որ մեկն է ավելի լավը»,-ասաց նա ու նշեց` հեծանիվները ևս հիմա շատ տարածված են Ճապոնիայում, դրանք կարելի է վարձել:

Զամման նշեց` մեծ սիրով ևս հաջորդ հնարավորության դեպքում Հայաստանում պատրաստ է կրկին դասախոսություններ կարդալ, կիսվել փորձով: Ինքը կենտրոնացած է այլ մարդկանց կրթելու, թրեյնինգներ անցկացնելու վրա:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]