Կփոխվեն դեմքերը, բայց ոչ մոտեցումները. Հայրապետյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանից նորություն չի ակնկալում
- Կարծում եմ, որ սա պատվիրակության մեկ տարվա ծավալած ակտիվ գործունեության արդյունքն էր: Սա նոր հնարավորություններ է տալիս մեր կապերի խորացման համար` դա օգտագործելու ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Կարծում եմ նաև դրանք տեսանելիություն են բարձրացնում և դրսևորվելու համար հավելյալ հնարավորություն են տալիս մեզ:
- Սա կարո՞ղ է կապված լինել նաև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ:
- Բնականաբար, Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է, դա փաստ է: Հայաստանի ժողովրդավարական գործընթացների արձանագրումը և դրանց ողջունումը ևս փաստ է: Միևնույն ժամանակ սա կապված է նրա հետ, որ մեր պատգամավորները սկսել են հայ-ադրբեջանական քննարկումներից դուրս դառնալ նաև համաեվրոպական օրակարգի մի մաս, ընկալվել այդպիսին, և դա ևս շատ կարևոր արձանագրում է հետագա հաջողությունները գրանցելու համար: Նախկինում ԵԽԽՎ-ն ընկալվել է բացառապես որպես հարթակ հայ-ադրբեջանական «բախումների» համար, իսկ մենք այժմ ադրբեջանցիներին պատասխանելու հետ մեկտեղ առաջ ենք քաշում նաև համաեվրոպական օրակարգին համահունչ թեմաներ, և մեր հարաբերություններն ու կապերը հաստատում ենք նաև այդ համատեքստում, որը հավելյալ օգտակար է և նպաստում է մեր դիրքերի ամրապնդմանը:
- ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Եվրոպայում լրագրողների անվտանգության և մեդիայի սպառնալիքները» ու «Ադրբեջանում քաղբանտարկյալների դեպքերի մասին» բանաձևերն ընդունվեցին, որոնք դուր չեն եկել պաշտոնական Բաքվին: Ի՞նչ կտան մեզ այս երկու բանաձևերը:
- Պետք է արձանագրել, որ ԵԽԽՎ բանաձևերն ունեն բացառապես խորհրդատվական բնույթ, սակայն դրանք կարևոր արձանագրումներ կարող են համարվել տվյալ պետության հետ կապված: Հիշեք նախկինում խավիարային դիվանագիտությունը և ադրբեջանի առաջ քաշած դրույթները, և այժմ այն իրավիճակը, որում հայտնվել է Ադրբեջանը: Ընդ որում, եթե նախկինում, անգամ, համեմատություններ էին անցկացնում Հայաստանի հետ, ապա դրանք հիմա ուղղակի բացառվում են, Հայաստանը բացարձակապես այլ ճամբարում է, և որևէ կերպ չի դիտարկվում Ադրբեջանի հետ հավասար: Դա ավելի է նյարդայնացնում Ադրբեջանին, որովհետև նման զեկույցներն արձանագրում են մարդու իրավունքների, քաղբանտարկյալների, տարբեր խնդիրներում Ադրբեջանում առկա իրական իրավիճակը: Նույնիսկ քաղբանտարկյալների թեմայով զեկույցի հեղինակը նշեց, որ նման երկրի ներկայությունը Եվրոպայի խորհրդում իսկապես խնդրահարույց է, և իրենք քայլեր պետք է ձեռնարկեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:
- Ադրբեջանում փետրվարին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Սպասվում է, որ պետք է փոխվի ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության կազմը: Ի՞նչ սպասելիքներ ունեք ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նոր կազմից, ինչպիսի՞ կազմ եք ակնկալում:
-Կփոխվեն դեմքերը, բայց չեն փոխվի քաղաքականությունն ու մոտեցումները, որովհետև իրականում այդ կոռումպացված, ավտորիտար արժեհամակարգով երկրում ցանկացած փոփոխություն ընդամենը ֆիկտիվ է, և չի կարող որևէ հույս ներշնչել: Կլինեն երիտասարդ դեմքեր, չգիտեմ` որքանով կփոխվի ԵԽԽՎ պատվիրակության կազմը, այս կազմում ներգրավվածները այնպես չէ, որ շատ տարեց են: Կարծում եմ, որ փոփոխությունները կլինեն, սակայն դրանք դեմքերի փոփոխություններ են, այլ ոչ թե քաղաքականության ու արժեքների:
- Մտածելակերպի ու տարբեր հարցերի շուրջ մոտեցումների փոփոխություն չե՞ք սպասում:
- Ես չեմ ակնկալում նման փոփոխություն: Ավելին ասեմ` միգուցե սկզբնական շրջանում փորձեն էլ ավելի կոշտ հանդես գալ, որովհետև իրենց հանրությանը ցույց տալու բան ունեն:
- Խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից ինչպես եք գնահատում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Հայաստանի համար:
- Բավականին հաջողված, ես կարծում եմ, և շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր մեկ տարվա գործունեությունը նման լավ ու դրական արդյունքներ է բերում, իսկ նորանոր հաջողությունները դեռ առջում են:
Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում