Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կփոխվեն դեմքերը, բայց ոչ մոտեցումները. Հայրապետյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանից նորություն չի ակնկալում

Կփոխվեն դեմքերը, բայց ոչ մոտեցումները. Հայրապետյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանից 
նորություն չի ակնկալում
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը Հայաստանի համար հաջողված է համարում: Ավարտված նստաշրջանը վերջինն էր վեհաժողովում Ադրբեջանի գործող պատվիրակության համար: Հայրապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքները և նշել, թե ինչ փոփոխություն է ակնկալում Ադրբեջանի պատվիրակության նոր անդամներից:
- ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը մի շարք հաջողություններ գրանցեց. ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը, Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ՝ Էդմոն Մարուքյանը, Մեդիայի և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ՝ Սոս Ավետիսյանը, ALDE խմբակցության փոխնախագահ՝ Հովհաննես Իգիթյանը։ Ի՞նչ կտա սա Հայաստանին, և ինչո՞վ էր պայմանավորված այս մեծ թվով հայ խորհրդարանականների ընտրությունը նման կարևոր պաշտոններում:

- Կարծում եմ, որ սա պատվիրակության մեկ տարվա ծավալած ակտիվ գործունեության արդյունքն էր: Սա նոր հնարավորություններ է տալիս մեր կապերի խորացման համար` դա օգտագործելու ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Կարծում եմ նաև դրանք տեսանելիություն են բարձրացնում և դրսևորվելու համար հավելյալ հնարավորություն են տալիս մեզ:

 - Սա կարո՞ղ է կապված լինել նաև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ:

 - Բնականաբար, Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է, դա փաստ է: Հայաստանի ժողովրդավարական գործընթացների արձանագրումը և դրանց ողջունումը ևս փաստ է: Միևնույն ժամանակ սա կապված է նրա հետ, որ մեր պատգամավորները սկսել են հայ-ադրբեջանական քննարկումներից դուրս դառնալ նաև համաեվրոպական օրակարգի մի մաս, ընկալվել այդպիսին, և դա ևս շատ կարևոր արձանագրում է հետագա հաջողությունները գրանցելու համար: Նախկինում ԵԽԽՎ-ն ընկալվել է բացառապես որպես հարթակ հայ-ադրբեջանական «բախումների» համար, իսկ մենք այժմ ադրբեջանցիներին պատասխանելու հետ մեկտեղ առաջ ենք քաշում նաև համաեվրոպական օրակարգին համահունչ թեմաներ, և մեր հարաբերություններն ու կապերը հաստատում ենք նաև այդ համատեքստում, որը հավելյալ օգտակար է և նպաստում է մեր դիրքերի ամրապնդմանը:

 - ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Եվրոպայում լրագրողների անվտանգության և մեդիայի սպառնալիքները» ու «Ադրբեջանում քաղբանտարկյալների դեպքերի մասին» բանաձևերն ընդունվեցին, որոնք դուր չեն եկել պաշտոնական Բաքվին: Ի՞նչ կտան մեզ այս երկու բանաձևերը:

 - Պետք է արձանագրել, որ ԵԽԽՎ բանաձևերն ունեն բացառապես խորհրդատվական բնույթ, սակայն դրանք կարևոր արձանագրումներ կարող են համարվել տվյալ պետության հետ կապված: Հիշեք նախկինում խավիարային դիվանագիտությունը և ադրբեջանի առաջ քաշած դրույթները, և այժմ այն իրավիճակը, որում հայտնվել է Ադրբեջանը: Ընդ որում, եթե նախկինում, անգամ, համեմատություններ էին անցկացնում Հայաստանի հետ, ապա դրանք հիմա ուղղակի բացառվում են, Հայաստանը բացարձակապես այլ ճամբարում է, և որևէ կերպ չի դիտարկվում Ադրբեջանի հետ հավասար: Դա ավելի է նյարդայնացնում Ադրբեջանին, որովհետև նման զեկույցներն արձանագրում են մարդու իրավունքների, քաղբանտարկյալների, տարբեր խնդիրներում Ադրբեջանում առկա իրական իրավիճակը: Նույնիսկ քաղբանտարկյալների թեմայով զեկույցի հեղինակը նշեց, որ նման երկրի ներկայությունը Եվրոպայի խորհրդում իսկապես խնդրահարույց է, և իրենք քայլեր պետք է ձեռնարկեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:

 - Ադրբեջանում փետրվարին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Սպասվում է, որ պետք է փոխվի ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության կազմը: Ի՞նչ սպասելիքներ ունեք ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նոր կազմից, ինչպիսի՞ կազմ եք ակնկալում:

 -Կփոխվեն դեմքերը, բայց չեն փոխվի քաղաքականությունն ու մոտեցումները, որովհետև իրականում այդ կոռումպացված, ավտորիտար արժեհամակարգով երկրում ցանկացած փոփոխություն ընդամենը ֆիկտիվ է, և չի կարող որևէ հույս ներշնչել: Կլինեն երիտասարդ դեմքեր, չգիտեմ` որքանով կփոխվի ԵԽԽՎ պատվիրակության կազմը, այս կազմում ներգրավվածները այնպես չէ, որ շատ տարեց են: Կարծում եմ, որ փոփոխությունները կլինեն, սակայն դրանք դեմքերի փոփոխություններ են, այլ ոչ թե քաղաքականության ու արժեքների:

 - Մտածելակերպի ու տարբեր հարցերի շուրջ մոտեցումների փոփոխություն չե՞ք սպասում:

 - Ես չեմ ակնկալում նման փոփոխություն: Ավելին ասեմ` միգուցե սկզբնական շրջանում փորձեն էլ ավելի կոշտ հանդես գալ, որովհետև իրենց հանրությանը ցույց տալու բան ունեն:

- Խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից ինչպես եք գնահատում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Հայաստանի համար:

- Բավականին հաջողված, ես կարծում եմ, և շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր մեկ տարվա գործունեությունը նման լավ ու դրական արդյունքներ է բերում, իսկ նորանոր հաջողությունները դեռ առջում են:

 Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]