1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտգործնախարարների ժնևյան հանդիպում. ինչի՞ շուրջ են բանակցում կողմերը

Արտգործնախարարների ժնևյան հանդիպում. ինչի՞ շուրջ են բանակցում կողմերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի վերջին Ժնևում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ այս տարվա առաջին հանդիպումը։ Քննարկումները շարունակվեցին երկու օր և յուրաքանչյուր հանդիպումը տևեց մի քանի ժամ։ Ինչո՞ւ են քննարկումները տևել այդքան երկար, և ի՞նչ են քննարկել ԱԳ նախարարները։

Ինչպես երևում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությունից՝ Ժնևում անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի։

Նախ, կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սա 2020թ․ առաջին հանդիպումն էր, ուստի անհրաժեշտ էր ամփոփել և գնահատել 2019թ․ հանդիպումների և իրականացված քայլերի արդյունքները, ինչպես՝ լրագրողների փոխադարձ այցի ծրագիրը, հումանիտար միջոցառումները՝ ի դեմս ձերբակալվածների ազատ արձակման, օպերատիվ կապի կիրառումը և այլն։ Սա կարևոր էր նաև, եթե հաշվի առնենք Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած բարդ հանդիպումը և դրանից հետո առաջացած լարվածության թուլացման անհրաժեշտությունը:

Ժնևյան հանդիպման օրակարգը, ինչպես երևում է հայտարարությունից, եղել է բավական լայն՝ ներառելով հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մեկնաբանությունների խնդրից մինչև փոխվստահության ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացում, նախկին պայմանավորվածությունների իրականացման խնդրից մինչև 2020թ. հնարավոր քայլերի պլանավորում։

Մասնավորապես, հայտնի է, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումները և անգամ համանախագահների մեկնաբանությունները շատ դեպքերում իրարից տարբերվում են։ Դիտարկենք նման տարբերության մի օրինակ: Ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ կապված՝ Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հստակ արձանագրեց, որ  Ադրբեջանը պետք է ճանաչի ազատ կամարտահայտման միջոցով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանց սահմանափակումների, այդ թվում՝ «Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա Բաքվում Արցախի ինքնորոշումը պատկերացնում են միայն Ադրբեջանի կազմում՝ ինքնավարության տեսքով։ Այս օրինակը փաստում է, որ հիմնարար սկզբունքների հստակեցման խնդիրն առավել քան արդիական է: Ուստի բանակցային գործընթացի այս փուլում հայկական կողմը առաջնային է համարում այդ սկզբունքների նույնական մեկնաբանության խնդիրը. եթե անգամ կարգավորման հիմնարար սկզբունքների հարցում կա մոտեցումների նման խիստ տարբերություն, ավելի բովանդակային հարցերում հնարավոր չէ ակնկալել զգալի առաջընթաց։

Ժնևյան հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև բանակցային գործընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորման խնդիրը: Այս համատեքստում կարևորվում են մարդասիրական բնույթի հարցերը, օրինակ՝ «գերիների» ազատ արձակման խնդիրը։ Օրակարգային են նաև մարդկային շփումներ  (P2P) նախատեսող նախաձեռնությունների հարցը՝ հաշվի առնելով 2019թ. կայացած՝ լրագրողների փոխանակման ծրագիրը, որը եռակողմ էր և ներառում էր լրագրողներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից:

Բանակցությունների համար նպաստավոր միջավայրի ձևավորման կարևոր խնդիր են ռիսկերի նվազեցման և հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցերը: Դրանց շարքում կարելի է դիտարկել օպերատիվ կապի արդյունավետության բարձրացման հարցը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման խնդիրը, ինչպես նաև այս ուղղությամբ նախկինում ձեռք բերված այլ պայմանավորվածություններ: 

Հայաստանի համար մեկ այլ օրակարգային հարց, որի մասին, բնականաբար, բարձրաձայնվել է նաև ժնևյան հանդիպման շրջանակներում՝ բանակցությունների ներառականության խնդիրն է՝ Արցախի լիարժեք վերադարձը բանակցային գործընթաց: Հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ ևս այս հանգամանքն ընդգծված է.  «նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»: «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» եզրույթի կիրառությունը ևս պատահական չէ, և այն ուղղված է առաջիկայում Արցախում սպասվող ընտրական գործընթացների կարևորության ընդգծմանը:

Հետաքրքրական էր հայտարարության մեջ բանակցություններում «կոնֆիդենցիալության սկզբունքի» պահպանման անհրաժեշտության մասին հիշեցումը։  Նման շեշտադրումն ունի ընդհանրական ձևակերպում, և հստակ չէ հասցեատերը: Այնուամենայնիվ, հայտնի է, որ հենց Հայաստանի իշխանություններն են ժողովրդի առաջ պարտավորություն ստանձնել բանակցային գործընթացը դարձնել հնարավորինս թափանցիկ, ինչի հետ կապված, կարծես թե, մյուս կողմերն ունեն որոշակի մտահոգություններ:

Հանդիպման տևողության վերաբերյալ գնահատականներում կարևոր է հաշվի առնել նաև ընտրական գործընթացների գործոնը: Առաջիկայում և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում սպասվում են համապետական ընտրություններ։ Նախ, Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ Արցախում՝ մարտի 31-ին՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Այս ընտրական գործընթացներով պայմանավորված՝ առաջիկա ամիսներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հազիվ թե կարելի է ակնկալել որևէ լուրջ տեղաշարժ։ Թերևս, դրանով կարելի է պայմանավորել նաև Ժնևյան հանդիպման նման լայն օրակարգը:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ պլանավորելով հանդիպում մոտ ապագայում։ Ըստ երևույթի՝ համանախագահներն այս տարի հակված են բանակցություններում որոշակի առաջընթացի և որոշակի թեկուզ փոքր, բայց հստակ արդյունքների ապահովման։ Սակայն, կարևոր է հաշվի առնել, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը բարդ և միևնույն ժամանակ բավական զգայուն է, ուստի ցանկացած  շտապողականություն կարող է միայն վնասել դրան։

 

Վարդուհի Հարությունյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]