Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ 
հայտարարություն են տարածել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունում, որը հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

«Հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]