Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարտունու բժշկական կենտրոնում բացվեց հեմոդիալիզի բաժանմունք

Մարտունու բժշկական կենտրոնում բացվեց հեմոդիալիզի բաժանմունք

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց հեմոդիալիզի բաժանմունքը՝ ընդունելով առողջական համապատասխան խնդիրներով դիմած քաղաքացիներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ՀՀ ԱՆ  «Ծրագրերի իրականացման  գրասենյակ»-ի տնօրեն Հովակիմ Պոդսայանը եւ աշխատակազմի անդամները, Մարտունու բժշկական կենտրոնի բուժաշխատողներ : Բաժանմունքի բացման պատիվը վերապահվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանին: Նախարարը եւ մարզպետը նորաբաց բաժանմունքում այդ պահին սպասարկվող հիվանդների հետ: Վերջիններս, իրենց շնորհակալությունը հայտնելով ՀՀ կառավարությանը եւ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրինությանը, հավաստեցին, որ իրենց համար հույժ կարեւոր քայլ է արվել, քանի որ նկատելիորեն հեշտացել են բուժման պայմանները, եւ իրենք ստիպված չեն լինի հեմոդիալիզ ստանալու համար երկար ճանապարհ կտրել, ճանապարհածախսի ու գիշերակացի համար վճարել:

Ինչպես ներկայացրեց նախարար Արսեն Թորոսյանը, բաժանմունքի ստեղծման ձեռնարկը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, ՀՀ Առողջապահության նախարարի, Գեղարքունիքի մարզպետի ներկայացված առաջարկությամբ եւ ՀՀ կառավարության համաձայնությամբ: «Այն ծրագրով նախատեսված էր ստեղծել 2022 թվականին, բժշկական կենտրոնի նորակառույց շենքում, սակայն, ելնելով հիվանդների խնդրանքից ու նրանց բուժումը տեղում կազմակերպելու խիստ անհրաժեշտությունից, որոշվեց ժամանակավորապես այն տեղավորել հին մասնաշենքում՝ մինչեւ նոր շենքի շահագործումը: Տարածքի հիմնանորոգումը կատարվել է բժշկական կենտրոնի, մասամբ էլ՝ տնօրենի տրամադրած անձնական միջոցների հաշվին, իսկ սարքավորումները ձեռք են բերվել ՀՀ Առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի միջոցներով: Բաժանմունքի բացման համար հատկացվել է շուրջ 96 միլիոն դրամ: Փաստորեն, մենք կարողացանք նախատեսված ծրագիրն իրականացնել երկու տարի ավելի վաղ՝ հեշտացնելով մեր քաղաքացիների բուժումն ու բարձրացնելով բուժսպասարկման, ինչու ոչ, նաեւ նրանց կյանքի որակը»,-շեշտեց Արսեն Թորոսյանը:

«Մեր կողմից ընտրվել ու վերապատրաստվել է բուժանձնակազմը: Արդեն կատարել ենք հիվանդների հերթագրում, որոնք այս պահին արդեն սպասարկվում են: Ձեռք ենք բերել հեմոդիալիզի 5 սարքավորում, որը մեզ հնարավորություն է տալիս՝ մեկ հերթափոխում սպասարկելու 30 հիվանդի: Այս ձեռնարկի արդյունքում մասնավորապես Մարտունու եւ Վարդենիսի տարածքների առողջական խնդիրներ ունեցող մարդիկ արդեն բուժումը ստանում են  տեղում՝ խնայելով որոշակի միջոցներ, քանի որ մինչ այդ ստիպված էին դիմել այլ բուժհաստատությունների օգնությանը»,-ներկայացրեց Մարտունու ԲԿ-ի տնօրենը

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ Առողջապահության նախարարությանը եւ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրինությանը՝ ձեռնարկը հաջողությամբ ու ժամանակին իրականացնելու համար: Ձեռք բերված սարքավորումները Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի շահագործումից հետո, 2022 թվականին, կտեղափոխվեն համապատասխան տարածք ու կշարունակեն ծառայել իրենց նպատակին: Ժամանակի ընթացքում մենք կդիտարկենք հիվանդների քանակը, ստեղծված իրավիճակը եւ, անհրաժեշտության դեպքում, կավելացնենք բաժանմունքում սպասարկվող տեղերի քանակը:Այս քայլը համարում եմ մարզի այս տարվա կարեւոր ձեռքբերումներից մեկը մարզի առողջապահական համակարգում»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Նախարար Արսեն Թորոսյանն այցելեց նաեւ բժշկական կենտրոնի լաբորատորիա, որը վերջերս համալրվել է կլինիկական, բիոքիմիական, հեմատոլոգիական բաց համակարգով աշխատող վերլուծիչ նորագույն սարքավորումներով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]