Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային ժողովի պատգամավորները սոցիալական ցանցում հրապարակել են իրենց ծառայության լուսանկարները

Ազգային ժողովի պատգամավորները սոցիալական ցանցում հրապարակել են իրենց 
ծառայության լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Հայոց բանակի տոնի առթիվ իրենց շնորհավորական խոսքերի հետ միասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել են նաև իրենց ծառայության տարիների լուսանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամեն տարի հունվարի 28-ին ծառայության ընթացքում արված լուսանկարները հրապարակելը օգտատերերի շրջանում ավանդույթի է վերածվել:

Ազգային ժողովի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ՀՀ զինված ուժերում ծառայել է 1996-1998 թվականներին:

«Հայաստանի Հանրապետության բանակը պատմական կարճ, սակայն շատ դժվարին ժամանակահատվածում, անցնելով՝ պատերազմական ծանր փորձությունների միջով թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը, մեր հպարտության և ուժի աղբյուրը: Այսօրը տոն է ողջ հայ ժողովրդի համար՝ սահմանին կանգնած զինվորի, իրեն սպասող ծնողի, այն հայի, ով ապրում է խաղաղ երկնքի տակ ու արյամբ պաշտպանված հողի վրա, որը հայկական անկոտրում ու հզոր բանակի շնորհիվ է։ Շնորհավորում եմ հերոսական մարտերում ծնված, պայքարով թրծված ու հզորացած Հայոց բանակի տարեդարձը, շնորհավորում եմ հայ մայրերին ու իրենց զինվոր զավակներին, մաղթելով խաղաղությամբ և հաղթանակներով պսակված ճանապարհ` հանուն ազատ և անկախ հայ ժողովրդի ու պետականության»,- լուսանկարի մեկնաբանությունում գրել է Էնֆիաջյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայել է 1999-2001թթ: Մարուքյանը հրապարակել է 1999թ. շարքային Էդմոն Հրաչիկի Մարուքյանի լուսանկարը՝ հանդիսավոր երդման արարողության ընթացքում:

«Օրվա խորհրդի առթիվ շնորհավորում եմ ՀՀ Զինված Ուժերում ծառայած և ծառայող բոլոր մարտիկներին՝ շարքայինից մինչև գեներալ և նախարար: Իսկ նրանք, ովքեր չեն ծառայել բանակում, նախ մեծ բան են բաց թողել. նրանց խորհուրդ կտամ մի տարբերակ գտնել բանակին ծառայություն մատուցելու համար, իսկ իրենց տղա երեխաներին ուղարկել Հայոց բանակ», - գրել է Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ՀՀ Զինված ուժերում ծառայել է 2007-2009 թվականներին: Նա ևս ծառայության ընթացքում արված լուսանկար է հրապարակել հունվարի 28-ին:

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը 2002-2004թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերում:

«Ես ծառայությունիցս բազում հուշեր, հիշողություններ և ռազմական գիտելիքներ ունեմ, բացի նկարից, այդ մեկն իմ ժամանակ այդքան էլ հասանելի չէր»,- նշել է Փամբուխչյանը, մեկնաբանելով հրապարակված լուսանկարի ոչ այնքան հաջող լինելը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը լուսանկար է հրապարակել Զինված ուժերում ծառայության անցնելու իր երդման արարողությունից: Նա ՀՀ զինված ուժերում ծառայել է 1998-1999թթ.:

«Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ:
Մեր հզոր և անկոտրում կամք ունեցող բանակն արդեն 28 տարեկան է: Փառք հայոց բանակին, փառք մեր ժողովրդին և պետականությանը: Աստված պահապան մեր զինծառայողներին»,- գրել է Գևորգյանը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]