Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ բանակն առաջնորդվում է «Անել առավել, քան» նշանաբանով. Տոնոյանը ներկայացրեց որդեգրած սկզբունքները

ՀՀ բանակն առաջնորդվում է «Անել առավել, քան» նշանաբանով. Տոնոյանը 
ներկայացրեց որդեգրած սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Զինված ուժերն առաջնորդվում են անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ կայացած միջոցառման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այսօր մենք նշում ենք մի բանակի օրը, որը բազմաթիվ փորձագետների գնահատմամբ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում համարվում է առավել մարտունակ ու պատրաստ զինված ուժերից` ունակ յուրաքանչյուր պահի ռազմական գործողություններ վարելու: Մենք նշում ենք օրը մի բանակի, որն արդեն համալրված ժամանակակից զինատեսակներով ու չորրորդ սերնդի ավիացիայով, վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք, և առաջ է շարժվում ոչ միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու, մեծամասամբ կանխարգելիչ հարված հասցնելու, անհրաժեշտության դեպքում գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ այս հանգամանքի հետ մեկտեղ, հավատարիմ մնալով հայ ժողովրդի խաղաղասեր էությանը, հայկական բանակն աշխարհում պատվով է ներկայանում խաղաղապահ և մարդասիրական առաքելություններով:

«Մենք նշում ենք օրը մի բանակի, որը 21-րդ դարի երրորդ տասնամյակ է մուտք գործում նոր զորային կառուցվածքով, կառավարման և ղեկավարման նորացված համակարգով, որն այսօր արագորեն առաջ է շարժվում մարդակենտրոն կառույց դառնալու ճանապարհով: Հետևողականորեն շարունակվում է խրախուսվել և առաջ մղվել ինտելեկտուալ, կիրթ զինծառայողի կողմից կարևոր որոշումների կայացման, դրանց հաջող իրականացման համար պատասխանատվության ստանձման մշակույթը, և ապացուցելով զինվորի հանդեպ պետության վերաբերմունքը, առավելագույն ջանք է գործադրում նրան ըստ արժանվույն հանդերձավորելու և սնունդով ապահովելու համար»,- նշեց նա:

Պաշտպանությանը նախարարը հավելեց, որ հայոց բանակն առաջնորդվում է «Անել առավել, քան» նշանաբանով:

Մենք նշում ենք օրը մի բանակի, որի սպաները ստանում են մասնագիտական կրթություն, պարտականության փոխարեն ունեն առաքելության կարևոր զգացումը, գիտակցում են, որ հանձն են առել մեր երկրում ամենապատասխանատու պետական ծառայությունը, և գիտակցում են նաև, որ մեր համազգային երազանքներն իրականացնելու ճանապարհին բոլորս պետք է անենք ոչ թե այնքան, ինչքան հանձնարարված է կամ ընդունված է կամ կարող ենք, այլ անել դրանից գոնե մի փոքր ավելին, առաջնորդվելով որդեգրված` «Անել առավել, քան» նշանաբանով»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]