1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը նշվեց նաև Գյումրիում

Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը նշվեց նաև Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը նշվեց նաև Գյումրիում:  Բանակի տոնի առթիվ Գյումրու կայազորում կայացավ հանդիսավոր միտինգ:

Տոնի առթիվ զինվորներին և սպաներին ողջունեց ՀՀ ԶՈՒ  հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի տեղակալ, գնդապետ Ռուբեն Գասպարյանը:  «Այսօր պատմական օր է մեզ համար, քանզի 28 տարի առաջ ստեղծվեցին հայկական զինված ուժերը: 28 տարի առաջ, երբ առաջին անգամ հայերեն հնչեց «Զգա՛ստ» հրամանը, պարզ դարձավ, որ պատմության մի նոր էջ է  բացվում՝ իրականանում է հայ ժողովրդի դարավոր իղձը՝ սեփական բանակ ունենալու իրողությունը: Մեր բանակը ստեղծվել է շատ դժվարին պայմաններում՝ Խորհրդային միության կազմալուծումը, Արցախյան պատերազմը, անկախության ձգտումը, ավերիչ երկրաշարժը. մի կողմից՝ վերականգնելով տնտեսությունը, մյուս կողմից՝ ամեն ինչ անելով, որ անառիկ պահի սահմանները: Փա՛ռք Աստծո,  հայոց բանակը հզորացավ և իր առաջին քայլերը պսակեց երևելի հաղթանակներով: Անցած 28 տարիները եղել են մաքառումներով տարիներ: Այսօրվա հարաբերական անդորրը մեզ պարտադրում է ունենալ մարտունակ բանակ»,-ՀՀ զինված ուժերին բարձր մարտունակություն մաղթելով և  շնորհավորելով բոլորին՝ նշեց գնդապետ Ռուբեն Գասպարյանը:

Տոնի առթիվ ներկաներին շնորհավորեցին նաև Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:

Հանդիսավոր պայմաններում, ի նշանավորումն Հայոց բանակի 28-րդ տարեդարձի, պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին իրենց ծառայությամբ աչքի ընկած սպաներին և զինվորներին: Միջոցառումը եզրափակվեց շարային հանդիսավոր քայլերթով:

Տոնի կապակցությամբ համերգային ծրագրով հանդես եկավ Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը: Կայազորին շնորհավորելու էին եկել նաև Գյումրու թիվ 11 դպրոցի աշակերտները:

Օրվա ընթացքում, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, երկրապահ կամավորները, այցելեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, մասնակցեցին Արցախյան հերոսամարտում ու ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների շիրիմներին պսակադրման և ծաղկեդրման արարողության:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]