Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

ԵԽԽՎ-ն անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում. Տաթև Հայրապետյանի ելույթը Ստրասբուրգում

ԵԽԽՎ-ն անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում. Տաթև 
Հայրապետյանի ելույթը Ստրասբուրգում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանն իր ելույթում անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա քսենոֆոբիայի  դրսևորումներին:

«Քանի որ մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա և Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակը, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա քսենոֆոբիկ դրսևորումների վրա: Մասնավորապես, ես ցանկանում եմ խոսել այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1990 թ. հունվարին՝ 30 տարի առաջ: Այդ ջարդերը դեռևս 20-րդ դարից Ադրբեջանի կողմից հայկական բնակչության հանդեպ իրականացվող խտրական քաղաքականության շարունակությունն էր: Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական Ճակատ» շարժման կողմից՝ Խորհրդային Ադրբեջանի անմիջական աջակցությամբ և թողտվությամբ իրագործված անմարդկային գործողությունները միջազգային քրեական իրավունքով նախատեսված ծանրագույն հանցագործությունների շարքին են դասվում: Կարևոր եմ համարում նշել, որ շատ սակավաթիվ ադրբեջանցիներ են եղել, որոնք համարձակվել են հանդես գալ այս գործողությունների դեմ և օգնել հայերին փրկվել: Նրանք ևս պետք է խոսեն այս դեպքերի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշել է Տաթև Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ Բաքվի ջարդերը քննադատվել են միջազգային կազմակերպությունների կողմից: Կարևոր է  համարում շեշտել, որ հայ բնակչության հանդեպ իրագործված բռնությունները քննադատվել են Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված երեք բանաձևերով: 1988թ. հուլիսի 7-ի բանաձևով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Խորհրդային իշխանություններին ԽՍՀՄ օրենքներին համապատասխան պատասխանատվության ենթարկել հայկական ջարդերի պատասխանատուներին և ապահովել Խորհրդային Ադրբեջանում ապրող 500 հազար հայ բնակիչների անվտանգությունը։ 1990թ. հունվարի 18-ին Եվրոպական Խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ կոչ է անում Եվրահանձնաժողովին և Եվրոպայի Խորհրդին աջակցել հայերին:  Երրորդ  քննադատող բանաձևն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից 1991 թ. մարտի 14–ին:

Ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողները դեռ չեն կրել իրենց արժանի պատիժը, ահա թե ինչու Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իր խտրական և հակահայկական քաղաքականությունը, ինչի արտացոլումն են 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ կացնահարումը Ռամիլ Սաֆարովի կողմից, որը ներկայումս Ադրբեջանում հերոսացվել է, 2016թ. ապրիլի ընթացքում Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների խոշտանգումները և սպանությունը: Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ ԵԽԽՎ շատ անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում: Բազմաթիվ հակամարտություններ կան Եվրոպայի Խորհրդի տարածքում, և ես հույս ունեմ դրանք բոլորը խաղաղ հանգուցալուծում կստանան, սակայն դրա կարևորագույն երաշխավորը մշտական պայքարն է և քննադատությունը խտրականության, ատելության և քսենոֆոբիայի դեմ»,-նշեց Տաթև Հայրապետյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ