1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը ներկայացրել է իրեն Հրայր Թովմասյանի կողմից ծառայություններ առաջարկելը հիմնավորող տվյալներ

Փաշինյանը ներկայացրել է իրեն Հրայր Թովմասյանի կողմից ծառայություններ առաջարկելը հիմնավորող տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է փաստեր առ այն, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել  Փաշինյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի գրառման մեջ նշել է. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ:

Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:

Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:

Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:

Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է:

Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:

Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:

Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:

Ինչեւէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի:

Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը:

Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետեւ հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել:

Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաեւ, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):

Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում:

Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»:

Մեկ այլ գրառման մեջ ՀՀ վարչապետն ընդգծել է. «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։

Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։

Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք»։

Կապանում հունվարի 25-ին հրավիրված ասուլիսում Փաշինյանը նշել էր, որ 2018-ի մայիսից սկսած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն առաջարկել է իր ծառայությունները: «2018-ի մայիսից սկսած՝ սկզբում ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքանով ինքը Սահմանադրության այս տեքստի հեղինակն է, կարող է պատմել բոլոր խութերի մասին, և մենք միասին կարող ենք անել չգիտեմ ինչ-ինչեր: Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»,-ասել էր Փաշինյանը:

Թովմասյանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ պահանջելով հրապարակել որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց՝ իրենց միջև շփումների մասին։

«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»,-չէր ուշացել Փաշինյանի պատասխանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]