Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար

Նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ 
Ծննդյան տաճար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար: Նրանց դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը:

Նախագահը և տիկինը շրջել են տաճարում, մոմ վառել, ունկնդրել հայ հոգևորականների կատարած շարականը և նրանց հետ միասին աղոթք հնչեցրել առ Աստված:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանը ողջունել է Հայաստանի նախագահի և տիկնոջ այցը սուրբ քաղաք՝ Բեթղեհեմ և նշել, որ ազգային մեծ հպարտություն է հայերի այստեղ գտնվելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածում հոգևորականների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «21-րդ դարի սկզբին ձեր առաքելությունը, որ սկսել եք հարյուրավոր տարիներ առաջ, նույն արժեքը, նույն նշանակությունն ունի այն օրվանից սկսած, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց այստեղ: Հետևաբար, հեռանալով այդ պատմական օրվանից, չի նշանակում, որ այդ օրվա նշանակությունն աշխարհի և մեր ժողովրդի համար նվազում է։ Ընդհակառակը՝ այն ավելանում է, քանի որ աշխարհն ավելի ու ավելի է Աստծո հավատքի և մարդկային արժեքների գնահատման կարիքն ունենում: Ձեր արածը հենց դա է՝ նվիրում Աստծուն և մարդկային արժեքների պահպանում, որը ես շատ բարձր եմ գնահատում:



Այստեղ պատմական, հոգևոր հայկական շունչ կա և, մտնելով այս տաճար, իսկապես, զգում ես հայկական ներկայությունը»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ «շատ էական է, որ ամեն ինչ անենք Սուրբ Էջմիածին և Երուսաղեմ կապն ավելի խորացնելու և ավելի կենդանի դարձնելու համար, միաժամանակ, ավելի խորանա ու ամրանա ձեր կապը հայրենիքի հետ»:

Հանրապետության նախագահը և Սրբազան Հայրը խոսել են նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության և իրականացվող առաքելության մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]