Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է անցած տարվա աշխատանքը

ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել 
է անցած տարվա աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության 2019 թվականի աշխատանքների հունվարի 23-ին տեղի ունեցած ամփոփման մասնակցել են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2019 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը:

«Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցվել է 10824 արտակարգ դեպք (2018 թ.` 8705), որոնց հետևանքով մահացել է 149 (2018 թ.` 144), մարմնական վնասվածքներ ստացել՝ 5200 (2018 թ.` 4904) մարդ։

2018 թվականի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն ավելացել են 2119-ով, վիրավորները` 296-ով, զոհերը` 5-ով։

Եղանակային շոգ պայմանների, մարդկանց գործունեության և այլ պատճառներով 2019 թվականը աչքի ընկավ տարբեր արտակարգ իրավիճակների, և հատկապես խոշոր հրդեհների մեծ քանակով։

Ելնելով ոլորտին առաջադրված խնդիրներից և մոտեցումներից՝ 2019 թվականին հիմնական ջանքերն ուղղված են եղել արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխման և հնարավոր հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, Երևան քաղաքի կառավարման մարմինների և ուժերի պատրաստության բարձրացմանը, ինչպես նաև Երևան քաղաքում առաջացած հրդեհների, կենցաղային կանչերի և տարբեր ահազանգերի արձագանքման արդյունավետության բարձրացմանը:

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների, վարչական շրջանների աշխատակազմերի և կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումների շրջանակներում 2019 թվականին շարունակվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ սերտ համագործակցությունը:

Հաշվետու ժամանակահատվածում ճշգրտվել են Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության, Երևան քաղաքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանման, Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները:

Համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ, ճշգրտվել և Երևանի քաղաքապետի հաստատմանն է ներկայացվել «Երևան քաղաքի անձնագիրը»։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություններից ստեղծվող աշխատանքային խմբի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել «Երևան քաղաքի բնակչության համալիր անվտանգության ապահովման հայեցակարգի» մշակման ուղղությամբ։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում նշեց, որ տարին հագեցած էր հրդեհներով՝ շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին դժվար և պատասխանատու աշխատանքի համար:

Նախարար Ցոլակյանը խոսեց հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին, հատկապես կանգ առնելով բազմաբնակարան շենքերում առկա հրդեհային անվտանգության խնդիրների վրա: Նախարարի խոսքով խնդիրներ են առաջանում բարձր հարկերում առաջացած հրդեհներին արձագանքելու մասով, և հայտնեց, որ արդեն կա նախնական համաձայնություն մրցույթ հայտարարելու և մինչև 60 մետր բարձրության վրա հրդեհաշիջում իրականացնող երկու մեքենաներ ձեռք բերելու վերաբերյալ:

Ֆելիքս Ցոլակյանն առաջնահերթ համարեց նոր կառուցվող շենքերը հակահրդեհային ժամանակակից միջոցներով ապահովելու խնդիրը, և այդ հարցում կարևորեց քաղաքապետարանի հետ համագործակցությունը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր գնահատեց հրշեջ-փրկարարների աշխատանքը և հավաստիացրեց, որ քաղաքապետարանը իրականացվող ծրագրերում առաջնահերթ դիտարկում է քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը: Քաղաքապետը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև կնքված պայմանագրով իրականացվելու է վտանգավոր թափոնների կառավարման ծրագիր, որի նպատակն է վտանգավոր թափոնների վնասազերծումը: Հայկ Մարությանը նաև նշեց, որ Երևան քաղաքում՝ համայնքային բյուջեի միջոցներով, ընթացիկ տարում նախատեսվում է 500 նոր վերելակի տեղադրում:

Երևանի քաղաքապետը նաև հայտնեց, որ իրենց ունեցած ջրատար մեքենաները և մյուս տեխնիկական միջոցները ցանկացած պահի կարող են տրամադրվել ԱԻՆ-ին:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն իր ելույթում խոսեց Երևան քաղաքում քաղաքացիական պաշտպանության, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական զինվածության, նյութատեխնիկական ապահովման բարձրացման, կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Գեներալ Գաբրիելյանի խոսքով հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառավարությունը 1 միլիարդ 170 միլիոն դրամ հատկացրեց՝ այդ թվում Երևան քաղաքում գտնվող հրշեջ-փրկարարական 32 ջոկատների, շենք շինությունների կապիտալ վերանորոգման, փրկարարների համար բարեկեցիկ կենցաղային պայմաններ ստեղծելու համար, ինչպես նաև առաջին անգամ 45-50 տոկոսով բարձրացվեց փրկարարների աշխատավարձը:

Փրկարար ծառայության տնօրենը հույս հայտնեց, որ ընթացիկ տարում, համատեղ իրականացվող քայլերի շնորհիվ, հնարավոր կլինի մայրաքաղաք Երևանը դարձնել առավել անվտանգ և ներկայանալի»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]