Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինացիները գիտեին, որ հայերը միշտ օգուտ էին բերում այն երկրին, որտեղ ապրում էին

Չինացիները գիտեին, որ հայերը միշտ օգուտ էին բերում այն երկրին, որտեղ ապրում էին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարամյակների բարեկամ ազգին ավելի խորապես հասկանալու համար Հայաստանում ուսանողները սովորում են ոչ միայն չին ժողովրդի լեզուն, այլ նաև պատմությունը, մշակույթը և հոգեբանությունը: Հայ-ռուսական համալսարանի Արտասահմանյան տարածաշրջանագիտություն ուղղության Չինագիտության բաժինը ուսանողների պակաս չունի: Համալսարանում ավելի քան 10 տարվա պատմություն ունեցող բաժնի շրջանավարտներից շատերն արդեն աշխատանքի են անցել Չինաստանում, իսկ դիմորդների թիվը տարեցտարի ավելանում է: Բուհի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Երվանդ Մարգարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Չինագիտության բաժնի ստեղծման գաղափարը սկզբնական շրջանում որոշ տարակուսանք է առաջացրել:

«Ես հիշում եմ, որ երբ այդ հարցն առաջին անգամ ծագեց մեր համալսարանի գիտական խորհրդում, շատերը չէին գիտակցում, թե որքան կարևոր է այդ պետությունը՝ չնայած, որ Չինաստանն արդեն դարձել էր աշխարհի երկրորդ տնտեսությունը: Բարեբախտաբար, մեր ղեկավարությունում ռազմավարական մտածողություն ունեցող անձինք են, ովքեր հեռուն են տեսնում: Նրանք ճիշտ գուշակեցին, որ դա իսկապես հեռանկարային ուղղություն է, և դիմեցին այդ ռիսկին: Այն իրեն արդարացրեց»,- ասաց Մարգարյանը:

Այսօր արդեն մեծ հետաքրքրություն առաջացնող բաժինն առաջին տարում շատ քիչ թվով դիմորդներ է ունեցել, ինչը, սակայն, չի հուսահատեցրել գաղափարի հեղինակներին:

«Սկզբում շատ քիչ մարդ ընդունվեց «Չինագիտություն» ուղղությամբ: Առաջին տարում մենք ունեցանք ընդամենը 5 ուսանող: Բայց տարեցտարի ուսանողների թիվն սկսեց աճել: Կարող էր և չաճել: Մեզանում հիմա էլ կան և եղել են ուղղություններ, որտեղ ուսանողների էական աճ չկա, բայց Չինագիտության բաժնում միանգամից եղավ: Նրանք շատ են սիրում իրենց մասնագիտությունը: Շատերի փոխարեն ծնողներն են ընտրում այդ մասնագիտությունը, ուղղակի ենթադրելով, որ դա հեռանկարային ուղղություն է, բայց ընկնելով մեզ մոտ 1-2 տարի հետո նրանք այնպես են սիրահարվում Չինաստանին, որ այն դառնում է իրենց մոլուցքը: Չինաստան գնալու մոտիվացիան նույնպես նրանց դարձնում է կրկնակի լավ մասնագետ»,- նշեց նա:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Չինագիտության բաժնի լավագույն ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնառության ընթացքում այցելել Չինաստան և այնտեղ անցնել պրակտիկայի մի մասը:

«Չինաստանը մեր ուսանողներին տալիս է հնարավորություն՝ ուսումնառության ընթացքում Չինաստանում պրակտիկա անցնելու: Դա լինում է տարբեր ժամանակահատվածներով՝ մեկ ամիս, երկու ամիս, կես տարի, մեկ տարի, մագիստրատուրան կամ ասպիրանտուրան ամբողջությամբ: Չինաստանում այժմ մեր ուսանողներից ու շրջանավարտներից ձևավորված շատ մեծ համայնք ունենք, ովքեր սովորում և աշխատում են: Ամեն տարի այս ուղղությամբ ընդունվում է միջինում 20-25 հոգի, որոնցից միջինում 10-15 հոգին ուսումնառության ընթացքում գոնե մեկ անգամ լինում են Չինաստանում»,- ասաց Մարգարյանը:

Պատմական գիտությունների թեկնածու Երվանդ Մարգարյանը նշեց, որ Չինաստանի նկատմամբ հետաքրքրությունը հայերի շրջանում առաջացել է դեռևս հազարամյակներ առաջ: Հայ առևտրականները հարյուրամյակներ շարունակ վայելել են չինացի բարձրաստիճան պաշտոնյաների համակրանքը:

«Հայ-չինական հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն, և հայ միջնադարյան հեղինակների աշխատություններում Չինաստանի մասին պատկերացումները շատ հետաքրքիր էին ու ուտոպիական: Նրանք համարում էին, որ Չինաստանն աշխարհի ամենագեղեցիկ և ամենահաջողակ երկիրն է: Հայերը միշտ հանդիսացել են շատ արդյունավետ միջնորդ Արևելք-Արևմուտք առևտրային կապերի համար: Հայերը Չինաստանում ունեցել են իրենց առևտրային ընկերությունները, և միշտ վայելել են չին կայսրերի, բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությունը, որովհետև չինացիները միշտ շատ են վստահել հայերին: Նրանք համարել են, որ հայերը շատ ազնիվ առևտրականներ են, և նրանց կարելի է տալ արտոնություններ: Չինացիները գիտեին, որ հայրը միշտ օգուտ են բերում այն երկրին, որում ապրում էին: Պատահական չէ, որ 16-րդ դարում իսպանացի առաքյալները, երբ փորձում էին թափանցել մեկուսացված Չինաստան, նրանք դա անում էին հայ առևտրականների անվան տակ, որովհետև հայ առևտրականները խնդիր չունեին Չինաստանում»,- նշեց Մարգարյանը:

Չինագիտության բաժնի ուսանողները սովորում են ոչ միայն չին ժողովրդի լեզուն, այլ նաև պատմությունը, մշակույթը և հոգեբանությունը: «Մենք նախապատրաստում ենք չինագետների՝ այդ բառի լայն իմաստով: Չինագետ եզրույթը ենթադրում է, որ այդ մասնագիտության տերը պետք է իմանա առաջին հերթին չինարեն, բայց պետք է հասկանա, թե ինչ է այսօր կատարվում չինական տնտեսության հետ, պետք է լավ տիրապետի չինական գրականությանը, կերպարվեստին, կինեմատոգրաֆիային, պատմությանն ու աշխարհագրությանը, էթնոհոգեբանությանը: Բոլոր այս բաղադրիչներն ընդգրկված են մեր առարկաների ցանկում»,- ասաց Երվանդ Մարգարյանը:

Հայ-ռուսական համալսարանում քիչ չէ նաև ազգությամբ չինացի ուսանողների թիվը, որոնք էլ իրենց հերթին ունեն հետաքրքրություն հայերենի նկատմամբ:

Նորայր Շողիկյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]