Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ինքնորոշման իրավունքի իրացման օրինակները 2019-ին

Ինքնորոշման իրավունքի իրացման օրինակները 2019-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնորոշման իրավունքի իրացման թեման 2019թ.-ին պարբերաբար ակտիվանում էր միջազգային դիսկուրսում: Որոշ դեպքերում դա պայմանավորված էր կենտրոնական իշխանությունների և ինքնորոշման ձգտող միավորների միջև քաղաքական հակասություններով, ապագայի վերաբերյալ պատկերացումների տարբերությամբ, իսկ որոշ դեպքերում էլ բխում էր քաղաքակիրթ երկխոսության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման խնդրից:

Անդրադառնանք 2019թ. ինքնորոշման իրավունքի իրացման խնդրի միջազգային մի քանի օրինակների:  

Նախորդ տարվա ընթացքում ինքնորոշման իրավունքի իրացման նախադեպ գրանցվեց Սողոմոնյան կղզիներում: Բուգենվիլ կղզին, որը մտնում է Պապուա Նոր Գվինեայի կազմի մեջ՝ 1975թ.-ին վերջինիս անկախանալուց ի վեր պայքարում էր սեփական պետություն ստեղծելու համար։ Արդյունքում 1990-ական թվականներին տեղի ունեցավ արյունահեղ քաղաքացիական պատերազմ, որը դադարեցվեց 2001թ. ՄԱԿ միջնորդությամբ և վերջինիս կողմից  մինչև 2020թ. ինքնորոշման հանրաքվեի անցկացման վերաբերյալ երաշխիքների տրամադրման պայմանով։ Ի վերջո, հանուն անկախության երկարատև պայքարը տվեց իր արդյունքը. 2019թ. նոյեմբերի 23-ին անցկացված հանրաքվեի ժամանակ Բուգենվիլի բնակիչների 97%-ը կողմ քվեարկեց անկախացմանը։ Բուգենվիլի անկախության հանրաքվեի հետ կապված հատկանշական է երկու հանգամանք.

  • հանրաքվեի շրջանակներում Բուգենվիլի բնակիչներին առաջարկվել էր ինքնորոշման իրավունքի իրացման երկու տարբերակ՝ բարձր ինքնավարություն և անկախություն,
  • Բուգենվիլի հանրաքվեն տեղի կենտրոնական ուժերի կողմից օրինական է ճանաչվել և Պապուա Գվինեայի իշխանություններն անգամ խոստացել են չխոչընդոտել պետականաշինության գործընթացին։

Անհրաժեշտ է ընդգծել, որ գործընթացը դեռևս վերջնականապես ավարտված չէ: Հանրաքվեի արդյունքները դեռ պետք է քննարկման դրվեն Պապուա Նոր Գվինեայի խորհրդարանում, որն էլ վերջնական որոշում կկայացնի։ Չի բացառվում, որ, ի տարբերություն միջազգային այլ օրինակների, Բուգենվիլի հանրաքվեի արդյունքների ճանաչումը համեմատաբար հեշտ ընթանա՝ հաշվի առնելով  կենտրոնական իշխանությունների կողմից ցածր հակազդեցության մակարդակով, ինչպես նաև տարածաշրջանային տերությունների համար երկրի ռազմավարական նշանակությամբ (պղնձի մեծ պաշարներով պայմանավորված)։

2019թ. ինքնորոշման իրավունքի իրացման հարցը առաջնային էր նաև Ֆրանսիայի խաղաղօվկիանոսյան ինքնավարություններից Նոր Կալեդոնիայում: 2019թ. հոկտեբերի 10-11-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի և Նոր Կալեդոնիայի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքում որոշվեց, որ Նոր Կալեդոնիայի անկախության հարցով արդեն երկրորդ հանրաքվեն կանցկացվի 2020թ. սեպտեմբերի 6-ին: Դեռ 1998թ.-ին ընդունված Նումեայի համաձայնության՝ կալեդոնացիները ունեն անկախության հանրաքվեի անցկացման 3 հնարավորություն։  Առաջին՝ 2018թ. նոյեմբերի 4-ին Նոր Կալեդոնիայում անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչության 60%-ը դեմ է արտահայտվել Ֆրանսիայից անկախացմանը, և հատկանշական է, որ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ էին ընդունել հանրաքվեի ցանկացած արդյունքները։ Հանրաքվեի բացասական արդյունքները կարելի է պայմանավորել խաղաղօվկիանոսյան այս շրջանի սերտ կապերով Եվրոպայի հետ. Ֆրանսիայից անկախացումից հետո Նոր Կալեդոնիայի համար կարող են լուրջ քաղաքական և տնտեսական խնդիրներ առաջանալ, պայմանավորված՝ դեպի Եվրոպա արտահանվող  ոսկու, նիկելի, կոբալտի, երկաթի և այլ մետաղների արտահանման հնարավոր բարդությամբ։ Անկախ 2020թ. հանրաքվեի արդյունքներից, դրա կազմակերպման փաստն ինքնին ինքնորոշման իրավունքի իրացման կարևորագույն օրինակ կարող է լինել:

2019թ.-ին անկախության ձգտող Կատալոնիայում պարբերաբար նկատելի էր լարվածության աճ: Դա պայմանավորված էր Իսպանիայի դատարանի կողմից շուրջ երկու տարի քննված կատալոնացի ինը առաջնորդների (երկրամասի նախկին ղեկավարներ և Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպիչների) 9-13 տարի ժամկետով ազատազրկմամբ ու Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ձերբակալելու հրամանով, որից հետո վերջինս ինքնակամ հանձնվեց Բելգիայի ոստիկանությանը։ Հանրային դժգոհությունները  նկատելի էին ողջ տարվա ընթացքում և հատկապես հոկտեմբերին Բարսելոնայում և Կատալոնիայի մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, որոնք ուղեկցվում էին ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով և ձերբակալություններով։ Հատկանշական է, որ ի տարբերություն 2017թ. և 2018թ. ցույցերի, այս անգամ դրանց պատճառած վնասներն առավել մեծ էին, թե՛ տուժածների թվի, թե՛ հասցված նյութական վնասի առումով։

Այս ամենի ֆոնին նոյեմբերին Իսպանիայում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մինչ խորհրդարան անցած ուժերը փորձում էին կոալիցիա ձևավորել, Կատալոնիայի խորհրդարանը նոյեմբերի 12-ին բանաձևի նախագիծ ընդունեց «ինքնորոշման իրավունքի իրացման» մասին, որը բողոքարկվել է Իսպանիայի կառավարության կողմից՝ այն որակելով որպես Իսպանիայի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումների խախտում։

2019թ. ինքնորոշման հարցն ակտիվորեն քննարկվեց նաև Շոտլանդիայում:  Տարեվերջին Շոտլանդիայի կառավարությունն ազգային կուսակցության առաջին նախարար և առաջնորդ Նիկոլա Սթերջենի գլխավորությամբ պաշտոնապես դիմել է Լոնդոնին՝ խնդրելով թույլ տալ անցկացնել  տարածաշրջանային անկախության վերաբերյալ նոր հանրաքվե։ Այս կապակցությամբ հրապարակվեց նաև հայտարարություն՝ «Շոտլանդիայի ընտրելու իրավունքը. Շոտլանդիայի ապագան Շոտլանդիայի ձեռքերում  է» անվանումով: Ըստ փաստաթղթի՝ «2014թ. հանրաքվեից, 2016թ. Շոտլանդիայի խորհրդարանական ընտրություններից և 2019թ. դեկտեմբերին ՄԲ խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք հանգամանքներ են փոխվել և այդ պայմաններում շոտլանդացիներն իրավունք ունեն մեկ անգամ ևս որոշել սեփական ճակատագիրը»։ 2020թ. հունվարին Բորիս Ջոնսոնը մերժեց Շոտլանդիայի դիմում-խնդրանքը, նշելով, որ «2014թ. հանրաքվեն արդեն իսկ արտահայտել է այս սերնդի դիրքորոշումը»։

Շոտլանդիայում անկախացման տրամադրությունների ակտիվացումը կարելի է պայմանավորել նաև ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացով: 2014թ. հանրաքվեի ժամանակ Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն կողմ արտահայտված մեծ թվով շոտլանդացիների համար առաջնային գործոն էր Բրիտանիայի ԵՄ անդամակցության հանգամանքը: Ավելին, Շոտլանդիան դեմ է արտահայտվել նաև Բ. Ջոնսոնի գլխավորած Բրեքսիթի գործարքին: Սակայն, Ջոնսոնն անդրդվելի է և հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն, ինչն, անշուշտ, Շոտլանդիայում առավել կսրի կենտրոնախույս տրամադրությունները:

Հատկանշական է, որ Բրեքսիթի գործընթացի նկատմամբ անտարբեր չեն նաև Հյուսիսային Իռլանդիայում: Հյուսիսային Իռլանդիան ևս պաշտոնապես դեմ է արտահայտվել Բ. Ջոնսոնի գլխավորած Բրեքսիթի գործարքին: Թեև Հյուսիսային Իռլանդիան շարունակելու է մնալ ԵՄ միասնական շուկայի մաս, սակայն որպես Մեծ Բրիտանիայի մաս, լինելու է այլ մաքսային տարածքում: Փաստացի, Հյուսիսային Իռլանդիայի և ԵՄ անդամ հանդիսացող Իռլանդիայի միջև առաջանալու են մաքսային բաժանարարներ, ինչն, անշուշտ, իռլանդացիների շրջանում չի կարող չառաջացնել դժգոհություն: Թերևս դրանով էր պայմանավորված, որ 2019թ. ընթացքում իռլանդական տարբեր քաղաքական շրջանակներ առավել ակտիվ էին խոսում Հս. Իռլանդիայի կարգավիճակի և վերամիավորման խնդրի մասին:

Այսպիսով ինքնորոշման իրավունքի իրացման հարցը աշխարհի տարբեր երկրներում շարունակում է մնալ արդիական: Թեև այս հարցի շուրջ տարբեր կողմերի տարաձայնություններին, դրանք  2019թ. չհանգեցրին ճգնաժամային իրավիճակների: Ավելին, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկու միավորներ՝ Բուգենվիլը և Նոր Կալեդոնիան սկսեցին ինքնորոշման իրավունքի իրացման գործընթաց, որոնց ընթացքն առավել քան ողջունելի է՝ հաշվի առնելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս գործընթացների վերջնարդյունքներին ականատես կլինենք 2020թ.-ին, սակայն պետք է արձանագրել, որ այդ երկու գործընթացներն ինքնին արդեն արդյունք են և իրենց ընթացքով կարող են դառնալ օրինակելի:  

 

Գոհար Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]