Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ում շարունակվում են ԼՀԿ-ի նախաձեռնած քննիչ հանձնաժողովի ստեղծման շուրջ բանավեճերը

ԱԺ-ում շարունակվում են ԼՀԿ-ի նախաձեռնած քննիչ հանձնաժողովի ստեղծման շուրջ 
բանավեճերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվեցին Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն և այլ հարցեր ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը չհաստատելու  շուրջ թեժ բանավեճերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 23-ի նիստում մեկ այլ նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը` հիշեցնելով, որ Սահմանադրության 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ նախագահն ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը:

«Ես ուզում եմ Ձեզ հարց ուղղել, թե ինչու դուք չեք ապահովում ԱԺ բնականոն գործունեութունը` կապված այն իրավիճակի հետ, որ ԱԺ մեկ քառորդի ստորագրություններ են հավաքվել և, ըստ էության, իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը չի կարող գործել: Եթե խորհրդարանի ցանկացած հանձնաժողով չի գործում, նշանակում է, խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը։ Ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք ապահովել բնականոն գործունեությունը»,-ասաց Մարուքյանը` դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Արարատ Միրզոյանն արձագանքեց` նշելով, որ Մարուքյանի օգնության կարիքը բնավ չունի: «Կարծում եմ, որպես փորձված իրավաբան, դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահն այդ քննարկվող հարցի առնչությամբ իր իրավասությունների շրջանակում ինչ կարող էր և պարտավոր էր անել, արել է: Մնացյալը` հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը քվեարկվում է ԱԺ լիագումար նիստի ընթացքում, պատգամավորներն իրենց քվեարկության մեջ ազատ են: Մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության այս կամ արդյունքի մեջ, ինձ թվում է, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը: Խորհուրդ կտայի, որ եթե դուք օգնություն եք առաջարկում, ապա դիմեք այլ իրավաբանների օգնությանը` Ձեզ համար այս հարցը պարզելու նպատակով»,-նշեց Միրզոյանը:

Հաջորդ նախագծի քվեարկությունից առաջ կրկին վարման կարգով ձայնի իրավունք վերցրեց Էդմոն Մարուքյանն ու արձագանքեց Միրզոյանին: «Ըստ Ձեր պատասխանի` դուրս է գալիս, որ դուք ոչ թե քաղաքական որոշում ունեիք որպես թիմ, այլ ուղղակի դուք ուզում էիք, որ ստեղծվի հանձնաժողովը և ունենա կազմ, բայց պատգամավորներն ազատ են քվեարկել, և այդ կազմը տապալվել է, կամ չեն մասնակցել քվեարկությանը` չնայած այն հանգամանքին, որ ձեր խմբակցության ղեկավարը հայտարարել էր, թե դեմ են քվեարկելու, հետո հայտարարեց, որ չեն քվեարկելու: Դուք, որպես քաղաքական թիմի կարևոր ներկայացուցիչ, հայտարարություն եք արել, որ թիմը խնդիր չի տեսնում, և քննիչ հանձնաժողովը կարող է գործել: Երեկ հարց ու պատասխանի ժամանակ պարզվեց, որ դուք քաղաքական որոշումով եք տապալել հանձնաժողովի ձևավորումը, բայց հիմա պատասխանում եք, որ պատգամավորներն ազատ են քվեարկել»,-ասաց Մարուքյանը:

Միրզոյանը նշեց` Մարուքյանը, ըստ էության, լավ չի հասկացել երեկ վարչապետի ասածը: Նա շեշտեց, որ ճիշտ հակառակը, ՔՊ վարչությունում, այդ թվում և  քաղաքական թիմի քաղաքական կամքը եղել է օժանդակել ընդդիմադիրների կողմից կասկածի տակ դրվող ոլորտի հետ կապված հարցերը: «Մենք քաղաքական կամք ենք ունեցել գնալ մինչև վերջ: Վարչապետը ուրիշ բան էր ասում, ասում էր, թե ընթացքում պարզվեց, որ իրավական խնդիրներ կան այս հանձնաժողովի գործունեության համար: ԱԺ-ն, ըստ էության, իրավասու չէ այդ հարցը քննել: Դուք սխալ եք հասկացել: Իսկ մենք մեր հայտարարություններին ինչպես միշտ տեր ենք եղել, այնպես էլ հիմա ենք տեր»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ձայնի իրավունք վերցրեց և նշեց` «դեմ» դիրքորոշումը կարող է արտահայտվել ինչպես «դեմ» քվեարկելով, «ձեռնպահ» քվեարկելով կամ էլ, ընդհանրապես, քվեարկությանը չմասնակցելով: «Այնպես  որ, այստեղ որևէ խնդիր առնվազն ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է քաղաքական որոշումներին, նորից եմ ասում, որ մեր դիրքորոշման ելակետն եղել է իրավականը, եղել է օրենքների շրջանակում Սահմանադրությանը և գործող օրենքներին հետևելը: Եվ, հակառակը, մենք կարծում ենք, որ քաղաքական որոշումները, մասնավորապես, ձեր խմբակցության կողմից չեն կարող ավելի գերադասելի լինել իրական կարգավորումներից: Այնպես որ, այստեղ բացառապես գործ ունենք իրավական գործընթացների հետ»,-ասաց նա:

Հաջորդ նախագծի քվեարկությանը Մարուքյանը կրկին վարման կարգով ձայնի իրավունք վերցրեց և արձագանքեց, վերջինիս արձագանքեց նաև Արարատ Միրզոյանը:

Հունվարի 22-ին ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցությունը չքվեարկեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցին:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, սակայն անդամների թիվը հաստատելու մասին որոշման նախագիծը չի ընդունվել, ինչը հանգեցրել է կազուսային իրավիճակի: ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է հետագայի համար մեխանիզմներ մշակել այսպիսի իրավիճակի համար, իսկ մինչ այդ այլ ելք մտածել այս հարցում:

2019 թ. դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am