Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպորտի միջոցով զարգացնել տուրիզմը, տուրիզմի միջոցով` սպորտը. Աշոցքը ձմեռային տուրիզմի նոր կենտրոն

Սպորտի միջոցով զարգացնել տուրիզմը, տուրիզմի միջոցով` սպորտը. Աշոցքը ձմեռային 
տուրիզմի նոր կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հյուսիսային Աշոցք համայնքը հեռանկար ունի դառնալու ձմեռային տուրիզմի և դահուկասպորտի կենտրոններից մեկը. սպորտի միջոցով զարգացնելով տուրիզմը, տուրիզմի միջոցով` սպորտը: Աշոցքի ներկայիս այցեքարտերից մեկը տարվա մեծ մասը ձյան առկայությունն է և Միքայելյան ընտանիքը. նրանք արդեն տասնյակ տարիներ ապրում են դահուկասպորտով: Ընտանիքի երկու որդիները` Սերգեյը և Միքայելը, Հայաստանի հավաքականի անդամներ են և երկիրը ներկայացրել են Օլիմպիական խաղերում: Ալլա և Արթուր Միքայելյանները դահուկային սպորտի մարզիչներ են: Նրանք իրենց տանը կից ունեն նաև փոքրիկ հյուրատուն` արտասահմանից հյուրընկալվող մարզիկների, ինչպես նաև ձմեռային մարզաձևերով հետաքրքրվող տուրիստների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արթուր Միքայելյանը շեշտեց, որ հեռանկարային կենտրոն լինելուց զատ, Աշոցքին հարկավոր է մարզադպրոց, որը նաև աշխատատեղ կլինի գյուղի բնակիչների համար:  «Հիմա քիչ թե շատ հետաքրքրությունը կա եվրոպական երկրների տուրիստների կողմից: Եվրոպայում դահուկասպորտում գերհզոր պետությունները հետաքրքրված են այստեղ հավաքներ անցկացնելով»,-շեշտեց Միքայելյանը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով` Աշոցքը կարող է դառնալ ողջ տարին գործող մարզական կենտրոն` որտեղ կլինեն արշավական խմբեր, հեծանվային արշավներ, և հաշվի առնելով Արփա լիճը մոտ լինելը, ինչու ոչ` նաև թիավարության կենտրոն: Աշոցքում կգործի դահուկային սպորտի և ձմեռային տուրիզմի ակադեմիա: 

«Աշոցքում հիմա չկան ենթակառուցվածքներ, թեպետ կա փոքրիկ կենտրոնը, որտեղ 14 անձի համար նախատեսված են կեցության պայմաններ: Մեր պատկերացմամբ՝ այնտեղ կարող ենք ստեղծել փոքրիկ ճոպանուղի` բուգել, և ժամանցի համար նախատեսված այլ կենտրոններ»,-շեշտեց նա: Հյուրընկալությունից և ստացած վերաբերմունքից ոգևորված հյուրերը ցանկություն են հայտնում մնալու առավել երկար, քան նախատեսում էին:

Այժմ Շվեյցարիայից մարզիկը, որը մասնակցում էր Հայաստանի առաջնությանը, ցանկություն է հայտնել ևս մեկ շաբաթ աշխատել մարզիչների հետ: «Կառավարությունն սկսել է գոտիավորել Աշոցքի տարածքը, և դրանից հետո առավել հասանելի կլինի ներդրումային ծրագրում ընդգրկելը: Մենք կարող ենք սպորտի միջոցով զարգացնել տուրիզմը, տուրիզմի միջոցով` սպորտը»,-ընդգծեց Սարգսյանը:

2022 թվականի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ, դիպուկ աշխատանքի դեպքում շատ երկրներ կցանկանան մարզումներ անցկացնել Աշոցքում, քանի որ այն ծովի մակարդակից բարձր է մոտ 2000 մետր, ինչը մոտ է Պեկինի բարձրությանը (մոտ 1700 մետր): «Պետք է, որ այնտեղ առաջնահերթ ունենանք անվադահուկային ճանապարհ, այդ դեպքում հարյուրավոր մարզիկների կհյուրընկալենք»,-եզրափակեց Դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանն ընդգծեց, որ Աշոցքը հեռանկար ունեցող տարածաշրջան է: Հայաստանի համար այն եզակի տարածքներից , որտեղ ձյունը պահպանվում է երկար ժամանակ: «Աշոցքը շատ հարմար գոգավորություններ ունի: Այն ունի միջազգային մասնագետների կողմից որակավորված երկրորդ դասի վազքուղի, սակայն մեր խնդիրն է տուրիզմի ոլորտում այն մասսայականցնել»,-ասաց նա:

Ոսկանյանի խոսքով` առաջնահերթ խնդիրը հյուրընկալման համար հաստատությունների բացակայությունն է:  

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]